Գեղամաբակի դպրոցում սեպտեմբերի 1-ին առաջին զանգը չի հնչի

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցներում առաջին դասարան չձեւավորվելը արդեն ավանդույթ է դարձել: Մինչ դպրոցները պատրաստվում են ուսումնական տարվա մեկնարկին, հանրապետությունում կան մի շարք դպրոցներ, որոնք այս տարի առաջին դասարան և առաջին դասարանցիներ չեն ունենա: Նման խնդիր ունեն հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցները:

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի հիմնական դպրոցը այս տարի ո´չ առաջին դասարան կունենա, ո´չ առաջին դասարանցի, ո´չ էլ շրջանավարտ: Գեղամաբակ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Աշխեն Բարսեղյանը ցավով է ասում, որ դպրոցը չի ունենա առաջին դասարան եւ շրջանավարտ.

«Անցած տարի ունեցել ենք առաջին դասարանի 2 աշակերտ, մեկը հաճախել է սեպտեմբերից, մյուսը՝ ապրիլ ամսից, ցավոք այս տարի ոչ առաջին դասարանցի ունենք, ոչ էլ շրջանավարտ»:

Գեղաքար գյուղի հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Թագուհի Աթայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի ունեն առաջին դասարան հաճախող 1 աշակերտ, իսկ անցած տարի դպրոցը առաջին դասարանի աշակերտ չի ունեցել: «2 դպրոցը միասին առաջին դասարան կհաճախեն 7 երեխաներ։ Դարանակում՝ 3 առաջին դասարանցի, Փամբակում՝ 4-ը: Անցած տարի Դարանակի դպրոցում առաջին դասարանի աշակերտ չենք ունեցել»,-ասաց Փամբակ-Դարանակ գյուղերի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյան։

Ըստ Սեմյոնովկա գյուղի հիմնական դպրոցի տնօրենի՝ դպրոցն անցած տարի ունեցել են 1 առաջին դասարանցի, այս տարի 3-են, իսկ աշակետների թվի ավելացում հիմնավորեց ծնելիության աճով: Թե մարզի քանի՞ դպրոցներում սեպտեմբերի 1-ին չի հնչի առաջին զանգը , հարց ուղղեցինք Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանին.

«2017-18 ուսումնական տարում մարզի 4 դպրոցներում առաջին դասարան չենք ունեցել: Հնարավոր է, որ այս տարի էլ կրկին առաջին դասարան չունենք: Դեռ հստակ տվյալներ չունենք, մի քանի օրից կարող ենք ասել»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X