Ինադու ջուր չի տալիս, որ բերքը չորանա. գյուղացիները դժգոհում են Հրազդան ՋՕԸ-ից

Ոռոգման սեզոնը վաղուց սկսվել է, սակայն Հայաստանում որոշ գյուղեր առհասարակ զրկված են ոռոգման ջրից, մեծ մասն էլ ամռանը պարբերաբար խնդիրներ է ունենում ընդհատումներով տրվող ոռոգման ջրի պատճառով: Օրերով ջրի երես չտեսած բույսն ու պտուղը տաք եղանակին չեն դիմանում: Քաղսեցիները եւ սոլակցիները բողոքում են, որ այգիները ոռոգելու համար ջուր չեն տալիս՝ ասելով, որ մինչեւ փող չտանք, ջուր չեն տա. «Ջուր չկա, որ ջրենք: Ջրի պակասությունից պտուղը չի մեծանում: Եթե ամեն տարի ասեն՝ մշակեք ու ջուր չտան, գյուղում մարդիկ էլ հող չեն մշակի: Մշակենք՝ ի՞նչ անենք: Իզուր պետք է փող դնենք ու մոտը շվարած կանգնենք: Ջուր չեն տալիս, մենք հողից ստացած եկամտի միջոցով ենք ապրում: 10 օրից ավելի է կանալը լիքն ա, բայց Քաղսի ու Սոլակ գյուղերին ջուր չեն տալիս: Բերքը հասել է, հիմա պետք է ջրենք, որ քաղենք, սաղ չորացավ: Վարդանը ինադու ջուր չի տալիս, որ բերքը չորանա»,- բողոքում են բնակիչները:

Գյուղացիները սրտնեղում են․ ոչ միայն բանջարեղենը, այլ նաև ծառերն են նույն ճակատագրին արժանանում: Խնդրի շուրջ զրուցեցինք «Հրազդան ջուր» ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանի հետ, ով էլ իր հերթին արդարանալու համար ասաց, որ գյուղացիները գումար չեն վճարում, եւ ջուր կլինի այն դեպքում, եթե կառավարության ջուր հատկացնի. «Մի շաբաթ է Սեւանի ջուրը Արարատյան դաշտ էին ուղարկում, դրանից էլ գյուղացիներին ջուր չենք տվել»:

-Պարո´ն Ալեքսանյան, Ձեզ չէին թողնո՞ւմ, որ գյուղացիներին ջուր տաք:

-Այո։

-Ո՞վ է կարգադրել Ձեզ գյուղացիներին ջուր չտալ, ջրային կոմիտե՞ն:

-Այո-այո´: Ջուրը դեֆիցիդ էր, չգիտեին՝ երբ ա լինելու, կլինի՞, թե՞ չի լինի: Հիմա ես հայտ ունեմ, էսօրվանից ջուր է լինելու, իսկ Սոլակը 4 տեղից ջուր ունի, վաղը երեւի Սոլակին ջուր կտամ:

-Վարձ տվե´ք, որ ջուր տամ․ այսպե՞ս եք ասել գյուղացիներին:

-Ջուր տվողը ես չեմ, ես այդպես եմ ասում գյուղացիներին, որ կարողանամ գումար գանձել: Եթե գրում եք, գրեք, որ էս տարի Քաղսի գյուղից գանձել եմ 6000դրամ փող: Իսկ 6000 դրամի համար չի կարելի ջուր բաց թողել: Ջուրը նվեր չեն տալիս, էն էլ էն դեպքում, որ Սեւանը մի կերպ չորացնում ենք, էդքան ջուր ենք բերում տալիս ենք գյուղացիներին, որ գանձեմ ընդամենը 6000 դրա՞մ: Առաջ ընկնում էինք տներով, փող էինք հավաքում, հիմա պետք ա տանեն Հայփոստ մուծեն, չեն տանում: Ջուրն էլ, եթե բացում ես, ըստ պահանջի էթում ա, ո՞վ էլ փող կտա: Դրա համար էլ ասում եմ՝ գումար տվեք, որ կարողանամ ջուր տալ: Վաղը ԱԺ-ի նիստում, եթե կառավարությունը կհատկացնի 40 մլն. խ/մ ջուրը, կկարողանանք ջուր տալ ժողովրդին, եթե ո´չ, ջուր չենք տա:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X