Իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնում

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Խաչատրյանը զանգահարեց խմբագրություն՝ նշելով, որ ցանկանում է հանցագործության մասին հաղորդում տալ։ Նրա խոսքով՝ 2017 թ․ իր խցակիցը ՔԿՀ աշխատակիցների ներկայությամբ ջարդած բաժակով իրեն տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է հասցրել, սակայն ՀՔԾ քննիչի ձեռամբ գործը ոչ թե բացահայտվել, այլ ճիշտ հակառակը՝ թաքցվել է․

«Իմ համախցեցի Գեւորգ Արսենյանն իր կողմից ջարդված բաժակներով հարվածներ է հասցրել իմ երկու ոտքերին՝ պատճառելով ինձ տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մասնավորապես աջ ոտքիս վնասվածքն այնքան խորն է եղել, որ իմ ոսկորը երեւում էր։ Այս ամենը տեսել են «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները, թե ոնց է խցակիցս հարվածներ հասցնում ինձ, եւ նրանք, չկանխելով այդ հանցագործությունը, այլ հակառակը՝ թողեցին, որ իրենց ներկայությամբ ինձ հարվածի։ Դեպքի օրը ՔԿՀ վարչության աշխատակիցները եկել են «Հրազդան» ՔԿՀ՝ թիվ 48 խուց, որտեղ խուզարկություն են կատարել, իրենց պահանջով իմ բոլոր վնասվածքները հետաքննիչ Հայկ Սարգսյանը լուսանկարել է, բայց վերջում կեղծ արձանագրություն է կազմվել, բժիշկը տեղեկանք է կազմել, թե իմ վրա եղել են քերծվածքների տիպի վերքեր, բայց դա սուտ է, քանի որ ես մոտ 1 ամիս բուժօգնություն եմ ստացել նույն բժիշկ Գալուստ Միրզոյանի, բժշկուհիներ Մարտայի եւ Հասմիկի կողմից եւ ամեն օր ստորագրել եմ բուժմատյանների մեջ։ Դեպքի օրը եղել են 2-3 արյունոտ ջարդված բաժակներ, որոնցով ինձ հարվածներ են հասցրել, սակայն հետաքննիչը կեղծել է՝ բաժակների փոխարեն դնելով մեկ այլ բաժակ։ «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից բերված դատաբժիշկը տվել է կեղծ եզրակացություն, թե իբր իմ վնասվածքները եղել են թեթեւ մարմնական։ Եթե հիմա արձանագրեն տվյալ վնասվածքներից առաջացած իմ սպիները, դա հերիք է, որ քրեական գործ հարուցեն ՔԿՀ աշխատակիցների վրա։ Ամիսներ շարունակ ՀՔԾ-ի քննիչ Դավիթ Կոստանդյանը եկել է խմբակային հանցագործություն կատարած դատապարտյալների մոտ եւ ՔԿՀ աշխատակիցներին հրավիրել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Ես ամեն ինչից տեղյակ եմ, թե ինչ է կատարվել, եւ ամիսներ հետո քննիչն ինձ վրա շինծու գործ է սարքել։ Քննիչ Կոստանդյանը ոչ թե հանցագործությունը բացահայտել է, այլ թաքցրել, թույլ է տվել բազմաթիվ անօրինականություններ։ Ես 2009 թվականից գտնվում եմ անազատության մեջ, եւ իմ բժշկական քարտերը, «Հրազդան» ՔԿՀ-ի մատյանները քննիչն առգրավել եւ կոծկել է»։

Դավիթ Խաչատրյանն այս խնդրով դիմում է վարչապետին՝ խնդրելով իրավապահ մարմիններին գործով զբաղվելու հանձնարարական տալ՝ նշելով, որ պատրաստ է այլ մանրամասներ հայտնել․ «Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ՝ հանձնարարեք համապատասխան իրավապահ մարմիններին, թող բացահայտեն նշածս հանցագործությունը եւ պատժեն մեղավորներին։ Քանի դեռ չկա Ձեր հանձնարարականը, չեն բացահայտվելու այս հանցագործությունները։ Նշածս հանցագործություններից բացի, հաղորդում ունեմ ուրիշ այլ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարել են պաշտոնատար անձինք, ավելի մանրամասն Ձեր հրահանգից հետո կտամ հաղորդմանս մեջ։ Մեծարգո պարոն վարչապետ, նաեւ հայտնում եմ, որ իմ կյանքին շատ ուղիղ իմաստով լուրջ վտանգ է սպառնում»։ Հարցրինք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ «Հիվանդություն ունեմ, որ բուժօգնություն չի ցուցաբերվում, բայց ուղիղ իմաստով իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնում, եւ իմ անվտանգությունն այստեղ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ապահովված չէ։ Ես այդ մասին փաստերով կներկայացնեմ, երբ որ պարոն վարչապետը համապատասխան իրավապահ մարմիններին հանձնարարական կտա»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որն է եղել պատճառը, որ իր խցակիցն իրեն հարվածել է՝ պատճառելով վնասվածքներ։ Նա ասաց, որ իր խցակիցը հետեւյալ պատասխանն է տվել, երբ նրան հարցրել են այդ մասին․ «Երբ նրան հարցրել են, թե ինչու ես Դավիթին խփել, նա ասել է, թե օրենքով գողի հասցեին հեռախոսազրույցի ժամանակ հայհոյանք եմ տվել, դրա համար ինքը «պաստուպիտ» է արել»։

Թեմայի առնչությամբ զանգահարեցինք «Հրազդան» ՔԿՀ, պատասխանատու հերթապահ Արթուր Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, գործն արդեն հանձնվել է դատարան․ «Ուրեմն այդ դեպքը գնացել է քննչական, այդ գործի մասին բոլոր տեղեկությունները, խնդրում եմ, վերցրեք քննչականից, եթե չեմ սխալվում, հիմա ուղարկվել է դատարան»։ Հարցրինք, թե ինքը ներկա՞ է եղել այդ դեպքին՝ նկատի ունենալով, որ Խաչատրյանը պնդում էր, թե ՔԿՀ աշխատակիցները ներկա են եղել եւ չեն միջամտել։ «Ինձ հարցաքննության չեն ենթարկել, իսկ ընդհանրապես այդ բոլոր տեղեկությունները կարող եք վերցնել քրեական գործից, որն արդեն ուղարկվել է դատարան, ինչքանով որ ես տեղյակ եմ»։

Նաեւ նշեց, որ Դավիթ Խաչատրյանն ու Գեւորգ Արսենյանն այլեւս «Հրազդան» քրեակատարողականում չեն, եւ իրեն հայտնի չէ, թե ուր են տեղափոխվել։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X