ՊՆ ուղղաթիռը Բիլզերյանին ու Լևոն Քոչարյանին տարել է Արցախ (ֆոտո)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկահայ միլիարդատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և վերջինիս կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի ուղեկցությամբ մեկնել է Արցախ։ Այս մասին Բիլզերյանը տեղեկացրել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով ուղղաթիռի տեսագրությունն ու լուսանկարներ։

Մեզ հաջողվեց պարզել, որ Բիլզերյանը և նրա ընկերները Արցախ են մեկնել ՀՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռով։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատետ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախ է մեկնել ՀՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռով, ոչ կառավարական, սովորական ՄԻ-8-ով, ուղղաթիռը տրամադրվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմումի համաձայն, համապատասխան ընթացակարգով, արտոնել և հրամայել է ԶՈՒ շտաբի պետը»,-մեզ հետ զրույցում նշեց խոսնակը։

Հարցին՝ դրա համար վճարում կատարվե՞լ է պետբյուջե, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին իրավասու չէ պատասխանել այդ հարցին, բայց նշեց, որ դրա համար երկու մեթոդ կա՝ վճարովի և անվճար, եթե դա կոնկրետ ՀՀ անվտանգության կամ այլ շահերին նպաստող քայլով է արվում։

Մեկնաբանություն
X