«Հայք Հայկազուն»-ուց մինչեւ «Իմ քայլը»

Իշխանափոխությունից հետո Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի են ունենալու անկախության 27-րդ տարեդարձից երկու օր անց, ըստ ամենայնի, կուրվագծեն ապագա ԱԺ ընտրությունների պատկերը։ Եվ թեեւ նախկինում ակտիվ քաղաքականությամբ զբաղված մի շարք ուժեր հրաժարվեցին մասնակցել դրանց՝ իրենց ռեսուրսները կենտրոնացնելով արտահերթ ԱԺ ընտրությունների համար, սակայն դա չխանգարեց, որպեսզի նախընտրական հետաքրքիր խճանկար պատկերվի։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սահմանված ժամկետում, իրենց փաստաթղթերը ներկայացրեցին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ Ոմանք պատասխանեցին լրագրողների հարցերին, ոմանք էլ հրաժարվեցին եւ անխոս հեռացան։

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» իշխանափոխությունից հետո տարանջատվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որի հետ հանդես էին գալիս «Ելք» դաշինքով եւ այժմ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքով։ Դաշինքը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ԿԸՀ ներկայացած Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Արտակ Զեյնալյանը, ինքը եւ Անի Խաչատրյանը։ Արտակ Զեյնալյանի անցած ճանապարհը նա համարեց եզակի, հայտարարեց, որ նրա իրավական գիտելիքներն ու փորձը բավարար կլինեն մայրաքաղաքում կուտակված խնդիրները լուծելու համար։ Եվ հենց Զեյնալյանի անցած ճանապարհն է վստահություն ներշնչել, որ «Լույս» դաշինքը նրան տեսնի որպես Երեւանի քաղաքապետ։ Հարցին, թե որ քաղաքական ուժերին են համարում մրցակից, Դավիթ Խաժակյանն ասաց, որ բոլորին են համարում մրցակից, բոլորին են հարգանքով մոտենում։ «Ելք» դաշինքով էլ հետաքրքրվեցին լրագրողները։ Դավիթ Խաժակյանը վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը կա, գործում է ԱԺ-ում, իրենք էլ շարունակում են մնալ որպես ավագանու անդամ։ «Ելք» դաշինքում կուտակած փորձն էլ նրանք ներառել են «Լույս» դաշինքի ծրագրում։

Ժպտա՛

«Ժառանգություն» կուսակցությունից ԿԸՀ էր ներկայացել Արմեն Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ բոլորին է համարում մրցակից, շանսերը գնահատելը թողեց քաղաքացիներին։ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ներկայացնելու են զարգացման ծրագիր։ Հետո նա հիշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը, հիշեցրեց, թե ինչպես նա 2013թ․, երբ առաջադրվել էր ՀՀ նախագահի ընտրություններում եւ հաղթել, փրկեց ժողովրդին հերթական արյունահեղությունից։ «Մենք տեղեկացված էինք, որ թե՛ մեր եվրոպական գործընկերները, թե՛ ՌԴ-ն շահագրգռված էին Սերժ Սարգսյանի հաղթանակով։ Եվրոպական գործընկերներին նա խոստացել էր ստորագրելու ԵՄ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիրը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է Երեւանի խնդիրներին, ապա Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ իրենք գույքագրել են բոլոր խնդիրները, քանի որ դրանք կարեւոր են։ Արմեն Մարտիրոսյանը հատուկ շեշտեց, որ իրենք չեն գալիս սոսկ քաղաքի կոմունալ հարցերը լուծելու համար։ Որպես կարգախոս էլ ընտրել են «Ժպտա»-ն։ «Մենք պետք է ժպտանք, քանի որ հաղթել ենք, իշխանափոխություն ենք արել»,- ասաց նա։

