12- ամյա պետական աշխատանքից հետո հանգստանալու ցանկություն ունեմ

2015 թվականից Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար հանդիսացող Վլադիմիր Հակոբյանը վայելում է իր հանգիստը։ Մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքի առաջարկներ չի ստացել, մոտ ապագայում հնարավոր է, որ ինքը անձամբ ինչ-որ բաներով զբաղվի, սակայն այժմ 12 -ամյա պետական աշխատանքից հետո անցել է հանգստի․

«Էս պահին կոնկրետ ոչնչով չեմ զբաղվում, վայելում եմ վաստակածս հանգիստը, 12-ամյա պետական աշխատանքից հետո որոշ ժամանակ հանգստանալու ցանկություն ունեմ։ Աշխատանքի առաջարկներ չունեմ, չեմ քննարկել, առաջիկայում ինքս ինչ-որ բաներ կձեռնարկեմ աշխատանքի հետ կապված, բայց աշխատանքի ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր չեմ ձեռնարկում»։

Մամուլում լուրեր տարածվեցին, որ երկրում իշխանափոխությունից հետ պաշտոնաթող նախագահի մամուլի խոսնակը նշանակվել է ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ, հետագայում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հերքեց այդ լուրերը՝ չնայած, որ նախապես հաստատել էր՝ մասնավորապես ասելով․ «Վլադիմիր Հակոբյանը հանդիսանում է ԱԱԾ սպա, զինծառայող, որը գործուղղված էր նախագահի աշխատակազմ` որպես մամուլի քարտուղար։ Վերջինս իր ծառայությունն ավարտելուց հետո գտնվում է ԱԱԾ կադրերի ռեզերվում»։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ էր ԱԱԾ խոսնակը նախապես հաստատել այդ լուրերը, Գալստյանը պատասխանել էր․ «Տեղի էր ունեցել շփոթմունք, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ»։

Վլադիմիր Հակոբյանին հարցրինք, թե ի՞նչ հունով ընթացան այդ զրույցները, և ի՞նչ կապ ունի Հակոբյանը ԱԱԾ-ի հետ ներկայումս․ «Մամուլը ինձ տեղավորեց աշխատանքի, մամուլն էլ հեռացրեց աշխատանքից։ Կա ԱԱԾ լրատվական ծառայության պաշտոնական հայտարարությունը, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, այդ հայտարարության հաջորդ օրը եղավ նաև ԱԱԾ տնօրենի պարզաբանումը, ես այժմ գտնվում եմ ԱԱԾ պահեստազորում»։

Այսինքն՝ կարող է ամեն պահի իրեն կրկին հրավիրե՞ն ԱԱԾ աշխատանքի․

«Չէ, դա գործող պահեստազորը չէ, ես ծառայությունից արձակված եմ, բայց գտնվում եմ ԱԱԾ պահեստազորում, դրանք տարբեր բաներ են»։ Սակայն խնդիրն այն է, որ այս լուրը մամուլը չի հորինել, հենց ԱԱԾ խոսնակն էր հաստատել։ Հարցրինք, թե ինչպե՞ս է լինում, որ նախ հաստատում են իր նշանակման մասին լուրը, հետո հերքում․ «Ես չեմ կարող ու իրավասու էլ չեմ մեկնաբանելու, խորհուրդ կտամ՝ ի գիտություն ընդունեք ԱԱԾ լրատվականի պաշտոնական վերջին հայտարարությունը, որ այդ լուրերը չեն համապատասխանել իրականությանը»։

Հարցրինք, թե ի՞նչ է նշանակում «գործուղղվել որպես նախագահի խոսնակ», այսինքն՝ նա այդ պահին ԱԱԾ աշխատո՞ղ էր, բայց չէ՞ որ նախագահի մամուլի խոսնակը պետական այլ պաշտոն է․ «Գործող օրենսդրությամբ, Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքի համաձայն, հիմա չգիտեմ փոփոխվել է, թե չէ, նախագահի և վարչապետի հանձնարարությամբ՝ ԱԱԾ աշխատակիցները կարող են գործուղղվել պետական այլ մարմիններ՝ այլ աշխատանքի։ Դա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն է եղել»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X