Մեր աուդիտն ուրիշ է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան էջում պաշտոնապես նշված է, որ ժամանակին նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել «PHP Partners» աուդիտորական ընկերությունում (թեեւ որոշ աղբյուրներ պնդում են, որ նա նաեւ այդ ընկերության միջնորդավորված բաժնետեր է): Աուդիտորական ընկերությունում աշխատանքի տարիներին նա հասցրել է մտերմանալ բազմաթիվ լուրջ բիզնեսմենների հետ, ում պատվերով աուդիտ է իրականացրել նրանց ընկերություններում:

Մասնավորապես «PHP Partners» ընկերության հաճախորդներն են «Ռոսնեֆտ», «Մաքուր երկաթ», «Ջի Էն Սի Ալֆա» «Բեյզ մեթըլս» «Գլոբալ սիստեմզ», «Օյլ տեխնո» ընկերությունները, Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ այլ ընկերություններ: Այս փաստը ոչ մեկին չէր հետաքրքրի, եթե չլիներ մի օրինաչափություն. բոլոր վերոնշյալ ընկերությունների համար հեղափոխությունից հետո հարկային դաշտը դարձել է «կոմֆորտ զոնա»: Հավաստի աղբյուրների պնդմամբ, այդ «կոմֆորտը» նրանց համար ապահովում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Բայց դա անում է ոչ թե անձամբ, այլ համակարգում տեղավորած իր վստահելի կադրերի օգնությամբ, որոնք վարչություններ են ղեկավարում եւ ստանձնել են «պարտնյոր» ընկերությունների շեֆությունը:

ՀԳ. Իր պաշտոնավարման առաջին օրերին ՊԵԿ նախագահն ասուլիսներից մեկի ժամանակ երկու հայտարարություն արեց. 1. Տխրահռչակ «Նորֆոլկ» ընկերությունն այլեւս պետք է դադարեցնի իր գործունեությունը 2. ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել հայաստանյան գազալցակայաններում եւ հայտնաբերել մեծամասշտաբ խախտումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հասարակությանը: Այդ հայտարարություններից անցել է մոտ 3 ամիս, բայց կարծես թե պարոն Անանյանի խոստումները «գրվել են սառույցին»:

Մեկնաբանություն
X