Մենք այդ ընթացքում պայքարել ենք, և ստացել հարվածներ․ Մհեր Շահգելդյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտնի դարձավ Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի ցուցակը գլխավորողի անունը։ ՕԵԿ-ի քաղաքապետի թեկանծուն Մհեր Շահգելդյանն է, իսկ նրան կհաջորդեն երիտասարդ կադրեր։ Շահգելդյանին հարցրինք, թե պատրա՞ստ են իրենք ստանձնել ձևավորվելիք ավագանիում ՔՊ-ի ընդդիմության դերը՝ նկատի ունենալով, որ գրեթե բոլոր ուժերը, այդ թվում նաև ՕԵԿ-ը, իրենց աջակցությունն էին հայտնել ժողովրդական շարժմանը, և այնպիսի տպավորություն է, որ Երևանի նոր ավագանիում իրապես ընդդիմադիր խմբակցություն չի լինելու․

«Մենք ի սկզբանե իսկապես պաշտոնապես աջակցել ենք համաժողովրդական շարժմանը, կուսակցությունը ունի հայտարարություններ, այդ հայտարարությունները ներկայացվել են մամուլով, և դրանց ծանոթացել է մեր ողջ հասարակությունը։ Մենք աջակցել ենք գաղափարախոսությանը, մենք տարիներ շարունակ ասել ենք, որ այն գործընթացը, որ իմիտացիոն ժողովրդավարություն է, այսինքն՝ ժողովրդավարության մասին խոսվում էր, բայց իրականում ստեղծվել էր օլիգարխիկ, օլիգոպոլ, մոնարխիկ համակարգ, սա ժողովրդավարության կառուցում չէր, և մենք պայքարել ենք այդ ընթացքում, այդ ընթացքում նաև ստացել ենք հարվածներ։ Եվ բնականաբար, ելնելով այս գաղափարական սկզբունքից, ելնելով երկիրը մաքրելու, ժողովրդավարության հաստատման սկզբունքից, մենք աջակցել ենք հեղափոխությանը։ Մենք աջակցելու ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, Մարտի 1-ի բացահայտման իրավական տեսանկյունից, մենք այն դիտարկում ենք հստակ որպես իրավական գործընթաց։ Բայց միևնույն ժամանակ մենք ունենք մեր տեսանկյունները, որոնք մենք ներկայացնելու ենք»։

Նկատեցինք, որ չնայած Շահգելդյանի այն պնդմանը, որ իրենք գաղափարին են աջակցել, սակայն հեղափոխությունը կոնկրետ լիդեր է ունեցել, ով ժամանակին շատ սուր էր արտահայտվում թե՛ ՕԵԿ-ի, և՛ թե Արթուր Բաղդասարյանի նկատմամբ․

«Քաղաքական գործընթացում կարող են լինել քննադատություններ, մենք էլ ենք քննադատում, բայց պետք է ասենք, որ Նիկոլ Փաշինյանը, ի պատիվ իրեն, կարողացավ կրել այդ ծանրությունը և հեղափոխությունը տանել առաջ։ Այս տեսանկյունից, ես էլի եմ ասում, հեղափոխությանը և կոռուպցիայի դեմ պայքարին մենք աջակցել ենք, և աջակցելու ենք, մնացածը քաղաքական գործընթացներ են, տարբեր կարծիքներ կարող են լինել, և պետք է լինեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X