Մեծ սուտը՝ հրապարակում

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասին շատ խոսվեց: Ծանր-ծանր դատողություններից մինչեւ հիացական գնահատականներ, լուրջ քննադատությունից մինչեւ սեւացումներ ու անհարկի ցեխարձակումներ՝ ամեն ինչ տեսանք, ամեն ինչ կարդացինք: Եթե անձամբ իմ կարծիքն այդ միջոցառման մասին հետաքրքիր է որեւէ մեկին, ապա ասեմ, որ դա մի յուրահատուկ «հանրահաթաթա» էր, որ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, անվանեց «հաղթանակի հանրահավաք»: Թե ում էին հաղթել վերջին 100 օրում, այդպես էլ չհասկացանք, որովհետեւ Հայաստանում այսօր բոլորն ամեն ինչ անում են, որպեսզի իշխանափոխությունը, այնուամենայնիվ, առանց կորուստների ու ձախողումների հասնի իր տրամաբանական ավարտին: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ հաղթանակում իրենց լուման ունեն ոչ միայն Հանրապետության հրապարակում կանգնածները, այլեւ նրանք, որոնց հանիրավի հակահեղափոխական են անվանում: Կարիք չկա երախտամոռ լինել եւ չնշել, որ, դիցուք, ՀՀԿ-ն գործնականում ավելի շատ բան է արել շարժման հաղթանակի համար, քան այն մարդիկ, ովքեր այդ օրը կանգնած էին հարթակին:

Ես այսօր չեմ խոսի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթի «խորքերի» մասին: Ոչ էլ այդ ելույթի գեղագիտական կողմին կանդրադառնամ, որովհետեւ Փաշինյանի միատոն խոսքը վաղուց է, ինչ չի տպավորում: Բայց հանրահավաքի հենց սկզբում տեղի ունեցավ մի բան, որի մասին չխոսել հնարավոր չէ:

Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է մի ամբողջ հրապարակ մարդ միաժամանակ ստել: Դուք կասեք՝ դա նոնսենս է: Բայց մի շտապեք: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այնպես անել, որ հրապարակը մի մարդու պես ստի: Եվ նա դա արեց առանց հիպնոսի, առանց կախարդական փայտիկի, շոումենին հատուկ անբռնազբոսիկ խոսքով ու բեմի վրա շրջելով: Ներկաներին ողջունելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշեց, որ ժողովուրդն էլ պետք է օվացիաներով ու ծափերով ողջունի կառավարության անդամներին: Ու սկսեց կարդալ հարթակին կանգնած երեւելիների անունները՝ չմոռանալով նաեւ «հարգելի բացականերին»:

«Ջերմորեն ողջունում ենք առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին»... Ուուուուու... «Բարձր ծափահարություններ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»... Ծափեր... «Ողջունենք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՜ն»... Օօօօօօ... Այսպես հրապարակը բուռն ողջունում էր բոլորին, ում անունը տվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ երբ հերթը հասավ Երեւանի քաղաքապետի «ՔՊ» թեկնածու Հայկ Մարությանին, հրապարակը պարզապես պայթեց ծափերից ու անհավանական գոռոցներից: Հիմա՝ եթե Հայկ Մարությանի (Հայկոյի) պարագայում դա լրիվ հասկանալի էր, ապա ինձ համար գաղտնիք մնաց, թե ինչու էր հրապարակում խմբված ժողովուրդն այդպես ծափահարում մյուսներին, օրինակ՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Ես այնքան հակահեղափոխական չեմ, որ այս 100 օրում չնկատեի մեր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կատարած գոնե մեկ լավ գործ: Նույնը կարող եմ ասել ԿԳ եւ մշակույթի նախարարների մասին, նաեւ բոլոր նրանց, ում անունները տվեց Փաշինյանը: Ստացվում է, որ մի ողջ հրապարակ մարդ գոհ է այս կառավարության աշխատանքից եւ իր երախտագիտությունն է հայտնում սկանդալներից աչք չբացող այդ պաշտոնյաներին: Իսկ գուցե հրապարակը Փաշինյանի ներկայությունից ու քաղաքավարությունից դրդվա՞ծ է ողջունում, ենթադրենք, Արայիկ Հարությունյանին, որը մի քանի օր առաջ եվրոպական անառականոցների մասին «ջերմ» խոսքեր էր գրել իր ՖԲ պատին, որ դպրոցականները կարդան: Բայց դա արդեն պարզ սուտ է, սուտ ծափ ու սուտ օվացիա... Չե՞ք կարծում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X