Ինչպե՞ս են օգնում Քոչարյանին

Մարդը ե՞րբ է գոռում։ Երբ վտանգ է զգում։ Ե՞րբ է ավելի բարձր գոռում։ Երբ ավելի մեծ վտանգ է զգում։ Սա հոգեբանական պարզ ճշմարտություն է։ Իսկ հիմա նայենք մեր շուրջը։ Քաղաքական որոշ գործիչներ, անհատներ գոռում- գոչյունով «արջի ծառայություն են մատուցում» նոր կառավարությանը՝ իբր թե «քլնգելով հակահեղափոխության գլավարներին»։

Քիչ է մնում խնդրես՝ հարգելիներս, մի կողմ քաշվեք, շատ էլ թե տաշեղի նման այս ու այն կողմ եք թռչում, մինչև մի տեղ հանգրվանեք, հանգստացեք ու քիչ գոռացեք։ Գործեք հանգիստ, սթափ, հավասարակշռված, առանց շտապելու, ինքնավստահ։ Ձեզ էլ հերթ կհասնի, դուք էլ պաշտոն կստանաք, համբերեք։

Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մուտք գործելը այնպիսի շռնդալից աղմուկով դիմավորվեց, որ կարելի էր զարմանալ։ Մի՞թե չգիտեիք, որ քննադատությունը օրակարգ մտնելու առումով գովասանքին հասնող փիառ է։ Մոխրի տակից հանվեց «պեծին տվող, համարյա հանգած կրակները»․․․Ահա թե ինչպես եք օգնում Ռոբերտ Քոչարյանին։

Ինչու՞ եք խառնում մոխիրը։ Միայն նրա համար, որ ասեք՝ գո՞րծ եք անում, մի բան էլ մե՞զ տվեք։ Դուք օգնում եք Քոչարյանին։

Երևույթին կարևորություն չտալով, ավելի՞ ճիշտ չէր լինի։

Անհանգստանում եմ, երբ որ որոշ ստատուսագիրներ դեռ պաշտոն չեն ստացել ու անասելի աղմկում են․․․ Ամենամեծ վտանգը հենց նրանք են ներկայացնում, «կռիվ- կռիվ խաղալով հակառակ կողմի հետ», մոռանալով, որ դրանով խաղի մեջ են դնում, առաջին պլան մղում հակառակ կողմը։ Մեծ խաղի մեջ։

Սա՞ էր ի վերջո ամբողջ կռիվը։ Եթե սա էր, ձեզանից առաջ էլ պակաս կռվողներ չկային․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X