Ցուցակը գլխավորելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, իսկ երրորդ համարը Հովսեփ Խուրշուդյանն է։ Թե ինչպես է պատկերացնում ազատ, արդար ընտրությունների անցկացումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի օրոք, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց․ «Այն, որ ԿԸՀ-ն շատ մեղքեր ունի, ակնհայտ է, որովհետեւ արդարացրել է ընտրակեղծարարությունը, բայց մենք գիտենք, որ այն կազմակերպում են այլ պաշտոնատար անձինք, ԿԸՀ-ն միայն դա արդարացնում է։ ԿԸՀ-ն ստիպված չի լինի ընտրակեղծիքներ իրականացնել, քանի որ տեղամասերում պետք է անհամեմատ նորմալ լինի։ Ես վստահում եմ գործող իշխանության քաղաքական կամքին, վստահում եմ, որ ոստիկանությունը ԱԱԾ-ի հետ բոլոր ջանքերը կգործադրի ազատ ընտրություններ անցկացնելու համար»։ «Երեւանի հանրություն» նախաձեռնության ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը դեպի հաղթանակ գնացող տրամադրությամբ է համակված։ Նրա գործընկեր Արմեն Հովհաննիսյանն էլ ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց, որ հավատում են ազատ, արդար ընտրություններին, բայց չեն վստահում Տիգրան Մուկուչյանին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել այլ գործունեությամբ։ Ցուցակում ներկայացրել են Երեւանի ավագանու 47 թեկնածուի անուն, որպես կարգախոս ընտրել են Երեւանի հանրություն՝ ի շահ հարազատ քաղաքի։ «Երկիր ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը, ցուցակը բաղկացած է 56 հոգուց։ ԿԸՀ ներկայացած Սոնա Աղեկյանը վստահեցրեց, որ ցուցակում ընդգրկված են լավագույն մասնագետներ տարբեր ոլորտներից, որոնք ունեն կառավարման փորձ։

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է, որը երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին է։ Մանուել Գասպարյանի եղբայրը՝ Արթուր Գասպարյանն էլ ներկայացել էր ԿԸՀ։ Լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, այդ իսկ պատճառով էլ որոշել են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Ցուցակում ներկայացրել են 33 հոգու անուն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ իրենք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Դաշինքում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը, նաեւ ապրիլյան հեղափոխությանը մասնակցած տարբեր անհատներ։ 170 հոգանոց ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը։ Ցուցակում տեղ են գտել նաեւ մշակութային եւ հասարակական գործիչներ։ «Մենք հանդես ենք գալիս որպես հեղափոխությունը իրականացրած թիմ եւ հույս ունենք, որ մեր հաղորդակցությունը քաղաքացիների հետ այդպես էլ շարունակվելու է եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում մենք ոչ մեկին չենք դիտարկում որպես մրցակիցներ»,- ասաց Վահան Կոստանյանը։

Բազմազանությունը դեռ բազմակարծություն չէ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից երեկ ԿԸՀ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանից խուսափեցին «Հայք Հայկազուն» կուսակցության, ՀԺԱՄ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Լրագրողները երկար ժամանակ գլուխ էին կոտրում՝ իմանալու, թե ովքեր են այդ կուսակցության ղեկավարները, ինչ ծրագիր ունեն, ինչ նպատակով են մասնակցում ընտրություններին։ Համացանցից տեղեկացանք, որ ՀԺԱՄ-ը Հայաստանի ժողովրդական ազատական միությունն է, նրա խորհրդի նախագահը Աշոտ Ավալյանն է, իսկ «Հայք Հայկազուն» կուսակցության նախագահը Պետրոս Քացախյանը։ Հիշեցի, թե ինչպես, սկսած 1998 թվականից, տարբեր, հանրությանն անհայտ մարդիկ առաջադրվում էին ՀՀ նախագահի թեկնածու․ ո՛չ ծրագիր ունեին, ո՛չ էլ հավատում էին իրենց հաղթանակին։ Եթերաժամ էին զբաղեցնում, քարոզարշավ անցկացնում, հարցազրույցներ տալիս, ընտրարշավը վերածում զավեշտի։ Ընտրություններում նրանք ստանում էին 0,0000001 տոկոս, հետո միանում իշխանության թեկնածուին, որ իշխանական կերակրատաշտից օգտվեն։ Մեկ էլ իրենց կենսագրության մեջ նշվում էր, որ եղել են ՀՀ նախագահի թեկնածու։ Փաստորեն ապրիլյան հեղափոխությունը դեռ չի հասցրել մաքրել քաղաքական դաշտի «ավգյան ախոռները»։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X