Մեր ՀԷԿ-ը Հայաստանում ամենաօրինակելի ՀԷԿ-ն է

Ազգային ժողովում երեկ երկրորդ ընթերցմամբ եւ վերջնական ընդունվեց Սեւանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին նախագիծը, որն արտահերթ նիստով խորհրդարան էր բերել կառավարությունը։ Սա աղմկահարույց որոշում է, որի դեմ ժամանակին պայքարում էին իրենք՝ այսօրվա իշխանավորները։ Երբ ՀՀԿ-ական կառավարությունն էր նման նախաձեռնությամբ հանդես գալիս, ասում էին՝ Սեւանից լրացուցիչ ջուր են բաց թողնում, որ Հովիկ Աբրահամյանի եւ այլ օլիգարխների արտերն ու այգիները ոռոգեն, ՀԷԿ-երը սնուցեն եւ այլն։ Հիմա նույն նախաձեռնությամբ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ առանց համոզիչ հիմքերի, որ այս ջուրը բաց է թողնվում ոչ թե, ասենք, նույն Հովիկ Աբրահամյանի կամ, իրենց իսկ ձեւակերպմամբ, «ջրային մաֆիայի» արտերն ու այգիները ոռոգելու նպատակով։ Երեկ այս նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ մեկ պատգամավոր։ Նիստից հետո մենք զրուցեցինք հարցը զեկուցող, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսա Գաբայանի հետ։

-Տիկին Գաբայան, Դուք երեկ չհերքեցիք, որ «ջրային մաֆիա» գոյություն ունի Հայաստանում, ինչի մասին ասել էր նաեւ վարչապետը, բայց դեռ պետք է ուսումնասիրել՝ ով է այդ մաֆիայի հետեւում կանգնած։ Հիմա, եթե գոյություն ունի, եւ մենք նման որոշում ենք ընդունում, չի՞ ստացվում, արդյոք, որ մենք ջուր ենք բաց թողնում, որը հնարավոր է՝ ընկնի այդ մաֆիայի ձեռքը։

-Չէ, եկեք էդպես չմոտենանք հարցին, նախ ինձ թվում է՝ էնտեղ կան շատ մարդիկ, որոնք մեզ կօգնեն բացահայտել, թե այդ «ջրային մաֆիան» որն է։ Մենք 200 հազարից ավելի գյուղացիներ ունենք Հայաստանում, որոնք զբաղվում են հողի մշակումով, եւ Ձեր ասած այդ «մաֆիոզները», հա՞, էնպես չէ, որ մենք այդ ջուրը տանում ենք եւ տալիս ենք այդ մաֆիային։ Եվ երկրորդը․ գիտե՞ք ինչ, վերջիվերջո, ծառը, որը բերք է տալիս, անկախ նրանից՝ դա ումն է, դա ծառ է, կենդանի մարմին է, ջուրը մենք տալիս ենք ծառին։ Ուրիշ հարց է, թե դրա պտուղներից ով է քաղում արդյունք, բայց մենք չենք կարող ծառը չորացնել։

-Անցյալ տարի էլ նման նախագիծ բերվեց ԱԺ, եւ այսօրվա իշխանությունը քննադատում էր այդ նախագիծը՝ պնդելով, որ ջուրը գնում է «մաֆիոզների» ձեռքը, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի այգիները ջրելու։ Հիմա՞ ում արտերն է ջրելու, այդ կասկածները փարատվե՞լ են։

-Չէ, ոչ մի կասկած չի փարատվել, կասկածներն առայսօր կան, մենք անգամ մի քանի գյուղերում բացահայտել ենք, որ գյուղապետերը, ամբողջ իշխանությունը վերցնելով իրենց ձեռքը եւ ջուրը վերցնելով իրենց ձեռքը, ոռոգում են իրենց հողակտորները, իսկ ժողովուրդը շատ խեղճացած վիճակում է եւ բողոքում է, բայց ո՛չ գյուղապետին, այլ, ենթադրենք, ջրամատակարարին։ Հարցերը շատ են, բացահայտել ենք տասնյակ հեկտարներով ունեցողները, որը, ինչպես պարոն վարչապետը նշեց, ստվերում է, չհաշվառված հողեր են, այսինքն՝ իրենք ունեն պարտքեր, բայց օգտագործել եւ առայսօր օգտագործում են իրենց իշխանությունը՝ վախեցնելով թե՛ համայնքին եւ թե՛ անգամ նամակներ գրելով կառավարությանը։ Մեր խնդիրն է բացահայտել այդ ամենը, միայն կոմիտեն ինքնուրույն չի կարող։

