Դրամահավաքները կրթական հաստատությունների «աքիլլեսյան գարշապարն» են

Տեսչական բարեփոխումներից հետո, այս տարեսկզբին, Կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց Ալեքսանդր Շագաֆյանը։ Այն ժամանակ նա էլ շատերի նման չէր պատկերացնում, որ ամիսներ անց Հայաստանում կարող է տեղի ունենալ հեղափոխություն, եւ այդ հեղափոխությունն էլ փոխելու է ինչպես իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը, այնպես էլ հանրային շատ պատկերացումներ։ Նաեւ՝ դուռ է բացելու, որ տարիներ շարունակ դպրոցներում, մանկապարտեզներում եւ կրթական այլ հաստատություններում արմատավորված անառողջ բարքերի մասին մեր քաղաքացիները չվախենան պարբերաբար ահազանգել ու բողոքներ ներկայացնել։ Ալեքսանդր Շագաֆյանից հետաքրքրվեցինք, թե ինչ բողոքներով են դիմել քաղաքացիները արդեն վերափոխված Կրթության տեսչական մարմնին, ինչ ընթացք է տրվել այդ բողոքներին։

«Կրթության տեսչական մարմինը հրապարակել է առաջին կիսամյակի դիմում-բողոքների հաշվետվությունը։ Վեց ամիսների ընթացքում եղել է 132 դիմում-բողոք, որը գրեթե կրկնակի ավելի է նախկին՝ 2017 թվականին ստացված դիմում-բողոքներից։ Ամբողջ 2017թ․ ընթացքում Կրթության պետական տեսչությունը ստացել է 140 դիմում-բողոք, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ Կրթության տեսչական մարմինը ստացել է 132 բողոք։ Հիմնական մասը կազմում են տնօրենների աշխատանքի դեմ բողոքները՝ լինի դա ծնողներից, սովորողների հարազատներից, թե այլ շահառուներից ։ Դիմում-բողոքների մեջ շարունակում են կշիռ ունենալ դրամահավաքների մասին ահազանգերը։ Երրորդ տեղում դպրոցում անբարենպաստ մթնոլորտին վերաբերող բողոքները։ Ըստ մեր վիճակագրության՝ չորրորդ տեղում աշխատանքային վեճերն են, որոնք վերաբերում են ուսուցիչ-տնօրեն փոխհարաբերություններին»,- ներկայացրեց Ալեքսանդր Շագաֆյանը։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ զրույցում նկատեցինք, որ ապրիլյան հեղափոխությունից հետո փոխվել է կառավարության կազմը, նորանշանակ նախարարներն աշխատում են ավելի բաց ու թափանցիկ։ Ավելացե՞լ է դիմում-բողոքների թիվն այս ընթացքում։

«Շատ տեղին նշեցիք մայիս ամիսը։ Մենք ունենք առանձին հաշվետվություն եւ այնտեղ առանձին բաժին ունենք, որտեղ ցույց ենք տալիս անցած վեց ամիսներն՝ ըստ փուլերի։ Ունենք նաեւ մայիս ամսվա հաշվետվությունը, որտեղ երեւում է, որ մայիս ամսվա դիմում-բողոքների ծավալը եղել է ամենամեծը՝ 49 դիմում-բողոք։ Նույն մայիսին մենք ամենաշատ դիմում-բողոքներն ենք ստացել, որոնք վերաբերել են դրամահավաքներին։ Միանշանակ է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունն ունեցել է իր ազդեցությունը»,- ասաց Ալեքսանդր Շագաֆյանը։ Ինչ վերաբերում է տեսչական ստուգումներին, ապա այժմ Կրթության տեսչական մարմինը ուսումնասիրություն է անցկացնում Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության վարչությունում, որից հետո էլ կսկսեն պլանային ստուգումները։ Ըստ Շագաֆյանի՝ նախատեսված է, որ սեպտեմբերին սկսեն պլանային ստուգումները, Հայաստանի 45 մանկապարտեզներում անցկացնելու են ստուգումներ։ Մեկ էլ որոշել են Կոտայքի մարզպետարանի կրթության վարչությունում իրականացնել ստուգումներ։

«Նաեւ ստուգումներ են լինելու թվով 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,- հավելեց Ալեքսանդր Շագաֆյանը։ Այս ոլորտում, ըստ նրա, բողոքները բազմազան են, որոշ հաստատություններում առերեւույթ քրեական բնույթի հանցագործությունների մասին ստացել են տեղեկատվություն, որոնք էլ սահմանված կարգով վերահասցեագրել են իրավապահ մարմիններին, տեղյակ են, որ հարուցվել են գործեր։ «Մեր ընկալմամբ՝ միջին մասնագիտական կրթության ոլորտը առավել կարիք ունի բոլոր իմաստներով, այդ թվում նաեւ՝ իրավական կարգավորումների։ Միաժամանակ այն ունի ներգրավված անձանց, կառավարիչների կարողությունների զարգացման կարիք։ Գիտեմ, որ կրթության եւ գիտության նախարարությունը կարեւորում է այս ոլորտը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ստուգումների արդյունքում բացահայտված խախտումներից 30-ից ավելի գործ, ըստ նրա, վերահասցեագրել են իրավապահ մարմիններին, այդ թվում նաեւ՝ նախադպրոցական հաստատություններին վերաբերող գործեր։ 4 հաստատություններին վերաբերող քրեական գործերի հարուցման մասին էլ ստացել են հաղորդագրություն։ Որոշ գործերի վերաբերյալ էլ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել։ Ալեքսանդր Շագաֆյանը հիշեցրեց, որ ուսումնասիրությունների արդյունքում Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրենն է աշխատանքից ազատվել, նաեւ Արարատի մարզի Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենն է ազատվել։ Դալարի դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջը համընկել է ապրիլյան հեղափոխության առաջին օրերի հետ։ Այդ օրերին էլ տեսչական մարմինը բողոք է ստացել, որ որոշ աշակերտներ փաստացի չեն գտնվել երկրում, բայց նրանց բացականեր չեն նշանակել։ Կրթության տեսչական մարմինն էլ, հետքերով գնալով, համոզվել է, որ բացականերն ավելի շատ են, քան ներկայացված բողոքում է։ Սահմանված կարգով մարզպետին առաջարկել են տնօրենի հետագա պաշտոնավորման մասին կայացնել որոշում, ինչից հետո էլ տնօրենն ազատվել է աշխատանքից։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X