Գյումրու շուկայի «դուխով» գները՝ սեպտեմբերի մեկին ընդառաջ․ լուսանկարներ

>

Գյումրու կենտրոնական շուկայում մի քանի օր է եռուզեռը չի դադարում: Շուկայում նման աշխուժություն մեկ էլ նկատվում է Ամանորին: Չնայած նրան, որ շուկայի առևտրականներն այս տարի բրենդ դարձած «դուխով» բառն են օգտագործել գները նշելիս, այնուամենայնիվ առևտուրն այնքան էլ սրտներով չէ: «Մի 4-5 տարի առաջ ու հըմի համեմատելու չէ, էնքան մարդ կեղներ, չէինք հասցնի ճամփեինք, հըմի սովորական օրերից քիչըմ է շատ»,-ասաց վաճառականներից մեկը՝ դժգոհություն հայտնելով, որ շուկային հարակից հագուստի խանութներն իրենց գործին շատ են խփում: Նրանցից մեկն էլ խոստովանեց, որ դուխով բառն իրականում գնորդի վրա հոգեբանորեն ազդելու համար է:

«Դուխով ենք գրել, որ դուխով մոտենան, տեսնին, որ նորմալ գներ են ու չփախնին, դուխով առևտուր անեն, էրթան»,-ասաց նա՝ նշելով, որ կարգախոս դնելուց հետո առևտուրը կարծես թե լավ է. «Որ առնելու էլ չեղնին, գրածի խաթր մոտենան գը, մե բան ինչըխ չեղնի կընտրեն»:

Սեպտեմբերի մեկին ընդառաջ մարզկենտրոն են գալիս շրջակա գյուղերի բնակիչները: «Իրեք երեխա դպրոց ճամփելու խաթր, երկու գառ եմ մորթել, մե մոզի: Հըմի կընկաս ըսել եմ՝ չես խնայե, ինչ պետք է երեխեքին ըստեղից կառնիս, կերթանք»,-ասաց Շիրակի մարզի Հովիտի բնակիչը, ով քաղաք էր եկել սեպտեմբերմեկյան գնումներ անելու:

Ինչպիսի՞ն են ապրանքների գները, պատասխանեց. «Չիդեմ քուրիկ ջան, հեչ մե տարբերություն, անցած տարի էլ էսքանի առևտուր էրել ենք, ամեն երեխուն 30-40հզր հեչի պես գնաց»: Արփինեին ծնողները երրորդ տարին են դպրոց ճանապարհում: Մայրը՝ Անին, ասաց. «Սահմանափակվել եմ 15 հզր դրամով, կուզեի երեխուս պայուսակը թարմացնեի, երկու տարի է նույնը կբռնե, բայց ամենաէժանը 3-4 հզր դրամից կսկսե, էդոնք էլ որակ հեչ չունեն: Ես չեմ աշխատում, ամուսնուս աշխատանքն էլ սեզոնային է, մինակ գրենական պիտույքներ ու կոշիկներ պիտի առնեմ»:

Առաջին դասարան ճանապարհելու համար փոքրիկ Սևակի ծնողները որդուն հավուր պատշաճի դպրոց ճանապարհելու համար արդեն հասցրել են ծախսել 80հզր դրամ, բայց ինչպես մայրն ասաց, սա դեռ ամենը չէ: «Նույն հագուստով երեխային ամեն օր դպրոց չես կարող ճանապարհել, իսկ ես դեռ ընդամենը մեկ ձեռք եմ գնել, հիմա պիտի հաշվարկեմ, տեսնեմ՝ ինչեր դեռ չեմ գնել, որպեսզի գնեմ: Հաստատ կլորիկ մի գումար էլի ծախսվելու է, բայց դե ինչ արած, պարտավոր ենք»,-ասաց փոքրիկի մայրը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X