ՀԾԿՀ-ն անդրադարձել է «Վեոլիա Ջրի» սակագների վրա ազդելու վերաբերյալ ոստիկանության հայտարարությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «տվյալների» ներկայացումից: Այսպես,

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն: Մասնավորապես, նշված սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում և համաձայն ընկերության հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի՝ ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով: Միաժամանակ, նույն փաստաթղթով ամրագրվել է նաև բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն):

Հետևաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձևում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված և հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետևաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես:

Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը ևս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի՝ բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու:

Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում):

Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի և վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործմանը:

Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաև հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների և գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը:

Առավել մանրամասն նյութին կարող եք ծանոթանալ հղումով։

Մեկնաբանություն
X