Ոստիկանները արգելեցին «փողոցային երաժիշտներին» նվագել Հյուսիսային պողոտայում․ ահազանգում է գրողը

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ երեկոյան ոստիկանները արգելեցին «փողոցային երաժիշտներին» նվագել Հյուսիսային պողոտայում։ Խմբին, որ բաղկացած էր ուկրաինացիներից ու վրացիներից ու շատ որակյալ երաժշտություն էր նվագում, չբացատրեցին՝ ով է տվել հրահանգը. Հանրապետության հրապարակում, Օպերայի շրջակայքում ու Հյուսիսային պողոտայում չի կարելի։

Հանրապետության հրապարակն ու Օպերան չեմ քննարկում։ Բայց Հյուսիսային պողոտան՝ ինչի՞ համար։ Մարդիկ քայլում են, տարբեր ճաշակի ու որակի երաժշտություն է հնչում, ուզում են՝ կանգնում-լսում են, չէ՝ չէ։ Ամբողջ աշխարհում ընդունված բան է, և լավ ցուցանիշ է, թե երկիրը որքան է հյուրընկալ՝ կգա՞ մեքսիկացին, պարսիկը, ուկրաինացին, վրացին։ Վերջերս շատ են ասում, թե տեսեք՝ ինչ լավ փողոց են սարքել նախկինները ձեզ համար։ Լավը չի։ Որ տեսնում ես, ուզում ես Esc կոճակը սեղմել ու restart անել՝ էնքան որ հակամարդկային է իր քարե զանգվածներով։

Ու ես երբևէ չեմ տեսել կամ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը… կամ Տարոնը Մարգարյանը էդ փողոցով քայլեին, որևէ սրճարանում նստեին։ Երևի սարսափում էին մարդկանցից։Բայց մյուսները քայլում են, որովհետև Երևանի ՄԻԱԿ ճեմափողոցն է։ Ու մարդկանցով, երիտասարդությամբ է էդ փողոցը սիրունացել, ջերմացել։ Հիմա էս որոշումը ո՞ւմ շահերն է պաշտպանում՝ Հյուսիսային պողոտայի թանկ ու կրակ բնակարատերերի՞, որոնք ուրիշ տեղեր էլ տներ ունեն ու կարծես թե էնտեղերք էլ ապրում են, թե՞ գերակա շահի կոռումպացված պաշտպանների, որոնք մեկ է չեն գալիս էստեղ։ Մի արեք։ Վերամբարձ չհնչի՝ ինչպես որ չվող թռչուններին չի կարելի նեղացնել, որ իրենց վերադարձի չուն գարնանը տեսնես, նույն կերպ՝ «փողոցային երաժիշտներին». հոգի են տալիս շենքերին, փողոցին, քաղաքին

https://www.yerevan.am/ կայքից, որտեղից դեռ մեզ ողջունում է Տարոն Մարգարյանը, գտա մշակույթի վարչության պետի համարը, բայց չկարողացա կապվել։ Հույս ունեմ, լրագրող ընկերներս կզբաղվեն էս հարցով, ոստիկանությունն էլ որևէ ձևով կարձագանքի»։

Մեկնաբանություն
X