Ովքե՞ր կլինեն «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետութուն» դաշինքի ցուցակում և ինչպե՞ս կկոչվի դաշինքը

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի Երևանի ավագանու նախընտրական ցուցակը կգլխավոր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա «Հանրապետութուն» կուսակցության անդամ է։ Մենք տեղեկացանք, որ ցուցակում հաջորդ համարները կլինեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայիս անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, որոնք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Թեհմինա Վարդանյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ինչպես նաև ցուցակում կլինի «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը, ով ևս «Ելք» դաշինքով ընտրված ավագանու անդամ է։

Hraparak.am-ի հետ զրույցում Անի Սամսոնյանն ասաց, որ գործող ավագանու անդամները բոլորը կան իրենց ցուցակում։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ Բախշյանը որոշել է հենց իրենց հետ նույն ցուցակով մասնակցել ընտրություններին, Սամսոնյանն ասաց․ «Երկկողմանի փոխվստահությամբ»։ Բախշյանի հետ զրուցել չհաջողվեց, ասացին, որ նա Արցախում է։ Մեր տեղեկությամբ՝ «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» կուսակցությունների նորաստեղծ դաշինքը կկոչվի «Լույս»։ Բայց Սամսոնյանը չշտապեց այս մասին տեղեկություն հայտնել՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով, միայն նշեց, որ այսօր երեկոյան ժամը 7-ին կհայտարարեն այդ մասին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X