«Կացնային» որոշումներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Ինձ ցավ է պատճառում, որ նույնիսկ այսօր նոր Հայաստանում որոշ ղեկավարներ, շրջանցելով իրավական, ինչպես նաեւ կառավարման ու բարոյական շատ եւ շատ նորմեր ու սկզբունքներ, ընդունում են որոշումներ, որոնք ոչ միայն խոչընդոտում են բուհերում գիտության եւ կրթության հետագա առաջընթացը, այլեւ բարոյական եւ նյութական ապտակ են հասցնում այն աշխատողներին, որոնք չնայած ունեն պատկառելի տարիք, սակայն իրենց մտավոր ու ֆիզիկական կարողություններով այսօր էլ անում են ավելին, քան շատ եւ շատ շարքային դասախոսներ: Հավելենք, որ մինչ օրս գիտությանը պարզ չէ հատկապես մարդու կենսաբանական, ինչպեսեւ մտավոր եւ ֆիզիկական կարողությունների առեղծվածը: Անդրադառնալով իմ անհանգստությանը՝ նշեմ, որ խոսքը վերաբերում է վերջերս ՀՊՏՀ գիտական խորհրդի 29․ 06.2018թ. «Դասախոսների 2018-2019 ուստարվա ուսումնական բեռնվածության որոշման առաջնահերթությանը», որում առաջին պարբերությամբ ասվում է.

  1. Ըստ առաջնահերթության ուսումնական բեռնվածություն չնախատեսել.
  1. 75 եւ ավելի տարիք ունեցող դասախոսների համար

  2. գիտական աստիճան կամ կոչում չունեցող դասախոսների համար

  3. համատեղությամբ դասավանդողների համար:

  1. 63-75 տարիքային միջակայքում դասավանդողների համար հնարավորության դեպքում նախատեսել ոչ լրիվ բեռնվածություն:

Նախ՝ թույլ տվեք հարցնել. այդ ի՞նչ հերթ է, ո՞վ է տվել իրավունք՝ 75-ից հետո կիրառել «գիելյոտին»: Անօրինականություն է նաեւ որոշման ընդունման ժամկետը: Ընդունելության արդյունքները չավարտված՝ կայացնել նման որոշում, կարող են միայն համակարգից անտեղյակ ղեկավարները, իսկ եթե անդրադառնանք քերականական անճշտության եւ առանձին հոդվածների բաժանարար անջատմանը ստորակետներով, ապա պարզ է դառնում նրա իրականացման անճշտությունը (չէ՞ որ դրանք հավասարազոր են): Այլ խոսքով, լինել կառավարման համակարգի մասնագետներ եւ ընդունել նման որոշում՝ նշանակում է նաեւ ետ գնալ ցարական, ստրկատիրական դարաշրջան: Ինչ խոսք, նման որոշման ընդունումը բխում է ներկայիս իրավիճակից՝ հարկադրաբար: Սակայն չպետք է մոռանալ, որ ամենից զատ գոյություն ունեն շատ պարզ էթիկական կանոններ եւ բարոյական նորմեր, ինչպես նաեւ բուհի կառավարման մատչելի եւ ընդունելի ձեւեր ու մեթոդներ: Կարծում եմ՝ ծերությունը բեռ չէ եւ ոչ էլ դատավճիռ, հատկապես, երբ մարդը կարող է անել ավելին՝ կրթել, դաստիարակել եւ իր փորձն ու գիտելիքները հաղորդել սերունդներին:

Շրջանցել բուհում դասախոսի գնահատման այնպիսի ստույգ մեթոդներն ու միջոցները, ինչպիսիք են դասալսումները, աշխատանքային կարգապահությունը, գիտական աշխատանքների եւ կոչումների առկայությունն ու բազմաթիվ այլ չափորոշիչներ ու տալ «կացնային հարված», նման է ծառն արմատախիլ անելուն եւ որակյալ բերքատվության սպասելուն: Նման որոշումն անհիմն է նաեւ իրավական տեսակետից, եւ գուցե հենց դա է պատճառը, որ հանրապետության եւ ոչ մի բուհ, այդ թվում՝ մայր բուհը, չունի նման որոշում: Վերջապես, մի՞թե արդարացի է, երբ մեկը միաժամանակ աշխատում է մի քանի տեղ, չունի ոչ մի կոչում ու գիտական աստիճան, սակայն ավելի արտոնյալ է, քան այն անձը, որը գիտական կոչումներից բացի ունի բազում կառավարական պարգեւներ, մրցանակներ եւ միջազգային ճանաչում: Հետեւությունը թողնում եմ ձեզ: Այս ամենից զատ, չէ՞ որ կան եւ գործում են ավելի մեղմ ու բարոյական մեթոդներ մեծահասակներին պատվով ճանապարհելու համար: Նման որոշումը ոչ միայն հարիր չէ հեղինակավոր բուհին, այլեւ հարված է մարդասիրական սկզբունքներին, հատկապես՝ ողջ աշխարհում ընդունված «արդարացի խաղի» (Fair play) գաղափարներին:

