ԶԼՄ-ներին փնովող պաշտոնյաներին պետք է բոյկոտել

Ոչ ոք չի կարող ժխտել, որ զանգվածային լրատվության միջոցների դաշտը մեր երկրում ամենակայացած ոլորտներից է, որտեղ կա բազմազանություն, կա մրցակցություն, կա հավասարություն եւ ազատություն։ Եվ ընթերցողը՝ անգամ ամենաբծախնդիր, կարող է գտնել իրեն սրտամոտ լրատվամիջոց եւ իր ամենաբազմազան պահանջները բավարարող լրատվություն։ Լուրջ վերլուծություններ ես ուզում՝ խնդրեմ, պարզ տեղեկատվություն ես ուզում՝ խնդիր չկա, օպերատիվություն ես պահանջում՝ համեցեք, զվարճանքային նյութեր ես նախընտրում՝ ոչ մի խնդիր։ Իհարկե, կան որակյալ եւ անորակ լրատվամիջոցներ, գրագետ ու անգրագետ նյութեր, լավ գրիչ ունեցող լրագրողներ եւ թոթովախոսներ, որոնք առաջին քայլերն են անում։ Բայց դա նորմալ է, որովհետեւ նախ սկսնակներն էլ պետք է կարողանան աշխատել եւ փորձ ձեռք բերել, երկրորդ՝ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ ԶԼՄ-ներն են։ Չէ՞ որ մեր հասարակության մեջ կան գրագետներ ու անգրագետներ, սերիալներ նայողներ եւ Մաքիավելի ընթերցողներ, մամուլը մերժողներ եւ մամուլի ամեն տողը հալած յուղի տեղ ընդունողներ։ Մի բան պարզ է, որ եթե մեր կյանքի բոլոր ոլորտներում ու ասպարեզներում մենք ունենայինք նման բազմազանություն, ապա շատ բնագավառներում իրավիճակը փոքր-ինչ այլ կլիներ՝ մենաշնորհներ չէին լինի, ամեն ինչ թափանցիկ կլիներ, եւ ՀՀ քաղաքացիների-սպառողների պահանջներն ավելի բավարարված կլինեին։

Բայց երբ ԶԼՄ-ները լիարժեք աշխատում են, դա ոչ բոլորին է դուր գալիս։ Բնական է, որ կոռումպացված պաշտոնյաները, ծույլ պատգամավորները, անգրագետներն ու անբանները, թալանչիներն ու հավերժ դժգոհները բողոքելու են, փնովելու են, վարկաբեկելու են՝ դրանով նսեմացնելով լրագրողներին ու նրանց արածը, արժեզրկելով գրավոր խոսքը։ Խելացի մարդիկ դա հասկանում են։ Այնպես, ինչպես հասկանում են, որ ԶԼՄ-ների դեմ պայքարն անհեռանկար է եւ անիմաստ, անգամ՝ անազնիվ ու վտանգավոր։ ԶԼՄ-ների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողները մեկ ճանապարհ ունեն՝ չկարդալ այն լրատվամիջոցը, որը չեն հավանում, որին չեն հավատում։ Եվ այն մարդիկ, ովքեր կարդում են ու փնովում, կարդում են ու փորձում նեգատիվ վերաբերմունք տարածել, վատ բան են անում, գուցե որոշ շրջանակների պատվերն են կատարում։ Նրանց, ում դուր չի գալիս տվյալ լրատվամիջոցն ու նրա խոսքը։ Չեք սիրում, չեք հավանում՝ մի կարդացեք եւ վերջ։ Ի վերջո, եթե ԶԼՄ-ն ունի ընթերցող, կգործի, եթե չունի, կհեռանա ասպարեզից, ֆինանսական դժվարություններ կունենա, ընթերցողների շրջանակը կնեղանա, դժվար կլինի արհեստականորեն այն պահելը։ Անգամ եթե ԶԼՄ-ն ունի կոնկրետ սեփականատեր կամ դոնոր, որը հոգում է նրա առօրյա կարիքները, միեւնույն է՝ ֆինանսական միջոցներ տիրապետող անձինք շատ լավ հաշվել գիտեն՝ լսարան չունեցող ԶԼՄ-ին սնելու իմաստը չկա։ Բիզնեսմեններն անիմաստ ներդրումներ անել չեն սիրում։ Ներդրումներ՝ ընթերցողներն էլ, գործարարներն էլ անում են միայն կայացած, լսարան ունեցող, հեղինակություն ունեցող լրատվամիջոցներում։

