Ադրբեջանում անհանգիստ է

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, օգոստոսի 28-ին Պետական անվտանգության ծառայությունը հանրապետության հյուսիսային՝ Խաչմասի, շրջանում իրականացրել է հատուկ գործողություն: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախնական հետաքննությամբ հաստատվել է օպերատիվ տեղեկատվությունը, որ կրոնական ծայրահեղական խմբավորման անդամ Նիզամի Ադիլ օղլու Նաջաֆովը ձեռք է բերել զենք եւ պայթուցիկ նյութեր՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Հավանական ահաբեկչին ձերբակալելու ուղղությամբ ձեռնարկված գործողության ժամանակ Նաջաֆովը հրաժարվել է վայր դնել զենքը եւ հանձնվել եւ կրակ է բացել հատուկջոկատայինների ուղղությամբ:

Պատասխան կրակով նա սպանվել է: Տեղանքի զննությամբ հայտնաբերվել է ԱԿՄՍ տիպի ավտոմատ, ինչպես նաեւ՝ ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք: Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը, որոնք բնակվում են արտերկրում, Mejdan.tv ինտերնետային հեռուստաընկերությունը, մինչդեռ, հաղորդում են, որ Ռուսաստանին սահմանակից ադրբեջանական լեզգիաբնակ շրջաններում արդեն երկրորդ օրն է, ինչ փաստացի մտցված է արտակարգ դրություն, Պետական անվտանգության հատուկ ջոկատները եւ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ գործողություններ:

Մասնավորապես, լեռնային գյուղերում անցկացվում է այսպես կոչված անձնագրային ռեժիմի ստուգում՝ պարզելու, թե արդյոք Դաղստանի ինքնավար հանրապետությունից գրոհայինները չե՞ն անցել Ադրբեջանի տարածք: Սահմանի մյուս՝ ռուսական կողմում նույնպես համանման գործողություններ են իրականացվում, փակ է Ադրբեջան-Ռուսաստան սահմանային անցակետը: Ադրբեջանի հյուսիսում, ամենայն հավանականությամբ, աճում են անջատողական տրամադրությունները, որոնց հակազդելու համար իշխանությունները ձեռնարկում են ռազմաոստիկանական բռնաճնշման քայլեր:

Մեկնաբանություն
X