Դիրքավորում է ստեղծվել հին առանցքով՝ ովքե՞ր են կողմ հեղափոխությանը, եւ ովքե՞ր՝ դեմ

Սերժ Սարգսյանի օրոք ձեւավորվել էր քաղաքական, հասարակական գործիչների խումբ, որը հանդես էր գալիս որպես արեւմտյան արժեքների կրող, Հայաստանի տեղն ու դերը տեսնում էր Արեւմուտքում եւ անողոք քննադատում էր երկրի ղեկավարի քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ պնդում էին, թե Սերժ Սարգսյանը խորացրել է վասալային կախվածությունը Ռուսաստանից, ՀՀ-ն դարձրել է ՌԴ-ի գաղութը։ Նրանք պարբերաբար հրավիրում էին սեմինարներ եւ քննարկումներ, խոսում օր առաջ ՌԴ-ի գաղութացումից ազատագրվելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, քննադատում ՌԴ նախագահ Վլ․ Պուտինին։ Արեւմտամետների այսօրինակ քայլերն, իհարկե, մեծ հաշվով չէին անդրադառնում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, սակայն հենց Սերժ Սարգսյանին մանեւրելու հնարավորություն էին տալիս բարդ իրավիճակներում։

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման մայրամուտին, 2017թ․ նոյեմբերի 24-ին հասցրեց ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանի համար ճանապարհ է բացում դեպի եվրաինտեգրում։ Իշխանափոխությունից հետո արեւմտյան հայացքների տեր հասարակական մի շարք գործիչներ տեղ գտան Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում՝ առաջացնելով ՌԴ-ի դժգոհությունը։ Իսկ կառավարությունից դուրս մնացած ՀԿ եւ քաղաքական գործիչներն էլ կարծես թե մի կողմ են քաշվել։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, որի ղեկավարած կառույցը պարբերաբար հրավիրում է մասնագիտական քննարկումներ, մեր այն դիտարկմանը, թե արդյոք գոհացնո՞ղ է նոր իշխանությունների քաղաքականությունն արտաքին ճակատում, արձագանքեց․

«Սկսենք նրանից, որ այսօր օբյեկտիվ առումով քաղաքական դիրքավորման տեսանկյունից կա կարեւոր խնդիր։ Դեռեւս նոր իշխանությունների մոտեցումները արտաքին եւ ներքին քաղաքականության առումով ամբողջականացված չեն։ Հետեւաբար տարբեր քաղաքական ուժերի, անհատների համար դժվար է կողմնորոշվել, թե որն է արտաքին քաղաքական կուրսը (թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռեւերսներ չեն լինելու արտաքին քաղաքականության մեջ)։ Այդ քաղաքականությունն ամբողջական չէ բոլոր ուղղություններով։ Խոսել արեւմտամետների, եվրոպամետների նույնական դիրքորոշումների մասին՝ ճիշտ չի լինի, որովհետեւ նրանցից որեւէ մեկը, որքան գիտեմ, չի բացառել որեւէ այլ ուղղությամբ Հայաստանի զարգացումը։ Բոլորն էլ ուղղակի խոսել են ավելի կամ պակաս չափով եվրոպական ինտեգրացիան արագացնելու մասին։ Հետեւաբար՝ չկա այնպիսի մի պատճառ, որ հակադրությունն ունենա քաղաքական բովանդակություն։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ գործող իշխանության շեշտադրումները կարող են համահունչ լինեն Ձեր նշած քաղաքական կատեգորիաների ներկայացուցիչների տեսակետներին։

Ոմանք պնդում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, այնտեղ անելիք չունի, ոմանք կառույցին լուրջ չեն վերաբերվում, այնտեղ չեն տեսնում բազմակողմ համագործակցության հեռանկար, հետեւաբար նաեւ խնդիր չեն տեսնում, որ այդ անբովանդակ ամանի մեջ մնալով անհնար չէ զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ավելի խորն ինտեգրվել այդ ինտեգրացիոն նախագծի շրջանակներում, այդ թվում նաեւ՝ բազմակողմ ձեւաչափով եւ կառուցել եվրոպական տիպի պետություն»։ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ թե՛ հեռացող իշխանության, թե՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը մեկ այլ դիրքավորում են ստեղծել տակավին հին առանցքով՝ ովքե՞ր են կողմ հեղափոխությանը, եւ ովքե՞ր են դեմ դրան։ Եվ այստեղ գաղափարախոսությունն ու արտաքին քաղաքական կողմնորոշումները դեր չունեն։

Մեկնաբանություն
X