Հանրապետականի գնացքը գնացել է

Ոչ թե նոր իշխանություններին քննադատողները պիտի համբերեն, այլ այդ իշխանություններին գովաբանողները, որովհետև քննադատությունը անընդհատ պիտի լինի, դա նորմալ է, իսկ ահա գովաբանելը միայն այն ժամանակ է արդարացված, երբ մարդիկ իրենց մաշկի վրա իսկապես դրական արդյունք են զգում: Բայց մեզ մոտ դեռ ազգի առջև ծառացած ոչ մի խնդիր իր լուծումը չի ստացել, դեռ աղքատությունը ոչ մի սանտիմետր չի նահանջել, արտագաղթը շարունակվում է, գործազրկությունը գնալով ավելանում է, դեռ երկրի էներգետիկ համակարգը ու ընդերքը օտարները իրենցով արած թալանում են, դեռ մեր անվտանգությունը հանձնված է մեր ոխերիմ բարեկամին, որը ցանկացած պահի կարող է մեզ զոհաբերել հանուն իր ինչ-ինչ շահերի, բայց միևնույնն է մարդիկ արդեն փառաբանում ու դիֆիրամբներ են ձոնում նոր կառավարությանը:

-Ախր մի քիչ համբերեք, այ ընկերներ ջան։

Համբերեք տեսնենք, եթե նոր կառավարությունը իսկապես ինչ որ իրական արդյունք ցույց կտա, այդ ժամանակ նոր բոլորս միասին կսկսենք գովել ու դիֆորամբներ ձոնել նրանց, իսկ հիմա չի կարելի դա անել, ծիծաղելի դրության մեջ եք դնում ձեզ: Ու մի բան էլ. երբեք չհամարձակվեք մեր ժողովրդին բաժանել 2 մասի` հեղափոխականների ու հակահեղափոխականների (եթե չեմ սխալվում, Հայաստանում մեկ էլ անցած դարի 20-ական թվականներին էր, երբ բոլշևիկյան կարմիր տեռորը իր տարերքի մեջ էր, հեղափոխականները հակահեղափոխականների դեմ էին պայքարում, ամենուրեք հակահեղափոխականներ էին հայտնաբերում, ամենքին հակահեղափոխությանը թաքուն աջակցելու մեջ էին կասկածում):

Ու հանկարծ չասեք, որ հանրապետականների ասածներն ենք կրկնում: Հանրապետականներն են մեր ասածները կրկնում, հիմա նոր գլխի են ընկել (երբ կանգնեցին կոտրած տաշտակի արջև), որ մեր նման պիտի մտածեն, որ հանուն ժողովրդավարության ու մարդկանց իրավունքների պիտի կռիվ տան, բայց արդեն ուշ է, իրենք քաղաքական դիակներ են, իրենց գնացքը գնացել է: Այնպես որ չհամարձակվեք մեր նման մտածող շատ մարդկանց նույնացնել անցած հանցավոր իշխանությունների հետ:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X