13-ը լավ թիվ չէ

Ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրման ժամկետը․ ԿԸՀ իրենց փաստաթղթերը ներկայացրին 9 կուսակցություն եւ 4 դաշինք, որոնց մի մասի անունները ոչինչ չեն ասի ընթերցողին․ «Ռեֆորմիստների», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայք» («Հայկազուններ»), Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն, «Երկիր ծիրանի», «Ժողովրդական ուղի», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններ եւ «Իմ քայլը», «Լույս», «Երեւանի հանրություն» եւ «Երեւանցիներ» դաշինքները։ Ինչպես տեսնում եք՝ այստեղ կան ե՛ւ հին ու հնամենի կուսակցություններ, ինչպես «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, այնպես էլ համեմատաբար նոր, ինչպես «Երկիր ծիրանին», «Ռեֆորմիստները»։

Ոչ ոք, անշուշտ, չի հիշի «Հայք-հայկազուններ» տարօրինակ անվամբ կուսակցությունը, որը չնայած նոր չէ, բայց համացանցում նրա մասին ոչինչ չկա, բացի նրանից, որ հիմնադիր նախագահը նախկին պատգամավոր Պետրոս Քացախյանն է։ Ակտիվ չի եղել նաեւ վաղամեռիկ Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ կուսակցությունը, որն այժմ նրա որդին է ղեկավարում, եւ ՀԺԱՄ-ը, որը հիմնել է Սեյրան Ավագյանը, ապա փոխանցել Վահրամ Մկրտչյանին՝ ԿԳ նախկին փոխնախարարին։ Առավել ուշագրավ են դաշինքները։ «Իմ քայլը» «ՔՊ»-ի շուրջ ձեւավորված դաշինքն է, որը հավակնում է 50 եւ ավելի տոկոս ձայն հավաքել՝ Հայկ Մարության-քաղաքապետի թեկնածությամբ։ «Լույս» դաշինքը «Ելք»-ի երկու կուսակցությունների՝ «Հանրապետության» եւ «Լուսավոր Հայաստան»-ի հիբրիդն է՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարությամբ։ «Երեւանի հանրություն»-ը ճարտարապետ Անահիտ Թարխանյանին՝ Անդրիաս Ղուկասյանի կնոջն է առաջադրում, իսկ «Երեւանցիներ» դաշինքը ՀՀՇ-ի եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների միավորումն է՝ Արարատ Զուրաբյանի դեմքով։

Մեկնաբանություն
X