Ընդունելության քննությունները ֆիկտիվ բնույթ են կրում

Դպրոցականների ավարտական քննությունները միասնական-կենտրոնացված կարգով անցկացնելը ոլորտի փորձագետների կողմից միանշանակ չի ընդունվել։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախատեսվում է ավարտական քննություններն անցկացնել Գնահատման և թեստավորման կենտրոնի վերահսկողությամբ։

Փորձագետները նշում են, որ կրթական այդպիսի փոփոխությունները վաղաժամ են, և բոլոր դպրոցները պատրաստ չեն ընկնել ԳԹԿ-ի վերահսկողության բեռի տակ։ Տարբեր դպրոցներում նույն ուսումնական ծրագրերը դասավանդվում են տարբեր որակներով, իսկ ընդամենը մեկ տարում բոլոր դպրոցների «ամրագոտիները ձգելը» գրեթե անհնար է լինելու։ Պատճառն այն է, որ դպրոցի ավարտական քննություններն ընկալվել ու ընկալվում են որպես տնայնավարությամբ անցկացվող միջոցառումներ․ «Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, եւ այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենեւին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն եւ ամենեւին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

Քննությունների կարգի փոփոխությունների մասին զրուցել ենք ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանի հետ։

-Պարոն Աթայան, շտապողականություն չէ՞ արդյոք քննությունների կարգի այսպիսի փոփոխությունը, և, առհասարակ, այս ոլորտում կտրուկ շրջադարձերն ինչի՞ կարող են հանգեցնել։

-Ես դեռ մի քիչ վատ եմ պատկերացնում, թե խոսքն ինչին է վերաբերում։ Վստահ չեմ, որ խոսքը վերաբերում էր բոլոր քննություններին։ Նախ, ես կուզեի իմանալ՝ խոսքը լրիվ նո՞ւյն պահանջներով քննությունների մասին է (շտեմարաններով), թե՞, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ են ենթադրվում։ Միայն ելնելով դրանից կարող եմ վերջնական կարծիք ձևավորել։ Ընդհանուր առմամբ՝ ես հարում եմ մանկավարժական այն ուղղությանը, որում քննություններին առհասարակ դրական նշանակություն չեն տալիս։ Ավարտական բոլոր քննությունների՝ ԳԹԿ-ի վերահսկողությամբ անցկացնելը դրական քայլ կարող է լինել, օրինակ, այն իմաստով, որ գոնե մեկ անգամ հնարավոր կլինի ընդհանուր պատկեր ստանալ։ Այստեղից կարող ենք եզրակացնել՝ խաբե՞լ ենք ինքներս մեզ, թե՞ ոչ։ Մյուս կողմից կարող ենք հասկանալ՝ այն պահանջները, որ մենք դնում ենք երեխաների առաջ, իրատեսակա՞ն են, թե՞ չէ։ Մոնիթորինգի, իրավիճակը գնահատելու տեսանկյունից դա կարող է միանշանակ օգտակար քայլ լինել։ Սակայն ես կարծում եմ՝ ինչքան քիչ ենթարկենք երեխաներին նման փորձությունների, այնքան լավ։ Եթե կա իրավիճակը հստակեցնելու խնդիր, ապա դա անհրաժեշտ է, իսկ ընդհանրապես՝ ոչ այնքան։

-Կարծեք թե բոլորն են համաձայն, որ քննությունների անցկացման կարգը փոփոխությունների կարիք ունի․․․

-Ես կարծում եմ, որ արմատական փոփոխությունների կարիք ունեն և՛ ավարտական , և՛ միասնական քննությունների համակարգը։ Ընդունելության քննությունները ֆիկտիվ բնույթ են կրում, որովհետև դուք կարող եք շատ ցածր միավորներով ընդունվել, միայն թե հետո վճարեք ուսման համար։ Մյուս կողմից՝ աբսուրդային պահանջներ են դրվում, քանի որ, օրինակ, եթե մեկն ուզում է անգլերենի կամ պատմության մասնագետ դառնալ, ապա ընդունվելու համար ինքն արդեն պիտի իմանա այդ առարկաները։ Սա սխալ մոտեցում է։ Ավարտական քննություններն էլ, ըստ իս, շատ հարմար են կեղծ պատկեր ստեղծելու համար։ Իրականում շրջանավարտի հասունությունը դրանով ոչ մի կերպ չի պարզվում։ Քննությունը շատ վատ գործիք է հասկանալու, թե դպրոցը կատարե՞լ է իր առջև դրված խնդիրը, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ շատերը լավ անգիր սովորել գիտեն, բայց նրանք ի վիճակի չեն երկու նախադասություն ինքնուրույն գրել։ Կեղծ չափանիշներից ելնելով ենք երեխաներին «աշխարհ թողնում»։

Կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնից հաղորդում են, որ նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումներ անպայման կկազմակերպվեն։ Այժմ դրանք ընթանում են գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումների միջև։

Սլավա Բադալյան

Մեկնաբանություն
X