Ավագանու անդամները «ժրել» էին՝ դեմ քվեարկեցին ստուգումների ակտին

>

Այսօր Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում հետեւյալ հարցերն էին՝ Հրազդան համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների քննարկում, սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները, մարզահրապարակ կահավորելու նպատակով տարածք հատկացնելու, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում աղբահավաք մեքենայի ձեռքբերման մասին եւ այլ հարցեր:

Նիստի առաջին հարցը զեկուցեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ռոբերտ Դանիելյանը: Հարցը հետեւյալն էր՝ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ավագանին պետք է ի գիտություն ընդուներ եւ քայլեր ձեռնարկվեր խախտումները եւ թերությունները վերացնելու ուղղությամբ, եւ այդ պետք է հաստատվեր մինչեւ սեպտեմբերի 7-ը: Ավագանու անդամները համաձայն չէին օրակարգի հարցի հետ: «Բոլորդ գիտեիք, որ մարզպետարանը վարչական վերահսկողություն է իրականացնում քաղաքապետարանում: Այդ ընթացքում արձանագրվել են խախտումներ տարբեր ոլորտներում: Այս պահին կա ակտ, ի վերջո օրակարգի մեջ ընդգրկված հարցը բխեցրել ենք այդ ակտից: Հիմա էստեղ քննարկել, ես մեղավոր չեմ, ինքն է մեղավոր կամ մարզպետարանը․ ինչու՞ էսքան ժամանակ այդ խախտումը չի արձանագրել, դա իմ խնդիրը չի: Ես պատասխանատու եմ հուլիսի 10-ից հետո՝ քաղաքապետարանում գործունեության համար: Ուզում եք դեմ քվեարկել, դեմ քվերակեք»,-ասաց քաղաքապետի ժ/պ Լիլիթ Ստեփանյանը:

Երկար տարաձայնությունից հետո ավագանու անդամները դեմ քվեարկեցին օրակարգի առաջին հարցին: Համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Երվանդ Հակոբյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը՝ տրամադրել Սթրիթ Վորքաութ Հայաստանյան ֆեդերացիային բարեգործական հիմունքներով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Շատրվանային պուրակի 0,0096 հա տարածք, մարզական գույքով և մարզական սարքավորումներով կահավորելու նպատակով. «Կա՛մ պետք է ընդունենք, կա՛մ մերժենք, սա հրազդանցիների համար է, ցանկալի է այն լինի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դիմաց: Ընկերությունը այս ամենը նվիրում է Հրազդանին»,- ասաց Հակոբյանը, իսկ ավագանին էլ կողմ քվեարկեց:

Համայնքի զարգացման հարցերով պատասխանատու Վանուհի Բարեղամյանը ավագանու անդամներին ներկայացրեց Հրազդան համայնքի կենցաղային, ոչ կենցաղային և տեխնիկական աղբի հավաքումը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աղբատար մեքենայի ձեռքբերման հայտը:

Ըստ նրա՝ ծրագրի արժեքը կազմում է 22մլն.800հազար ՀՀ դրամ, որից 5% -ը՝ 1մլն. 140հազար ՀՀ դրամը կներդնի համայնքը, իսկ մնացածը՝ պետական բյուջեից: Ավագանու նիստի ժամանակ նաեւ սահմանվեց հստակ գումար սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման համար: Ավագանու որոշմամբ բնակչությանը սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ 20հազար դրամ: Արտակարգ իրավիճակների եւ աղետների դեպքում՝ 200հազար դրամ, Արցախյան պատերազմի մասնակիցներին՝ 15հազար, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին՝ 10հազար, Հայրենական մեծ պատերազի մասնակցին՝ 15 հազար դրամ:

Ավագնու անդամները պայմանավորվեցին, որ նիստից հետո կծանոթանան մարզպետարանի ստուգումների արդյունքներին, եւ այդ հարցը կննքարկեն հարջորդ ավագանու նիստում: Նկատենք, որ ավագանու անդամները առաջին անգամ ինչ-որ որոշման դեմ քվեարկեցին: Նախկին քաղաքապետի օրոք ավագանու անդամներից միայն Վիգեն Գրիգորյանն էր, որ հարցեր էր բարձրացնում, մնացածը՝ ձեռք բարձրացնողի դերում էին: Հիմա չգիտես ինչու բոլորը աշխուժացել են, անգամ դեմ են քվեարկում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X