Բայց հայկական ԶԼՄ-ների դաշտը մի մեծ թերություն ունի՝ կորպորատիվ շահի գիտակցում, համքարային մտածողություն չկա։ Մեր լրագրողները եւ լրատվամիջոցները չեն հասկանում, որ երբ որեւէ պաշտոնյա վարկաբեկում է ԶԼՄ-ների դաշտը, կոնկրետ մեկին չի խփում, այլ բոլորին է վնասում։ Մասնագիտական խանդը, իհարկե, կարեւոր դեր է խաղում, եւ մրցակից թերթին ուղղված հերքումն ու վիրավորական տեքստը գուցե դուր է գալիս լրատվամիջոցներին, բայց տարրական տրամաբանություն ունեցող մեկը կհասկանա, որ ընթերցողը հաճախ չի էլ հիշում, թե որ լրատվամիջոցի հոդվածն է հերքվել։ Նրանց մոտ նստվածք է տալիս այն տեսակետը, թե «էս մամուլն անընդհատ սխալ բան է գրում», «լրագրողները մենակ վատ նյութեր են գրում», «բոլոր նյութերը հերքվում են», «բոլոր լրագրողներն անգրագետ են» եւ այլն։ Իրականում պետական կառույցներն ու անհատ անձինք այս տարիներին հմտացել են ստի մեջ, եւ նրանց մոտ կորպորատիվ շահն ավելի արագ է ձեւավորվել՝ նրանք հասկացել են, որ կարող են «հերքում» վերնագիրը դնել որեւէ տեքստի վրա եւ տպավորություն ստեղծել, թե իրենց մասին սխալ բան է գրվել, սակայն տեքստում, ըստ էության, հաստատել մամուլի հրապարակումը։ Կարող են կառչել մի չնչին տառասխալից եւ «հերքում» տարածել՝ թաքցնելով ողջ ճշմարտությունը, եւ կարող են հերքել մի բան, որը մի քանի օր անց կհաստատվի, բայց ընթերցողի մոտ հերքման տեքստը տպավորություն կթողնի, եւ նրա հիշողության մեջ դա կամրագրվի։

Նախօրեին Վրաստանից ժամանած լրագրողը պատմեց, թե ինչպես են վրաց լրագրողները դաս տվել մի պետական պաշտոնյայի, որն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե լրագրողները պրոֆեսիոնալ չեն եւ սխալ տեղեկություններ են հրապարակում։ Նրանք կազմակերպված դուրս են եկել ասուլիսից՝ պատժելով չափն անցած պաշտոնյային եւ դաս տալով հաջորդներին։ Մեզ մոտ նման ակցիաներ լրագրողները չեն անում, հակառակը՝ ուրախանում են, երբ մի կիսատ-պռատ պաշտոնյա իր ասուլիսում հարձակվում է մամուլի վրա։ Օրերս սփյուռքի ձախողված նախարարը, որի 4-ամսյա գործունեության սխալների հանրագիտարան կարելի էր կազմել, համարձակվել է հայտարարել, թե որոշ լրատվամիջոցներ «սթափվելու կարիք ունեն»՝ նկատի ունենալով «Հրապարակը», եւ այս տեքստը լսող լրագրողները ոչ միայն չեն առարկել, այլեւ բառացիորեն սղագրել են սրա անհեթեթ մտքերը՝ չխորանալով, թե ինչի մասին է խոսքը, ինչ է հրապարակվել «Հրապարակում», որը սույն Քաջ Նազարին հնարավորություն է տվել նման արտահայտություն անելու։ Վստահ եմ՝ վրաց լրագրողները սա չէին հանդուրժի։ Ոչ թե՝ որովհետեւ «Հրապարակն» անթերի է, կամ շատ են սիրում մեզ, այլ որովհետեւ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի անպատիժ նման հայտարարություն անելու, եթե անգամ մենք բոլոր օրենքներն ու էթիկան ենք խախտել։ Իսկ մեր հրապարակումն ընդամենը ԱՄՆ հայ համայնքից ստացված մի նամակի հետ էր կապված, եւ հոդվածում մենք նաեւ նախարարության կարծիքն էինք զետեղել։

Առհասարակ՝ եթե այս իշխանությունն ուզում է հաջողել եւ երկիրը չմղել միջնադարյան խավարի գիրկը, պետք է սովորեցնի իր ներկայացուցիչներին հարգալից լինել մամուլի նկատմամբ եւ առճակատման չգնալ լրագրողների հետ։ Մենք անգամ Հանրապետականի իշխանության շրջանում այսքան ճնշումների չէինք ենթարկվում եւ ազատորեն աշխատում էինք՝ քննադատելով բոլորին եւ գրելով ամեն ինչի մասին։ Աստված չտա, որ երանի տանք Սերժ Սարգսյանի ժամանակներին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X