Շանթ Հարությունյանը ազատ կարձակվի կամ արդարացումով, կամ էլ ԱԺ-ի միջոցով

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին ազատ արձակելու կոչեր հնչում են թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ դրանից դուրս։ Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, նախորդ օրը նամակ-խնդրանքով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հոր՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը։ Շահենը մեզ հետ զրույցում ասաց, որ հորը չեն առաջարկել վաղաժամկետ-պայմանականով ազատ արձակվել, սակայն, եթե անգամ առաջարկեին, հայրը չէր ընդունի․ «Վաղաժամկետը նա է, որ մարդ իր մեղքն ընդունում ա, ուստի Շանթ Հարությունյանը հրաժարվել է վաղաժամկետ-պայմանակով դուրս գալուց։ Իրեն ընդհանրապես չեն էլ առաջարկել։ Սերժ Սարգսյանից ժամանակներից մինչեւ այսօր առաջարկ չի եղել։ Բայց ինքը չի դիմի վաղաժամկետի համար։ Ներումով էլ չի ցանկանա»։

Շահենի խոսքով՝ հայրը դուրս կգա կամ արդարացման միջոցով, կամ էլ այլ արժանապատիվ ճանապարհով․ «Օրինակ, քաղաքական իրավիճակի փոփոխություն, Ազգային ժողովի հայտարարություն։ ԱԺ-ն կարող է քվեարկություն անցկացնել»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ արդարացման որոշում կարող է Վճռաբեկ դատարանը կայացնել․ «Դատախազությունը պետք է դիմի Վճռաբեկ դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով։ Ես համոզված եմ, որ Շանթ Հարությունյանի գործով, ինչպես եւ շատ նմանատիպ գործերով, եղել է գործի նյութերի 2 թղթապանակ, մեկը հրապարակվել է, մեկը չի հրապարակվել։ Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում ինչ-որ տեղից շատ պատահաբար հնարավոր է գտնել ինչ-որ ապացույցներ։ Խնդիրը հնարավոր կլինի բարձրաձայնել։ Ցանկության դեպքում ճանապարհները տարբեր են, շատ արագ կարելի է կազմակերպել, պարզապես «տղամարդ եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս» տարբերակն է իրենց մոտ գործում, կարծում են՝ հերոսություն են անում։ Եթե պաշտպանական կողմը էդ նյութերն ունի, ուրեմն շատ լավ ա։ Օրենքով սահմանված ա, որ նախաքննության մարմինը պարտավոր է հավաքել բոլոր ապացույցները ոչ միայն մեղադրելու, այլ նաեւ արդարացնելու համար։ Ես համոզված եմ, որ կան այդ ապացույցները, բավարար հիմքերը, եւ կարելի ա այդ ամենը կազմակերպված կերպով անել։ Բայց ցավում եմ, որ դատախազությունը դեռ իշխանափոխված չէ»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X