Քաղաքականություն

Տղա ջան, հելե բողոքում ես, որ հորոխպորդ տղեն դառնա ղեկավա՞ր. Ախուրյանի համայնքապետ

Երեկ Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված նախկին յոթ համայքների ղեկավարներ և բնակիչներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից հարգել իրենց սահմանադրական իրավունքը, չեղյալ համարել խոշորացումը:Նրանց հիմնական բողոքն այն էր, որ իրենց ժամանակին չեն ներկայացրել խոշորացման ծրագրերը, չի եղել հանրային քննարկում, առանց իրենց համաձայնության կայացվել է որոշում: Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները մի պահանջ ունեին՝ ինչպես օրենքով միացրել են, այդպես էլ օրենքով անջատեն, օրենքը դա թույլ է տալիս՝ հղում կատարելով սահմանադրության 190 հոդվածին, որը հնարավորություն է տալիս անջատել համայնքները՝ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելով:

Ստեղծված իրավիճակի հետ կապված hraparak.am-ը զրուցեց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի հետ:

-Պարոն Իգիթյան,ինչո՞ւ են բնակիչները հիմա ոտքի ելել, երբ խոշորացումից բավական ժամանակ արդեն անցել է:

-Բավականին ժամանակ չի անցել, նախ խոշորացումից ընդամենը մեկ տարի էլ չի անցել, արդեն տարին փակվում է եւ թույլատրվել է իրենց փակել բյուջեները եւ ծախսերը հասցնել ավարտին, այն, ինչ նախատեսված է եղել 2017թ-ի բյուջեով: Սա առաջին, հաջորդը, որ նայում ենք՝ ովքեր են բողոքողները, մեկը՝ Շիրակի գյուղի նախկին գյուղապետն է, որը այսօր դուրս է մնացել, Բասենի նախկին ղեկավարն էր, որը թեկնածություն էր դրել, ընդամենը իրենց գյուղի ձայներն էր հավաքել, մյուսը Հովիտի բնակիչներն էին՝ նախկին գյուղապետի եւ ներկայիս վարչական ղեկավարի բարեկամները: Այսինքն՝ այն մարդիկ էին, ովքեր նախկինում աշխատել էին, ինքնուրույնություն էին ունեցել, այսօր զրկվել են դրանից, չունեն նաև աշխատանք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ գյուղի բնակիչներն են դեմ:

- Այնտեղ բողոքում էին, որ հիմա համայնքապետի հետ հանդիպելն ավելի դժվար է, քան որևէ նախարարի:

-Այդ բողոքողը հենց Շիրակի գյուղի նախկին համայնքապետն էր, ով այսօր աշխատանք չունի: Ես՝ որպես խոշորացված համայնքի ղեկավար, վստահաբար ասում եմ, որ ընդունելության հատուկ ժամ չկա, գյուղից եկած յուրաքանչյուր բնակչի շատ արագ աշխատում ենք ընդունել-ճանապարհել, եւ չի եղել, որ բնակիչն ուզի ինձ հետ հանդիպել չհանդիպի կամ ինձ կանչեն համայնք, չգնամ:

-Միջհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը նույնպես դժվարացնում է, խնդիր է կենտրոն հասնելու համար, բնակիչները դա էլ նշեցին:

-Վարչական համայնքների ղեկավարները օժտված են մի շարք լիազորություններով, համապատասխան կնիքներ ունեն, տեղեկանքի, գույքահարկի խնդիր չկա, եթե անձնական խնդիր ունեն,կարող են գրել, էլեկտրոնային տարբերակն էլ է գործում, ինչի մասին է խոսքը: Հիմա, եթե ես խոսեմ առանձին ամեն համայնքից, պատկերն ավելի հստակ կլինի, էդ որ Հովիտից մեկը ոգևորված խոսում էր,թե առանձին լավ է, ասեմ՝ այդ գյուղի ընդհանուր բյուջեն 3մլն 319 հզր դրամ է պլանավորված եղել, կատարվել է 2մլն 983հզր: Ընդամենը այդքան բյուջե ունեցող համայնքը բոլորից բարձր է խոսում, այս պահին այդ գումարը իրենց վարչական տարածքի աշխատողների աշխատավարձը անգամ չի փակում: Եթե այս համայնքն առանձին մնա, աշխատելն անիմաստ է: Ինչի համար են դժգոհում, չգիտես, երբ որ մենք արդեն նախատեսել ենք Հովիտում համայնքային կենտրոն ստեղծել՝ 13մլն դրամ արժողությամբ, ինչը հազիվ իրենց ընդհանուր բյուջեն է կազմում: Ի՞նչ եք ուզում, շնորհակալ չե՞ք: Տղա ջան, հելե բողոքում ես, թե առանձին ենք ուզում, առանձին ես ուզում, որ հորոխպորդ տղեն դառնա՞ ղեկավար: Անցնեմ Բասենին: Դատարանի վճիռ կա, որ հողի հարկը յուրացրել են,մի հաշմանդամ կին կա, համոզել են, վերցրել է իր վրա: էդ համայնքի ղեկավարը, որ բողոքում է, չի մտածում, որ իր համայնքում 3մլն դրամի յուրացում է եղել, ինքը որտեղ էր: Հիմա ես որ տամ հարկադիր, պահանջեմ՝ բռնագանձեն, թող գնան, մտածեն: Բասենում այս տարի մանկապարտեզին ես գումար հատկացրեցի, ձմեռը ջեռուցեցինք, բացի այդ, ծնողական վարձը 5000-ից իջեցրեցինք մինչև 3000դրամ: Այնքան բան կարող եմ թվել ու թվել, որ այս ընթացքում արել ենք:

-Բողոքող քաղաքացիները մարզպետի հետ հանդիպում ունեցան, դուք ինչո՞ւ ներկա չէիք:

-Ո՛չ, ես դիտավորյալ չմասնակցեցի, որ սրություն չմտցնեի: Ես բավականին պատրաստված եմ ՏԻՄ կառավարման ոլորտում եւ նոր չեմ, միայն Ախուրյանի բյուջեն, որ մինչ այդ ես ղեկավարում էի, այդ 7 միացած գյուղերի բյուջեի գումարային ցուցանիշը գերազանցում է: Թող վերլուծեն, համեմատեն: Ես ի սկզբանե ասել եմ, որ Ախուրյանն առանց այդ էլ մեծ համայնք է, խոշորացնել պետք չէ, վիրավորվեցին:

Նշենք, որ երեկ ճանապարհը փակած բողոքավորողներին մոտ երկու ժամ անց այցելեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Մարզպետը պայման դրեց նախ բացել ճանապարհը և հետո նոր միայն սկսել զրույցը: Բողոքավորներն անմիջապես բացեցին ճանապարհը: Գյուղացիները պայմանավորվեցին մի քանի հոգով ավելի ուշ հանդիպել մարզպետին և հանգիստ պայմաններում քննարկել հարցը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X