Երբ ֆեդերացիայի նախագահն այլևս երկրի նախագահը չէ

Արդեն անդրադարձել ենք ՀՀԿ-ական ֆեդերացիաներում տիրող անհասկանալի իրավիճակին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ֆեդերացիաներում, որոնք ղեկավարում են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ՀՀԿ-ի հետ ինչ-ինչ կապեր ունեցող անձինք, ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ։ Իսկ գլխավորը, իհարկե, Շախմատի ֆեդերացիան է, քանի որ այն մինչ այժմ ղեկավարում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում ֆեդերացիայի խորհրդի անդամ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը հերքեց, թե ֆեդերացիայում խնդիրներ կան, ֆեդերացիան շարունակում է աշխատել այնպես, ինչպես նախկինում։ Չնայած մեր աղբյուրները պնդում են, որ շախմատի հետ կապված ոչ մի գործընթաց տեղի չի ունենում՝ ո՛չ մրցաշարեր, ո՛չ ծրագրեր։

-Նախկինում ՀՀ 3-րդ նախագահը մեծ ուշադրություն էր դարձնում ֆեդերացիային, եւ չենք լսել, որ ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունենար։ Այժմ լուրեր են պտտվում, թե ֆեդերացիայի ֆինանսական վիճակը լավ չէ։

-Ֆինանսական մասով ես չեմ զբաղվում, ես ավելի շատ ոլորտների զարգացմամբ եմ զբաղվում, բայց, ամեն դեպքում, խնդիրներ դեռ չկան:

-Խոսվում է նաեւ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնը լքելուց հետո ուշադրություն չի դարձնում ֆեդերացիային, իսկ ֆեդերացիայում էլ չգիտեն, թե ինչպես աշխատեն նրա «բացակայության» պայմաններում։

-Դա իրականության հետ որեւէ կապ չունի, ինչպես եղել են աշխատանքները, այնպես էլ ընթանում են, որեւէ բան չի փոխվել։

-Երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր, պարբերաբա՞ր էր հաճախում ֆեդերացիա։

-Այն պարբերությամբ, որքան որ կարողանում էր, բայց նա բոլոր խնդիրների մասին միշտ տեղյակ էր եւ որոշումներին մասնակից։

-Իսկ պաշտոնաթողությունից հետո եկե՞լ է։

-Եթե խնդիրներ լինում են, ապա, իհարկե՝ այո։ Մեկ անգամ արդեն պաշտոնաթողությունից հետո հանդիպում եղել է։ Քանի որ նա շատ լավ պատկերացնում է ոլորտը, պարտադիր չէ, որ միշտ գա, երբ որ խնդիրների մասին բարձրաձայնում են, նա արձագանքում է, որոշումներ ենք կայացնում այնպես, ինչպես եղել է նախկինում։

-Մոտ ապագայում ֆեդերացիան որեւէ միջոցառում, մրցաշար պատրաստվո՞ւմ է իրականացնել։

-Այս տարի արդեն 3 միջազգային մրցաշար անցկացվել է, հնարավոր է, որ 4-րդն անցկացվի՝ Ծաղկաձորում։ Դե, առջեւում օլիմպիադան է, պատրաստվում ենք։ Այն, ինչ պլանավորված կա, ընթանում է։

-Շախմատը Հայաստանում գերակա ոլորտ է համարվել, եւ երեւի նաեւ դրանով էր պայմանավորված, որ այն ղեկավարում էր երկրի նախագահը, հնարավո՞ր է, որ ապագայում այն կրկին հանձնվի երկրի ղեկավարին, տվյալ դեպքում՝ վարչապետին։

-Ֆեդերացիայի նախագահը կարող է փոխվել այն ժամանակ, երբ աշխատանքներում խնդիրներ լինեն, երբ արդյունքները չգոհացնեն։ Հայաստանն այսօր շախմատի ոլորտում այն երկրներից է, որին մատնացույց են անում, թե ինչպես պետք է աշխատել, ինչպես պետք է զարգացնել, մեզ ընկալում են որպես կայացած, հզոր ֆեդերացիա։ Այս պահին որեւէ խնդիր չունենք, ամեն ինչ լավ է։

Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, նա դեռ երկրի նախագահը չէր, պաշտպանության նախարարն էր: Դեռ 1994 թվականից նա միշտ եղել է շախմատի կողքին՝ աջակցելով ֆեդերացիային: Թեեւ ֆեդերացիայի կազմում չէր, սակայն միշտ ակտիվորեն փորձում էր օգտակար լինել։ Իսկ շախմատային աշխարհն իրեն ճանաչում եւ ընդունում էր։

-Շախմատում բավականին նշանակալից արդյունքներ ենք ունեցել անցյալում, Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի գործոնը կա՞ այդտեղ։

-Մարդկանց, ովքեր շախմատի գործունեությունից անտեղյակ են, թվում է, թե մենք աշխարհում առաջատարներից ենք միայն նրա համար, որ մեր շախմատիստներն ուժեղ են: Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Կան շատ երկրներ, որոնք, ունենալով հզոր շախմատիստներ, չեն գրանցել մեծ արդյունքներ: Աշխարհում լինել բարձր դիրքերում՝ նշանակում է ստեղծել առողջ մթնոլորտ, ունենալ կազմակերպված համակարգ եւ նվիրյալ աշխատողներ: Այդ դեպքում միայն կարելի է գրանցել մեծ հաղթանակներ եւ առաջընթաց: Շատ կարեւոր է նաեւ, թե ով է առաջնորդը:

-Սերժ Սարգսյանը լա՞վ է շախմատ խաղում։

-Սիրողական մակարդակի համար նա բավականին լավ է խաղում, զգում է շախմատը, իրավիճակների փոփոխությունը, կարողանում է լավ պաշտպանվել, ճիշտ գնահատել դիրքը։ Նա շատ անգամ ինձ զարմացրել է՝ խաղալով եւ հավասար պայքարելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր շախմատային մասնագիտական ունակություններ ունեն։

-Սերժ Սարգսյանի հրաժարականը երկրի նախագահի պաշտոնից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆեդերացիայի գործունեության վրա։

  • Դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իշխանության վերաբերմունքը շախմատի նկատմամբ։ Ես համարում եմ, որ շախմատը բարիք է, եւ դա գիտակցում են աշխարհի շատ երկրներ։ Շախմատը ներմուծվեց նաեւ կրթական համակարգ. դա շատ կարեւոր քայլ է, քանի որ երեխային պետք է մտածել սովորեցնել, եւ այսօր տասնյակ երկրներ այդ ճանապարհին են։ Լինելով այդպիսի շախմատային երկիր՝ դա, անշուշտ, մեզ պատիվ է։ Կարծում եմ, որ բոլորս պետք է այսօր փորձենք պահպանել եւ ավելացնել այն արժեքները, ինչ ունենք։ Այժմ մենք ունենք նոր իշխանություն: Հուսով եմ՝ ինչ իշխանություն էլ որ լինի այսօր կամ ապագայում, կլինի շատ հոգատար լավ արժեքների հանդեպ:

-Շախմատը դպրոցական ծրագիր մտցվեց Սերժ Սարգսյանի օրոք, նոր ԿԳ նախարարի հետ որեւէ զրույց ունեցե՞լ եք շախմատի այդ կարգավիճակը պահպանելու մասով։

-Դեռ հանդիպում չենք ունեցել։ Շախմատն ընդգրկվեց կրթական համակարգ 2011 թվականին: Մինչ այդ՝ 2005 թվականից սկսել ենք նախապատրաստական աշխատանքներ տանել: Շատ հետեւողական, տաժանակիր եւ բարդ աշխատանք էր պահանջվում, քանի որ նախադեպը չկար, եւ այսօր շատ երկրներ գալիս են ծանոթանալու մեր փորձին։ Չեմ կարծում, որ կրթական համակարգում այդքան կարեւոր ներդրմանը կարելի է լինել անտարբեր։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X