Վստրեչի Ապերը վաղուց է ազատ արձակվել

Քրեական հայտնի հեղինակութուն համարվող Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, վաղուց է ազատ արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նշենք, որ մամուլում միայն օրերս էր հրապարակում եղել նրա ազատ արձակման հետ կապված։

Պաշտպանի խոսքով՝ տվյալ երկիրն է որոշում ազատ արձակել անձին, իսկ նա գտնվել է Դուբայի կալանավայրում։ «Հանձնման գործընթացը երկարատեւ գործընթաց է, տեւողությունից կախված այդ մարդուն կարող է ազատ արձակել, անվերջ չի կարող պահել։ Ինքն է որոշում, ինչը եւ արվել է։ Անկախ նրանից՝ հիմա Հայաստանում կա հետախուզում, չկա հետախուզում, կալանք կա, կալանք չկա, այդ երկիրը որոշել է, որ ինքը պետք է ազատության մեջ լինի։ Հետախուզումով էլ է հայտնաբերված, ինքը դեռ այն ժամանակ ասել էր, որ ապօրինի եք ինձ հետախուզում, հայտարարել էր, որովհետեւ իրեն նույնիսկ տեղյակ չէի պահել ու չէին կանչել, հետախուզում էին հայտարարել։ Ասում էր՝ դադարեցրեք էդ ամեն ինչը, որ կարողանամ գալ։ Հիմա էլ ամեն ինչ արվում է, որ ինքը չգա Հայաստան»։

Հարցին՝ ինչի՞ դիմաց է ազատ արձակվել Վարդանյանը, պաշտպանը նշեց, որ այդ հարցին չեմ կարող պատասխանել։

Նշենք, որ Արամ Վարդանյանը միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։

Ըստ ՀՔԾ պաշտոնական տեղեկատվության՝ Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին: Արամ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X