Երբ ԱԺ արտահերթ ընտրություններն այլևս ակտուալ չեն

Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող հայկական լրատվամիջոցները որոշակի դադարից հետո դարձյալ սկսեցին շրջանառել ԱԺ արտահերթ ընտրությունների թեման, սակայն այս անգամ՝ բավականին նրբորեն, որպեսզի հանկարծ շատ չընդգծվի, որ Փաշինյանն այլեւս սրտատրոփ չի սպասում արտահերթ ընտրությունների օրվան: Իհարկե, սա նույնպես արվում է Փաշինյանի գիտությամբ եւ հրահանգով, այլապես, ինչպես ամռան սկզբին, այսօր էլ թերթերը կգրեին, թե Փաշինյանը որքան շուտ անցկացնի ԱԺ արտահերթ ընտրություններ, այնքան լավ իր համար:

Կարծես արդեն որոշակիացվել էր, որ գարնանն ԱԺ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, եւ քաղաքական ուժերն էլ համակերպվել էին այդ հեռանկարին: Սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո արտահերթ ընտրությունների թեման կրկին առաջին պլան եկավ: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության` ԱԺ նախագահը վարչապետին հավաստիացրել է, որ ԱԺ-ն պատրաստ է գնալու արտահերթ ընտրությունների, սակայն դրա համար դեռ քննարկումներ են պետք, ընդհուպ օրենսդրական որոշ փոփոխություններ: Թե ինչպես է արձագանքել Փաշինյանը, հայտնի չէ, բայց թերթերը հանկարծ սկսեցին այն քաղաքական ուժերի «փնտրտուքը», որոնք, «վայթե», արտահերթ ընտրություններ չեն ուզում: Շատ չծամծմենք, խոսքը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է, որոնք, ներկայացված լինելով կառավարությունում, իբր, այնքան էլ չեն ցանկանում արտահերթ ընտրություններ:

Ես մեր գործընկերներին կառաջարկեի չգնալ այս խոտոր ճանապարհով եւ ազնվորեն գրել, որ արտահերթ ընտրությունների «հավես» չունեն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «ողորմածիկ» «Ելք» դաշինքը: Փոխարենը արտահերթ ընտրությունների հարցում, ինչպես ավելի վաղ էլ գրել էինք, ամենաշահագրգռվածը ՀՀԿ-ն է, որը հոգնել է իր անորոշ վիճակից եւ ցանկանում է օր առաջ վերականգնել կորցրած քաղաքական դիրքերը: Սա այնքան տրիվյալ է, որ նույնիսկ չարժե վիճել: Մյուս կողմից էլ՝ ո՛չ ԲՀԿ-ն եւ ո՛չ էլ ՀՅԴ-ն այսօր այնքան ազդեցություն չունեն Փաշինյանի կառավարությունում, որպեսզի հատուկ արագացնեն կամ ձգձգեն արտահերթ ընտրությունները: Մնում է խոստովանել, որ արտահերթ ընտրությունների անցկացումն ավելի շատ կախված է վարչապետի կամքից ու ձգտումներից՝ պայմանավորված նրա հաշվարկներով:

Իսկ ինչպիսի՞ն են այլեւս 100 օրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաշվարկները: Բնականաբար, դրանք տարբերվում են հեղափոխական օրերի հաշվարկներից: Այս մասին ժամանակին զգուշացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` Փաշինյանին հորդորելով ժողովրդական ալիքի վրա հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնել` լեգիտիմացնելով ձեռք բերված իշխանությունը: Փաշինյանը, սակայն, բաց թողեց թավշյա հեղափոխությունը նյութականացնելու կարեւոր պահը եւ նախընտրեց «լավ, էլի, պապ, մի քիչ էլ խաղամ» տարբերակը` ձեւավորելով մի կառավարություն, որի կարողությունների վրա չգիտես՝ լա՞լ, թե՞ խնդալ: Համատարած «բռնոցին» ոչինչ չտվեց Փաշինյանին, եթե չասենք, որ մի բան էլ վնաս հասցրեց «վենդետա չի լինելու» նրա թավշյա խոստմանը: Լրջագույն կորուստներ ազգային արժեքների պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ, զրո միջամտություն Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակի կայունության ապահովման հարցերին, խայտառակ վայրիվերումներ ՀԱՊԿ-ում, խաղ Մոսկվայի նյարդերի հետ, անհաջող այց Եվրոպա, ներդրումների չիրականացված խոստումներ, հայրենիք-սփյուռք կապերի նկատելի թուլացում, հայ մարդու եւ հայկական ընտանիքի բարոյական նկարագրի անցանկալի խեղաթյուրումներ, վերջապես՝ կրթական համակարգի եւ Հայ առաքելական եկեղեցու հիմքերի խարխլում։ Ահա ոչ լրիվ թվարկումն այն ամենի, որ անցած 120 օրում հասցրեց շալակել Նիկոլ Փաշինյանը` փոխարենը ոչինչ չտալով այն մարդկանց ու որոշակի շրջանակներին, որոնց շնորհիվ ելել էր իշխանության: Ավելի տխուր չե՞ն դառնում, արդյոք, վարչապետի տնային հաշվարկները, երբ նա գնում է շուկա եւ, ինչպես Կոլումբոսը, հայտնաբերում, որ գյուղմթերքների գները «տարօրինակ բարձր են», երբ տեսնում է, որ փող չկա աշխատավարձ եւ թոշակ բարձրացնելու համար, երբ ստիպված է «կառուցվածքային փոփոխություններ» կատարել կառավարությունում, որպեսզի մի քանի լումա ճարի պետական սեկտորին աշխատավարձ տալու համար: Հիմա էլ սկսել են խոսել ինչ-որ «անցումային արդարադատության» մասին: Կարելի է մտածել` «շատ մեծ» անցում են իրականացրել, եւ արդարադատության սուր դեֆիցիտ է նկատվում: Նման դեպքերում պետք է հիշել, թե վատ պարողին ինչն է խանգարում:

Այժմ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին․ ինչպե՞ս կարելի էր 100 օր քանդելուց հետո մարդկանց հավաքել ու խոսել արածի մասին: Այդ օրը Փաշինյանն այնպես էր ներկայացնում իր կադրերին, որ հանրությունից ուղղակի օվացիաներ էր պոկում առաջին փոխվարչապետի, մյուս փոխվարչապետների, իր նշանակած նախարարների ու «ՔՊ»-ական պատգամավորների համար, որոնք, վախ, վախ, վախ, մեզ համար արարել են այս հրաշքը: Օվացիաներից անմասն չմնաց նաեւ Երեւանի «ապագա քաղաքապետ» Հայկոն, որն այնքան դուխով ներկայացավ հրապարակին, ասես Փաշինյանն այդ պահին Ընտրական օրենսգիրք չէր խախտում` քարոզարշավից առաջ ընկնելով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված Փաշինյանի հաշվարկներում, անտարակույս, որոշակի փոփոխություններ մտցրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս նկատմամբ իրականացված դատական հետապնդումները ոչ միայն նպաստեցին նրա` քաղաքականություն վերադարձին, այլեւ Փաշինյանին ստիպեցին հանրահավաքում խոստովանել, որ պատրաստ է համագործակցել բոլորի հետ: Սա արդեն հստակ ազդակ էր այն բանի, որ վարչապետը դառնում է առավել զգուշավոր եւ շրջահայաց: Նա, կարծում եմ, մինչեւ գարուն շատ ավելի սթափ կսկսի գնահատել իրավիճակը եւ կհրաժարվի հասարակությանը «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» բաժանելու անշնորհակալ պրակտիկայից, որը երբեք լավ տեղ չի հասցնի, եթե հաշվի առնենք նաեւ տեղի ունեցած իշխանափոխության, այսպես ասենք` «նուրբ պահերը»:

2019 թվականի գարնանը արտահերթ ընտրություններ կունենա՞նք, արդյոք: Ես չէի ցանկանա միանշանակ պատասխանել այս հարցին: Ո՛չ շտապելն է մի բան, ո՛չ չշտապելը: Ո՛չ հետագա քանդումն է դիվիդենտ բերելու Փաշինյանին, ո՛չ էլ ճարտասանությունը: Նա մի ճանապարհ ունի հիմա` գործի անցնել, աշխատել, մինչեւ գարուն քարը դնել քարի վրա, նկատելի դարձնել փոփոխությունները, որպեսզի, եթե նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրություններ էլ տեղի չունենան, դա լինի արդարացված, եւ մարդիկ դուրս չգան փողոց` այս անգամ արդեն արտահերթ ընտրությունների պահանջով:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X