Չեմ կարող չարձանագրել նաեւ երկդիմի այն խաղի մասին, որը տեղի է ունենում առանձին անձերի եւ ղեկավար մարմինների միջեւ: Մի կողմից՝ խոստանում են, որ հարցը կլուծվի ուսումնական տարվա սկզբին, մյուս կողմից՝ պարտադրում ամբիոնի ղեկավարությանը խստորեն հետեւել որոշման կատարման առաջնահերթությանը՝ շեշտադրելով տարիքային առանձնահատկությունը: Այդպիսով, հնարավորություն չի ստեղծվում տարանջատել լավը վատից, աշխատողին՝ չաշխատողից, վաստակ ունեցողին՝ չունեցողից, վերջապես՝ նվիրյալին՝ ոչ նվիրյալից: Ասացե՛ք, մի՞թե նվաստացուցիչ չէ, երբ պաշտոնատար անձինք ՀՀ վաստակավոր գործչին, պրոֆեսորին պատասխանում են, թե այլընտրանք չկա, դա որոշման պահանջ է եւ վերջ: Իսկ երբ առաջ է քաշվում մարդասիրական հավասարության եւ համագործակցության սկզբունքը, պատասխանում են, որ ինչ-որ մեկը պետք է տա իր գրավոր համաձայնությունը՝ միաժամանակ խիստ զգուշացնելով, որ որոշման դրույթները չեն վերաբերում մրցույթով անցածներին: Հիշեցնենք, որ, նախեւառաջ, նման շեշտադրում չկա որոշման մեջ, քանզի, աշխատանքային օրենսդրության համաձայն, պայմանագրային աշխատողը նույնպես օգտվում է նույն իրավունքներից եւ համարվում է հիմնական աշխատող: Անընդունելի է նաեւ, երբ նշում ես համատեղության եւ մի քանի տեղ միաժամանակ աշխատելու մասին, ստանում ես պատասխան, որ դա իրենց գործը չէ, նրանց աշխատանքային գրքույկը գտնվում է համալսարանում, եւ իրենց չի հետաքրքրում, թե ուրիշ ինչ են անում: Ավելին, կրկնում են իրենց անհիմն բացատրությունը, որ դասախոսի աշխատանքային գործունեության սահմանը 75-ն է ու վերջ: Ո՛չ, ընկերներ, դուք չէ, որ պետք է սահման դնեք մարդկային կյանքին եւ նրա գործունեությանը: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն մասնավոր բուհ չէ, այլ՝ պետական կառույց, որն առաջնորդվում է ՀՀ ԿԳ նախարարության օրենքներով եւ կանոններով, որոնցում երբեւէ չի նախատեսվել դասախոսական անձնակազմի տարիքային սահմանափակում: Հավելենք, որ գիտության դոկտոր կարող են դառնալ ե՛ւ 20, ե՛ւ 80 տարեկան անձինք: Իսկ եթե ընդունենք, որ նման որոշումը, ինչպես նշվեց վերեւում, բխում է ներկայիս իրավիճակից, հանդիսանում է որպես ուղեցույց, ապա վերլուծության թեմա է դառնում, թե ինչպես է այն իրականացվում առանձին ամբիոններում: Շրջանցել որոշման առաջին պարբերության մեջ նշված բոլոր 3 դրույթները եւ առաջին պլանի վրա դնել տարիքային առանձնահատկությունը, նույնն է, ինչ կիրառել նախկին իշխանությունների որդեգրած «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը:

Ցավալին այն է, որ նման անարդար վերաբերմունքը ՀՊՏՀ-ում միակը չէ: Վերջին տարիներին այդ մասին շատ է խոսվել ու գրվել տարբեր լրատվամիջոցներում: Հատկապես անդրադարձ է արվել գիտական թեզի անօրեն կազմակերպման, բարեկամ-ծանոթ հարաբերությունների ու պաշտոնների բաշխման, վերեւից հրահանգվող կադրերի տեղավորման, առանձին ամբիոնների եւ մասնագիտությունների միացման ու լիկվիդացման, ինչպեսեւ կուսակցական պատկանելության չարաշահումների, ստորագրահավաքների եւ այլ ոչ ցանկալի երեւույթներին:

Ներդրված ջանքերը՝ պահպանելու համալսարանի եւ ամբիոնի երբեմնի ունեցած համբավն ու հեղինակությունը, ոչ միայն արդյունք չտվեցին, այլեւ պատճառ դարձան բազմաթիվ անհարկի բամբասանքների տեղատարափի: Վերջին երեւույթը ստիպեց մեկ անգամ եւս փորձել հաշտության եւ համագործակցության եզրեր գտնել: Չստանալով եւ ոչ մի աջակցություն եւ մտահոգված համալսարանի ապագայով՝ հույս եմ հայտնում, որ այս անգամ պատկան մարմինները կարձագանքեն, ու մենք կապրենք հայաստանյան ՆՈՐ օրենքներով՝ առանց «կացնային» հարվածների:

Լյովա ՍԱՄՎԵԼՅԱՆ

ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ եւ վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր

Մեկնաբանություն
X