-Այդ դեպքում ինչո՞ւ կառավարության համապատասխան մարմինները դա չեն բացահայտում՝ նման նախագիծ ներկայացնելուց առաջ, որ հանրության մոտ կասկածներ չմնան։ Տրամաբանորեն այդպես չպե՞տք է լիներ։

-Միանշանակ։ Տեսեք, այս ընդամենը 100 օրվա ընթացքում կառավարությունը եւ համապատասխան մարմիններն ինչ ծանր բեռ են վերցրել իրենց վրա եւ ինչ բացահայտումներ են կատարում։ Մի քիչ համբերենք, էլի, դա բացահայտվելու է։

-Բայց այդ բացահայտումները, օրինակ՝ Մարտի 1-ի վերաբերյալ, այս նախագծին չեն առնչվում։ Դուք խոսում եք «ջրային մաֆիայի» գոյության, չհաշվառված հողերի մասին եւ միաժամանակ ջուր եք բաց թողնում, որը գնալու է անհայտ ուղղությամբ։

-Եկեք ես Ձեզ ասեմ՝ ինչի համար պարոն վարչապետը շատ խիստ որոշեց, որ ստեղծվի այդ բազմակողմանի օպերատիվ խումբը։ Մենք Սեւանից վերցվող այդ հավելյալ ջուրը պետք է ստուգենք, թե ուր է գնում, ինչպես է գնում։

-Ի՞նչ եք կարծում, զուտ ազնվության տեսանկյունից եթե նայենք, նոր կառավարությունը պե՞տք է եթե ոչ ներողություն խնդրի, ապա գոնե զղջման խոսքեր ասի նախկինում նույն նախագիծը քննադատելու համար։

-Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ մեր վարչապետը՝ պարոն Փաշինյանը, նիստը հենց այդպես էլ բացեց, ինքը երկու անգամ վերադարձրել է մեր դիմումը հավելյալ ջրի մասին։ «Առանց Սեւան, առանց Սեւան»․ սա է եղել իր մոտեցումը։ Բայց առանց Սեւան անհնար է։ Ինքը զղջում է եւ ինքը հենց այդ խոսքերով էլ սկսեց, եւ երեկ ես ինքս էլ ասացի այդ խոսքերը, որ զղջում եմ։

-Տիկին Գաբայան, հայտնի է, որ Ձեր ընտանիքն էլ է ջրային ռեսուրսներից օգտվում՝ սեփական ՀԷԿ է տնօրինում…

-Չի տնօրինում, ունի սեփական ՀԷԿ։ Իշխանասար է կոչվում, Հայաստանում ամենաօրինակելի ՀԷԿ-ն է, անգամ, երբ ծրագիր կար, Ինգա Զառաֆյանին լավ եք ճանաչում, տասնյակ ՀԷԿ-եր այցեր կատարեցին եւ իրենք էլ գնահատեցին, թե դա որքան օրինակելի, ժամանակակից տուրբիններով, սարքավորումներով զինված ՀԷԿ-է։

-Բայց բնապահպանները քննադատում են, որ ՀԷԿ-երը ցամաքեցնում են գետերը, վնաս են հասցնում ջրային ռեսուրսներին։ Ձեր ՀԷԿ-ը նույնպե՞ս այդ պրոցեսի մեջ է՝ գետերը ցամաքեցնելու։

-Ոչ, այդ պրոցեսի մեջ չէ մեր ՀԷԿ-ը։ Գիտե՞ք ինչ, մարդիկ կան՝ բավականին անլուրջ են մոտենում, էժան սարքավորումներ են տեղադրում եւ այլն։ Էդ ամենը, իհարկե, մեր ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործում է։ Եթե դու կարող ես մի քիչ ավելի շատ ներդրում անել, ժամանակակից սարքավորում տեղադրել եւ ստանալ 30 տոկոս ավելի բարձր էլեկտրաէներգիա… բայց, միանշանակ, կան գետեր, օրինակ՝ Եղեգիսը, որտեղ տասնյակներով ՀԷԿ-եր իրար հետեւից շարված՝ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում գետի վրա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X