Խմելու ջրի ոլորտում հանձնաժողովի լիազորությունները մեկնաբանողներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 27.08.18թ. պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել էր այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։

Մինչդեռ, չնայած նշվածին, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք, ցավոք վերստին փորձ են անում ապակողմնորոշող տեղեկատվության տարածմամբ հանրության մոտ տարընկալումներ առաջացնել և գործող իրավակարգավորումներից անտեղյակությունը արդարացնել այլ անհիմն փաստարկներով:

Նշվածով պայմանավորված Հանձնաժողովը կրկին հայտնում է՝

. Բազիսային սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում,

. Բազիսային սակագները** **սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի համաձայն և ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով՝ հետագա 15 տարիների համար,

. Բազիսային սակագները ենթակա են ճշգրտման սակագնային հավելվածով ամրագրված բանաձևերով՝ պայմանավորված 3 գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման բազիսային ծավալների փոփոխություն):

Ուստի, ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ սակագին բարձրացնելու հայտը քննելիս՝ հանձնաժողովը պետք է հաշվի առներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը, չունի որևէ իրավական հիմք, քանի որ նշված գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի կողմից սակագների ճշգրտման գործընթացում (ճշգրտման գործոնները սպառիչ սահմանված են)։ Ավելին, համաձայն վարձակալության պայմանագրի, ջրի կորուստների և գնումների հետ կապված հարաբերությունները նշված պայմանագրի կարգավորման առարկա են:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, հետո միայն հրապարակայնորեն հանդես գալ։

Մեկնաբանություն
X