«ՀՀԿ-ական» սպորտում ֆինանսական եւ հոգեբանական ճգնաժամ է

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել հայկական սպորտում։ Մեր տեղեկություններով, մի շարք ֆեդերացիաներում ֆինանսական ճգնաժամ է։ Բանն այն է, որ տարիներ շարունակ հայկական սպորտը բաժանված է եղել ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների միջեւ, սակայն քանի որ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, ուստի ֆինանսական միջոցներ էլ չի տրամադրում իր ենթակայության տակ գտնվող ֆեդերացիաներին։ Եվ այսպես՝ «ՀՀԿ-ական» ֆեդերացիաներն են․

1․ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա։ Գլխավորում է ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։

2․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա։ Ֆեդերացիայի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Դավթաշենի նախկին թաղապետ, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանն է։ Վերջերս նա վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում, ինչից հետո լարվեցին նրա եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Վերջինս հայտարարեց, որ կարող է ձեւավորվել Բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիա։ Լուրեր կան, որ Ծառուկյանի եւ Գեւորգյանի միջեւ հարաբերությունների լարվածությունը պայմանավորված է նրանով, որ Գեւորգյանը հավակնում է ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Իմիջիայլոց, իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Գեւորգյանը չբացառեց, որ կարող է առաջադրվել՝ որպես ՀԱՕԿ նախագահի թեկնածու։

3․ Բիլիարդի ֆեդերացիան էլ գլխավորում է Իգոր Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին։ Հատկանշական է, որ Խաչատուրովն էլ չի թաքցնում իր համակրանքն այդ սպորտաձեւի նկատմամբ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ապրիլյան քառօրյա պատերազմը սկսելուց առաջ Խաչատուրովը հենց բիլիարդ էր խաղում։

4․ Թենիսի ֆեդերացիան գլխավորում է նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, գործարար եւ մեծահարուստ Հարություն Փամբուկյանը։ Դեռ 1999-ից լինելով ԱԺ պատգամավոր՝ գործարարը լրագրողներին եւ հանրությանն առավել հայտնի դարձավ հենց ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացում ունեցած իր մասնակցությամբ: 2002-ին ՀԷՑ-ի սեփականաշնորհման ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ հենց նա է կազմակերպել «Միդլենդ Ռեսուրզեզի» միջոցով ՀԷՑ-ը ռուսներին փոխանցելու գործարքը:

5․ Հանդբոլի ֆեդերացիայի նախագահը պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Սարգիս Գրիգորյանն է։

6․ Հեծանվավազքի ֆեդերացիայի նախագահն Արման Սահակյանն է՝ պետգույքի կառավարման վարչության նախկին պետը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին։

7․ Ձիասպորտը ղեկավարում է Հայրապետ Հայրապետյանը՝ Փայլակ Հայրապետյանի որդին, ում պատկանում է ձիարշավարան, «Եղբայրներ Հայրապետյան» ՍՊԸ-ն եւ այլ կառույցներ։ Նա եղել է նաեւ Սաշիկ Սարգսյանի խնամին, ինչը, սակայն, նրան չօգնեց, եւ նա ժամանակին կորցրեց իր ողջ ունեցվածքը՝ Աշոտ Սուքիասյանի հետ ադամանդի վտանգավոր գործարքի արդյունքում։ Այժմ Սուքիասյանը նստած է, իսկ Փայլակ Հայրապետյանը փորձում է դատական կարգով հետ բերել ունեցվածքի գոնե մի մասը։ Այս պատմությանն ակտիվ մասնակից էր նաեւ Ամերիաբանկը, որն էլ չվճարված վարկի դիմաց բռնագանձեց Հայրապետյանի ունեցվածքը։

8․ Նետաձգության ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի կինն է՝ Նազիկ Ամիրյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

9․ Շախմատի ֆեդերացիայի գործող նախագահն էլ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։

10․ ՀՖՖ-ն դեռեւս ղեկավարում է ՀՀԿ անդամ, նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

ԲՀԿ-ին բաժին են ընկել Բասկետբոլի եւ Ըմբշամարտի ֆեդերացիաները, որոնք գլխավորում է ներկայիս՝ ԱԻ, նախկինում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Բիաթլոնի ֆեդերացիայի նախագահն է ԲՀԿ անդամ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր եւ ՀԱՕԿ գործկոմի անդամ Վարդեւան Գրիգորյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X