Նոր ինտրիգներ Գորիսի քաղաքապետարանում. մամուլի խոսնակից՝ փոխքաղաքապետ և ՔՊ

Մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր մամուլի խոսնակին մատուցած ծառայությունների դիմաց, փոխքաղաքապետի պաշտոն էր խոստացել: Ավագանու նիստին որոշմանն էր դրվել համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի՝ հաստիքացուցակում նախկին մեկ փոխքաղաքապետի փոխարեն երկուսն էր նշված: Երբ փորձեցինք ճշտել մամուլի խոսնակ Իրինա Յոլյանից՝ նա՞ է փոխքաղաքապետի թեկնածուն, թե՞ ոչ, նա խուսափողական պատասխան տվեց, այսօր սակայն Գորիսի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին Իրինա Յոլյանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին լուրը՝ նշելով, որ մամուլի խոսնակի հաստիքը թափուր է մնացել:

Ուշագրավը սակայն ոչ այնքան նրա փոխքաղաքապետ դառնալն է, որքան արդեն նախկին մամուլի խոսնակի շուրջ պտտվող լուրերը: Գորիսի մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին մամուլի խոսնակը փոխքաղաքապետ դառնալուց հետո դիմել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն՝ կուսակցության շարքերը համալրելու համար։ «Երևանում մի շարք պաշտոնատար մարդկանց հետ հանդիպումներ է փնտրել , որ գործը գլուխ բերի, որպեսզի ընդգրկեն կուսակցության շարքերը։ Բայց Գորիսում դեռ ոչ ոք չի մոռացել, որ նա Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ –ական Վահե Հակոբյանի աջ ձեռքն էր,եւ երբ մարզպետին հաջողվեց Առուշանյանին քաղաքապետ դարձնել, նրան մամուլի խոսնակ նշանակեցին: Հիմա հանկարծ ի՞նչ պատահեց, որ ՀՀԿ քաղաքապետի ձեռքով փոխքաղաքապետ դարձած մամուլի խոսնակը իշխանական կուսակցություն է ձգտում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ակնարկելով, որ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի այդ քայլը տեղի ՔՊ անդամների դժգոհությունն է հարուցել:

Որքանո՞վ են իրական խոսակցությունները՝ փորձեցինք ճշտել անձամբ նորանշանակ փոխքաղաքապետից : «Իրականում, ավելի շատ հրահրված են այդ խոսակցությունները: Ես երբևէ կուսակցական չեմ եղել, նախ եւ առաջ իմ մասնագիտությունից ելնելով, երկար տարիներ աշխատել եմ լրագրող: Աշխատել եմ «Ազատություն» ռադիոկայանում, հետևաբար, իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ ես չէի կարող որևէ կուսակցության հարել: Հիմա, այո՛, նմանատիպ առաջարկ ստացել եմ , ի վերջո ես հիմա իշխանության մեջ եմ, իշխանություն եմ ներկայացնում եւ էսպես, թե էնպես աշխատում եմ որպես համայնքի ղեկավարի տեղակալ, եւ մեր ամբողջ քաղաքականությունը, որը իրականացնում ենք, ես դրա մի մասն եմ կազմում»,- hraparak.am-ին պարզաբանեց Իրինա Յոլյանը:

Մեր դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքապետ Առուշ Առուշանյանն ինչպես է վերաբերում նրա որոշմանը, պատասխանեց. «Ես միշտ ազատ եմ եղել, աշխատանքի ընդունվելուց էլ, տեսակով անկախ մարդ եմ, միշտ ազատ եմ ինքնուրույն որոշումներ կայացնելիս, որևէ սահմանափակումներ չկան, իմ առջև աշխատանքի գալուց էդպիսի խնդիր դրված չի եղել: Եթե կա նման առաջարկ, ես խնդիր չեմ տեսնում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես մշտապես աշխատել եմ ընդդիմադիր լրատվամիջոցներում՝ անկախ այդ քննարկումներից, խոսակցություններից, որ փորձում են իրողությունները աղավաղել»:

Այնուամենայնիվ նշենք, որ Գորիսի քաղաքապետի եւ ներկայիս մարզպետի ջրերը նույն հունով չեն հոսում, իսկ քաղաքապետի տեղակալի ՔՊ ընդգրկվելու մտադրության հետ կապված, որը հայտնի է քաղաքապետին որպես նվիրված մեկը, մի քանի վարկած է շրջանառվում: Ոմանց կարծիքով Առուշ Առուշանյանը փոխքաղաքապետի միջոցով փորձում է ամրապնդել դիրքերը, ուղիներ է փնտրում իշխանությունների հետ մերձենալու համար, ոմանք էլ պնդում են, որ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն իր քաղաքապետ դառնալու շանսերն է մեծացնում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X