Կարեն Ավագյանի եղբայրը պաշտոնին հրաժեշտ է տվել իր դիմումի համաձայն

Ապրիլյան հեղափոխությունն իր հետքն է թողել նաեւ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ, դաշնակցական Նաիրի Սաղաթելյանի եւ Արթուր Ավագյանի կյանքում (վերջինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է)։

Նրանք ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, որոնց նշանակվել էին տարեսկզբին, երբ նոր-նոր ձեւավորվել էր Կրթության տեսչական մարմինը, եւ Հանրապետական կուսակցությունն էլ իշխանություն էր։ Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված նրանց պաշտոնանկությունը, Ալեքսանդր Շագաֆյանը պարզաբանեց․ «Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները վարչական պաշտոնյաներ են, եւ տեղակալների նշանակումը, աշխատանքից ազատումը ՀՀ վարչապետի լիազորությունն են։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ վարչական պաշտոնյաները կարող են փոխվել վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության պարագայում։ Մեր պարագայում տեղի է ունեցել վերադասի՝ ՀՀ վարչապետի փոփոխություն։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաեւ, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը եւս կարող է հանգել վարչական պաշտոնյաների փոփոխության։ Մենք այս պարագայում խորհրդին ներկայացրել ենք երկու նոր թեկնածուներ, եւ դրա տրամաբանությունը եղել է տեսչական մարմնի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելը։ Ես կարող եմ ասել, որ թե՛ Արթուր Ավագյանը, թե՛ Նաիրի Սաղաթելյանը իրենց առջեւ դրված խնդիրները լուծել են։ Բայց նոր իրավիճակում կա ավելի արդյունավետ աշխատանքի կարիք։ Նոր տեղակալներն են Ռաիսա Գալստյանը եւ Նարա Հովհաննիսյանը»։ Նա հավելեց, որ Արթուր Ավագյանը տեղակալի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ Նաիրի Սաղաթելյանը չի վերանշանակվել։

Մեկնաբանություն
X