Նախկին նախագահներ, որ դատապարտվել են անազատության

Աշխարհում ամեն տարի դատարանների կողմից քննվում են կոռուպցիոն բացահայտումներին, քրեական սկանդալներին վերաբերող բազում գործեր, որտեղ մեղադրյալների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ են, ընդհուպ՝ պետությունների ղեկավարներ։ Քրեական գործերն այլ երանգ են ստանում, երբ առնչվում են նախկին կամ գործող նախագահներին, վարչապետներին։ Դրանց նկատմամբ իրավապահներն ու հանրությունն ավելի ուշադիր են, քրեական գործերն ավելի մանրակրկիտ են քննվում, եւ մեղադրանքներն ավելի ամուր են լինում՝ ապացույցների բազայի առումով։ Երբ երկարատեւ քննությունից ու դատավարությունից հետո ապացուցվում է բարձրաստիճան պաշտոնյայի մեղքը, նրանք նաեւ խիստ պատիժների են արժանանում՝ մի քանի տարվա ազատազրկումից մինչև ցմահ դատապարտում եւ անգամ մահապատիժ։ Ներկայացնենք նման քրգործերի մի քանի օրինակներ:

Հարավային Կորեա․ փաստեր աղբարկղից

Ապրիլին Հարավային Կորեայի նախկին կին նախագահ Պան Կին Հեն դատարանի որոշմամբ ազատազրկվել էր 25 տարով։ Նա մեղադրվում էր պետական գաղտնիքը բացահայտելու, կոռուպցիայի մեջ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ դատավարությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, քանի որ հանրային հետաքրքրությունը չափազանց մեծ էր։ Նախկին նախագահը, սակայն, դատավարության չի մասնակցել՝ պնդելով, թե այն քաղաքական հետապնդում է։ Բացահայտումների շարքը սկսվել էր այն բանից հետո, երբ հեռուստաընկերություններից մեկը հրապարակել էր նախկին նախագահին վերաբերող հույժ գաղտնի 200 փաստաթուղթ։ Լրագրողների պնդմամբ՝ պլանշետը, որի մեջ գտնվում էին այդ փաստաթղթերը, իրենք գտել էին մայրաքաղաք Սեուլի հյուրանոցներից մեկի աղբամանից։ Պլանշետը պատկանում էր Պան Կին Հեի մանկության ընկերուհուն։ Վերջինիս դատարանը ավելի վաղ ազատազրկել էր 20 տարով և նշանակել տուգանք 16 մլն դոլարի չափով։

Պերու․ երկու նախկին նախագահ՝ բանտում «ձեռք ձեռքի տված»

2017 թվականին Պերուի դատարանը որոշել էր 18 ամսով կալանավորել նախկին նախագահ Օլյանտա Ումալային և նրա տիկնոջը։ Նրանք կասկածվում էին փողերի լվացման և ֆինանսական մեքենայությունների մեջ։ Կալանավորման որոշումից հետո այր ու կին տեղափոխվել էին երկրի բանտերից մեկը, որտեղ իր պատիժն է կրում կրկին նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին (1990-2000 թթ․)։ Վերջինս ազատազրկվել էր 25 տարով։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել սպանությունների, մարդու իրավունքների խախտման, առևանգումների մեջ։ Այս տարվա մայիսին նախկին նախագահն ու նրա կինը դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել։ Ումալայը երկիրը ղեկավարում էր 2011- 2016 թվականներին։

Բրազիլիա

Հունվարին Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել էր 12 տարի և մեկ ամիս ժամկետով։ Մեղադրական կողմը պնդում էր, թե կոռուպցիոն սխեմաներով նախագահն ու իր ընտանիքը ստացել են առանձնատուն, որը նրանց էր փոխանցել երկրի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։ Վերջինս էլ իր հերթին կապված է երկրի նավթագազային հսկա «Petrobras» ընկերության հետ։ Հուլիսին Պորտու Ալեգրի քաղաքի դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը՝ որոշելով անհապաղ ազատ արձակել նախկին նախագահին։ Դեռ պատիժը կրելու ժամանակ Լուլա դա Սիլվան հայտնել էր, որ պիտի մասնակցի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։ Նախկին նախագահը մեղադրվում է նաև այլ քրեական գործերով, որոնք, նրա խոսքով, քաղաքական հետապնդման դրսևորումներ են։

Եգիպտոս․ «ցմահ մահապատիժ» ու ազատազրկում

2016 թվականին Կահիրեի քրեական դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Մուրսին ու նրա համախոհները դատապարտվել են Քաթարի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ըստ մեղադրական կողմի՝ իշխանության եղած ժամանակ Մուհամեդ Մուրսին հավաքել և քաթարական հետախուզական ծառայություններին էր փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ՝ կապված եգիպտական հետախուզական ծառայությունների և բանակի գործունեության հետ։ 2015 թ․-ի հունիսին Կահիրեի քրական դատարանը Մուրսիի նկատմամբ մահապատժի որոշում էր կայացրել՝ 2011 թվականի հեղափոխության օրերին բանտից փախուստ կազմակերպելու համար։ Նա իշխանության էր եկել 2011 թվականի հեղափոխության արդյունքում։ Մահապատիժը չի իրականացվել։

Իտալիա

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին 2011 թվականին ստիպված եղավ թողնել վարչապետի աթոռը՝ երկրում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Նա 2013 թվականին մեղավոր ճանաչվեց ֆինանսական մեքենայությունների մեջ և հեռացվեց սենատորի պաշտոնից։ Բերլուսկոնին դատարանի որոշմամբ ազատազրկվել էր մի քանի անգամ՝ գաղտնալսումների, սեքս-սկանդալների պատճառով։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, սակայն դատվածության պատճառով Բերլուսկոնին այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։

Վրաստան

Տարեսկզբին դատարանը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն հեռակա կարգով դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ 2006 թ. Վրաստանի բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլանիի սպանության գործով։ 2017 թ․-ին Սահակաշվիլուն մեղադրանք էր առաջադրվել հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե Կիեւում Սահակաշվիլու կողմից անցկացված ակցիաները ֆինանսավորվում էին երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի` մասնավորապես գործարար Կուրչենկոյի կողմից։ Առաջադրված մեղադրանքը չէր հաստատվել։ Սահակաշվիլուն սպառնում էր 3-5 տարվա ազատազրկում:

Սլավա Բադալյան

Մեկնաբանություն
X