ՕԵԿ-ի դեմ սև քարոզչություն է իրականացվել․ Մհեր Շահգելդյան

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ առաջին համար Մհեր Շահգելդյանի խոսքով՝ սպասվելիք ընտրությունները լինելու են գաղափարների և ծրագրերի պայքարի ընտրություններ, ոչ թե շուկա, որտեղ պետք է պարզվի, թե ով, ինչքանով է ձայներ գնել․

«Այս ընտրությունները մենք դիտարկում ենք որպես գաղափարների, ծրագրերի, մոտեցումների, բաց, ակտիվ, թափանցիկ պայքարի ընտրություններ, ոչ թե շուկա, թե ով ինչքան ձայն կհավաքի, և այդ ձայնին ինչքան կտա՝ 10- 20, թե 50 հազար։ ՕԵԿ-ը մշտապես եղել է գաղափարների և ծրագրերի վրա հիմնված, և բոլոր ընտրություններին մենք ներկայացնում ենք նորարարական մոտեցումներ, տեսակետներ։ Ահա սա է, որ մեզ վստահություն է ներշնչում ավագանիում շատ լուրջ ներկայացվածություն ունենալու համար»։

ՕԵԿ-ը նոր թիմով է ներկայանում ընտրություններին, Շահգելդյանի խոսքով՝ հին կուսակցականները նույնպես մնացել են կուսակցությունում, և սա լինելու է սերունդների համագործակցություն․

«Մենք ներկայացել ենք նոր թիմով, բազմիցս խոսել ենք, որ նոր անձինք ենք ներգրավում, հին կուսակցականները բնականաբար մնում են, և շարունակելու են աշխատել, պետք է տարբեր սերունդների համագործակցության մեխանիզմ լինի»։

Հնչած հարցին, թե գուցե ՕԵԿ-ը փորձում է այսպես լուծել կորսված ռեյտինգի խնդիրը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ իրենց դեմ տարիներ շարունակ սև քարոզչություն է իրականացվել, սակայն իրենք կապ չունեն ո՛չ երկիրը քանդելու, ո՛չ երկիրը ուտելու հետ․

«Մենք կապ չունենք կոռուպցիայի հետ, թալանի հետ, արյան հետ, մենք կապ չունենք երկիրը քանդելու հետ, երկիրը ուտելու հետ։ Այս խնդիրների հետ մենք կապ չունենք, մեզ ասում են 2008 թվականին միանալու խնդիրը։ Այս հիմնահարցին մենք բազմիցս պատասխանել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, սա ելնում էր իրավիճակից, որովհետև սրացումներն ու ուժային գործողությունները կարող էին բերել նրան, որ ավելի շատ մարդիկ զոհվեին։ Ամեն մի մարդ, քաղաքացի, մի ամբողջ աշխարհ է, ցավոք 10 զոհ կա։ Մենք ասել ենք, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, այդ մասին խոսեց Արթուր Բաղդասարյանը իր հարցազրույցի ժամանակ իր 300 հազար ընտրողների անունից։ Ժամանակին մենք ԱԺ-ում նաև համաձայնել և ստորագրել ենք համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, և այսօր դա գնում է բացահայտման։ Կան ցուցակներ, թե ով ինչ է արել, ով որքան համազգեստ է ստացել և այլն։ Եվ մենք կողմնակից ենք՝ ամեն ինչ բաց, թափանցիկ և մաքուրի լինի։ Մեր դեմ իրականացվել է սև քարոզչություն, խախտվել են և կեղծվել տվյալներ։ Մասնավորապես այն տվյալները, թե մենք երբ ենք մտել կոալիցիա, և ես ցանկանում եմ ասել, որ այս կեղծիքների հիման վրա ՕԵԿ-ի դեմ իրականացվել է սև քարոզարշավ, այսօր դա գնալով բացահայտվում է։ Եթե դուք նայեք այն նյութերը, որոնք մեր վերաբերյալ նետվել են համացանց, այդ նյութերում բացառապես կեղծ տվյալներ են։ Ես ձեզ հիշեցնեմ, որ կոալիցիան ստորագրվել է մարտի 21-ին, Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ է նշանակվել մայիսի 5-ին՝ Մարտի 1-ի դեպքերից ավելի քան 2 ամիս հետո»։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X