Գելխեղդի արահետով

Հոդվածիս վերնագիրն այլաբանություն չէ, մտահոգությունս հենց գելխեղդի մասին է, այդ լեգենդար շան, որը դարերով ապրել է մեր կողքին, անմնացորդ նվիրվածությամբ ծառայել մեզ: Անհանգստացած եմ գելխեղդի ճակատագրով, ինչ-որ տեղ նաև պատասխանատու եմ զգում ինձ, որովհետև իմ գրքերում բազմիցս անդրադարձել եմ այդ բացառիկ ցեղատեսակին, ինքս էլ երկար տարիներ պահել եմ գելխեղդ, փորձել եմ ճանաչել նրան: Իմ անհանգստության պատճառը որոշ կենդանասերների վերջերս բարձրացրած աղմուկն է` շնամարտերը դադարեցնելու պահանջով: Բնականաբար` տարբեր ցեղատեսակների «խուժան» շնամարտերին ինքս էլ կողմնակից չեմ:

Սակայն պետք է հասկանալ, որ լրիվ այլ է խնդիրը գելխեղդի թեսթային մենամարտերի դեպքում: Նախ, այս մենամարտերը բնավ դաժան չեն, ասենք` շատ ավելի դաժան են մարդկանց սպորտային մենամարտերը` բոքսը, թայբոքսինգը և այլն: Ինչ-որ տեղ հասկանում եմ կենդանասերներին, իսկական թեսթային մենամարտեր չտեսած, անտեղյակ` նրանց երևակայությունը, հավանաբար, զգայացունց, արյունալի տեսարաններ է պատկերում, սակայն հավատացնում եմ` դրանք միֆ են, իրականի հետ զուգահեռներ չունեն:

Թեսթային մենամարտերն անց են կացվում խիստ կանոնակարգով, դատավորի և բժշկի հսկողությամբ, վերջապես ինքը` գելխեղդը, այնքան ազնվացեղ շուն է, որ գիտակցում է` այս մենամարտերը սպորտային մրցակցություն են, այլ ոչ` կյանքի և մահու կռիվ: Գելխեղդի թեսթային մենամարտեր անց են կացվում աշխարհի բոլոր այն երկրներում, ուր կա այս ցեղատեսակը, նպատակը` հայտնաբերել ցեղատեսակին բնորոշ հատկություններով, ուժեղ շներին, որոնք էլ պետք է սերունդ տան` այդ հատկությունները սերընդեսերունդ փոխանցելու, պահպանելու համար: Թեսթային մենամարտերից զատ` սելեկցիոն խնդիրն ի շահ գելխեղդի լուծելու ուրիշ միջոց չկա: Գելխեղդը պուդել կամ բալոնկա չի, որ խուզենք, շամպունով լողացնենք, վզին էլ բանթ կապենք ու հանենք զբոսանքի, գելխեղդն ունի դարերի խորքից եկող հստակ առաքելություն, այն է` գայլերից, արջերից, թափառական շներից և այլ գազաններից, գողերից ու ավազակներից պաշտպանել տիրոջ հոտն ու նախիրը, տուն-տեղը:

Այսինքն` գելխեղդը թուլանալու իրավունք չունի: Մենք իրավունք չունենք թուլացնելու գելխեղդի ինքնությունը` նրա անկոտրում կամքը, ոգին, համարձակությունը, փորձը, ծնոտն ու մկանը, հոդն ու ոսկորը: Բնության մեջ կենդանիները հենց մենամարտերով են որոշում գեները փոխանցելու իրավունքը, պատկերացրեք, եթե, ասենք, բնությունը թույլ, վեհերոտ գայլին կամ առյուծին նույնպես սերունդ տալու հնարավորություն ընձեռեր, այս տեսակները վաղուց վերացված կլինեին աշխարհի երեսից:

Նույնը գելխեղդի դեպքն է, եթե, Աստված ոչ անի, վերացնենք մենամարտերը, բուծելու համար ստիպված ենք լինելու ուղղորդվել ընդամենը արտաքին տեսքով, արդյունքում ունենալու ենք գուցե գեղեցիկ, սակայն կամային, ուժային հատկանիշներից զուրկ, թույլ շներ, որոնք ոչ թե գայլ, նույնիսկ շնագայլի հանդիպելով` փախուստի կդիմեն: Նաև պիտի հաշվի առնենք հետևյալ կարևոր հանգամանքը` գելխեղդ պահելը, բուծելը, խնամելը դյուրին բան չէ, և եթե բացառենք թեսթային մենամարտերում հաղթող, ուժեղագույն շուն ունենալու շահագրգռությունը` շատերը կկորցնեն իրենց հետաքրքրությունը, գելխեղդ չեն պահի, այսինքն` կունենանք ոչ միայն որակական, այլև քանակական անդառնալի կորուստներ: Ահա, սա որ` իսկապես դաժանություն է` թաքնված շնասիրության, այս դեպքում` կեղծ քողի տակ:

Թեսթային շնամարտերում` ոչ մի կորուստ, միայն` ձեռքբերումներ, իսկ մենամարտերը վերացնելու պահանջին հետևելու դեպքում` անդառնալի կորուստներ` և՛ քանակային, և՛ որակային: Սա, ըստ էության, գելխեղդ ցեղատեսակը կորցնելու իրական ճանապարհն է: Այնպես որ, հարգելիներս, եկեք այս հարցում ողջամիտ լինենք, չմտնենք ընդհանրական, պատեհապաշտական, կեղծ զգայական և իսկապես վնասակար ձեռնարկների մեջ, մնանք հարազատ` մեր ավանդույթների հարյուրամյակներով հաստատված, արդարացված փորձին: Թողնենք գելխեղդին` թող շարունակի գնալ իր փորձված արահետով:

Գուրգեն Խանջյան

Մեկնաբանություն
X