Լեռնային Ղարաբաղի տարածքում փորձարկում արած ընկերությանը մեղադրանք է առաջադրվել

Իսրայելի Դատախազությունը չորեքշաբթի՝ օգոստոսի 29-ին հայտարարել է, որ մտադիր է մեղադրանք առաջադրել իսրայելական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք փորձել են ռմբահարել հայկական զինվորականներին Ադրբեջանի խնդրանքով, իրենց ընկերության արտադրած ինքնասպան ԱԹՍ-ները փորձարկելու համար։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Aeronautics Defense Systems Ltd ընկերությունից Դատախազության Տնտեսական բաժանմունքի կողմից մեղադրանքի տակ կարող են հայտնվել ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռազմովիչը եւ զարգացման հարցերով տնօրեն Հայիմ Հիվաշարը, ինչպես նաեւ՝ մարքեթինգի հարցերով տնօրեն Դեւիդ Գոլդինը։

Այս հայտարարությանը նախորդել է մոտ մեկ տարի տեւած հետաքննությունը, որն իրականացվել է Իսրայելի Ոստիկանության միջազգային հանցագործությունների դեպարտամենտի, Պնախարարության քննչական բաժանմունքի եւ Դատախազության կողմից համատեղ։ Հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրանքի ներկայացման ենթակա անձինք կասկածվում են խաբեության ինչպես նաեւ այլ օրինախախտ գործողություններ կատարելու մեջ, որոնք արգելված են Սպառազինությունների արտահանման վերահսկողության օրենքով, որն իր հերթին պաշտպանություն է ապահովում չսանկցիավորված ռազմական տեխնիկայի եւ ռազմահետախուզական միջոցների արտահանման դեմ։ Իր հերթին պատասխանատվության ենթարկման հարվածի տակ հայտնված Aeronautics-ից հայտարարել են, որ երբ իրենք էլ իրենց դիրքորոշումը ներկայացնեն, դատախազությունը կհասկանա, որ հարցը դատարանին հասցնելու հարկ չի լինի, եւ գործը կփակվի։

Նշենք, որ այս գործով քննություն սկսվեց այն բանից հետո, երբ 2017-ին ներկայացեց բողոք այն մասին, որ Aeronautics-ի մասնագետները իրենց ընկերության արտադրանքը փորձարկելու համար հարվածել են հայկական դիրքերին Լեռնային Ղարաբաղում, ինչի առնչությամբ իսրայելական մամուլում առաջին անգամ գրեց «Մաարիվ» պարբերականը։ Դրանից հետո պետական պատկան մարմինները դադարեցրին խնդրո առարկա ԱԹՍ-ի արտահանման լիցենզիան, թեեւ ընկերությունը, որը մասնագիտացած է տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրության մեջ, ըստ լուրերի ամենասերտ գործակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ եւ բազմամիլիոն ռազմական մատակարարումների պայմանագրեր ունի եւ դեռ պատրաստվում է դրանք թարմացնել։ Հոդվածում բավական մանրամասն կերպով ներկայացված է նաեւ գործի ողջ ընթացքը, սկսած հայկական կողմի ներկայացրած գանգատից մինչեւ նոր՝ մոտ 70 միլիոն շեքելի որը համարժեք է 20 միլիոն դոլարին, մատակարարումների պայմանագրի Բաքվի հետ ապագայում ստորագրելու հեռանկարը։

Մեկնաբանություն
X