Իրավունք

Կարո՞ղ է ժողովուրդը ճնշել Ազգային ժողովին

Օգոստոսի 17-ի հանրահավաքում Երկրի վարչապետը չբացառեց ժողովրդի համաձայնության դեպքում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ անմիջապես Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություն իրականացնելու հնարավորությունը, ինչը ոմանց կողմից գնահատվեց բացահայտ ճնշում խորհրդարանի նկատմամբ: Հարցի իրավական կողմը պարզաբանելու նկատառումով դիմել ենք Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Ընդունենք, որ ժողովրդի մի հատված հստակ տրամադրված է սահմանադրական փոփոխություններ կատարելուն, ինչո՞ւ պետք է դիմեն Ազգային ժողովին, որ հետո էլ խոսենք հնարավոր ճնշման մասին:

-2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ արմատապես վերանայվել է սահմանադրական փոփոխությունների գործընթացը և, հատկապես, հանրաքվեի կիրառման շրջանակը: Մինչ այդ, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները զրկված էին իրենց նախաձեռնությամբ հանրաքվե նշանակելու հնարավորությունից, սակայն 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 202-րդ հոդվածը քաղաքացիներին վերապահել է ինչպես իրենց հայեցողությամբ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու համար հանրաքվե նախաձեռնելու, այնպես էլ Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու պահանջով Ազգային ժողովին դիմելու իրավունք: Այսպես, նշված 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացու դիմումը բավարար է Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու հարցով հանրաքվե նշանակելու համար, ընդ որում, այս դեպքում որևէ այլ պետական մարմնի կամ պաշտոնյայի համաձայնությունը չի պահանջվում:

Հավելենք, որ այս և մյուս դեպքերում հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, պայմանով, որ դա կազմի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սահմանադրության որոշ հոդվածներում, որոնց շրջանակը նախատեսված է 202-րդ հոդվածի 1-ին մասով, փոփոխություն կատարելու իրավասությունը վերապահված է խորհրդարանին, սակայն այս դեպքում ևս քաղաքացիները ներազդելու իրավական հնարավորություն ունեն: Այսպես, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, այդպիսի հարցով Ազգային ժողովին կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող առնվազն 150 հազար քաղաքացի: Այս դեպքում արդեն խորհրդարանը պարտավորված է լինելու քննարկել դիմումը, իսկ այն բավարարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-րդը: Այլ կերպ ասած, ժողովրդի որոշակի հատվածի և խորհրդարանի միջև փոխհարաբերություններն ուղղակի կարգավորված են գործող Սահմանադրությամբ, այս դեպքում խոսք չկա, այսպես կոչված, ճնշման մասին, պարզապես Սահմանադրությամբ կանոնակարգված է, թե որ դեպքում է խորհրդարանը պարտավոր քննարկել քաղաքացիների նախաձեռնությունը:

-Բացի քաղաքացիներից, էլ ովքե՞ր կարող են նախաձեռնել Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություն կատարելու հանրաքվե:

-Բացի քաղաքացիներից, հանրաքվե կարող են նախաձեռնել Կառավարությունը և Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդը, պարզապես խորհրդարանի պարագայում վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդը:

-Իսկ կարո՞ղ է Ազգային ժողովը կատարել այնպիսի փոփոխություններ, որոնցով նախատեսվի Ազգային ժողովի ինքնալուծարում:

-Ազգային ժողովին վերապահված սահմանադրական նորմերի շրջանակը, թերևս, բացառում է ինչպես իր, այնպես էլ՝ իշխանության մյուս ճյուղերը ներկայացնող մարմինների՝ Նախագահի, խորհրդարանի, Կառավարության, առավել ևս՝ դատարանների լիազորությունների դադարման կամ դադարեցման լրացուցիչ հիմք սահմանելու հնարավորությունը: Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, որով, ինչպես գիտեք, նախապատվությունը տրվել է կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդարանի արձակման այդպիսի հիմք նախատեսված է Արցախի Սահմանադրության 90-րդ հոդվածով, սակայն վերջինս ամրագրել է կառավարման նախագահական ձև: Ընդհանրապես, խորհրդարանական կառավարման պարագայում խորհրդարանի արձակման հիմքերը Կառավարության արձակման հետ փոխկապակցելը դիտարկվում է որպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հետ աղերսներ ունեցող մոտեցում: Դեռևս սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների փուլում և դրանից հետո ևս խորհրդարանական կառավարման ձևի սահմանադրական հիմնադրույթները քննադատության էին արժանանում հենց այն հիմքով, որ այն համահունչ չէ Կառավարության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու խնդրին, իսկ ոմանք ընդհանրապես ժխտում էին այդպիսի վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը:

Այս համատեքստում խորհրդարանի ինքնարձակման ինստիտուտ ներդնելը, կարծում եմ, էլ ավելի կսասանի խորհրդարանական վերահսկողության նկատմամբ վստահությունը: Մյուս կողմից, կառավարման համակարգը բարելավման և առավել ճկուն ու գործնական դարձնելու հրամայականը նկատելի է, սակայն այդ համատեքստում կան առավել արդյունավետ եղանակներ: Մասնավորապես, գործող Սահմանադրությունը Կառավարությանն օժտել է այնպիսի ընդգրկուն հարաբերությունների կարգավորման լիազորությամբ, որոնք նախկինում կարող էին կարգավորվել բացառապես օրենքով: Իսկ սա նշանակում է, որ Կառավարությունը գործնականում պետք է հնարավորինս զերծ մնա այդպիսի հարաբերությունների կարգավորմանը նվիրված մեծաքանակ օրնագծեր մշակելու և դրանք անհարկի Ազգային ժողով ներկայացնելու գործելաոճից, քանի որ կա առավել գործուն և իրավաչափ լծակ՝ օպերատիվ կարգով անարգել ընդունել որոշումներ և լիարժեք իրականացնել գործադիր-կարգադրիչ իշխանություն: Իմ դիտարկումներով դեռևս իրեն զգացնել է տալիս նախորդ Սահմանադրությամբ ձևավորված պրակտիկայի իներցիոն ազդեցությունը:

Մեկնաբանություն
X