Կանցլեր Մերկելը չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը․ Bild

Գերմանական Bild պարբերականն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավ-Կովկասյան տուրնեի ընթացքում Հայաստան կատարած այցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բարձր մակարդակի բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, հատկապես ուշադրություն դարձնելով այն իրողությանը, որ վերջինս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը 1915-16 թթ Օսմանյան կայսրության կողմից սպանդի ենթարկված մեկ ու կես միլիոն հայերի մասին, դրանք անվանելով որպես «սարսափելի իրադարձություններ»։

Պարբերականը նշում է, որ այս կերպ կանցլեր Մերկելը փորձել է չհարուցել թուրքական իշխանությունների զայրույթը։ Պարբերականը նաեւ գրել է, որ դեռեւս Բեռլինում Մերկելը նախապատրաստվել էր այս այցին եւ զգուշացրել, որ չափազանց ընդառաջ պետք չէ գնալ հայկական կողմին։ Բուն ասուլիսում հնչած հայտարարությունների մասով էլ հոդվածագիր Ռալֆ Շուլերը նկատել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը «քաղաքական գնահատական է եւ ոչ ամենեւին իրավական»։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը բառացիորեն ասել է հետեւյալը․ «Ես այսօր այցելեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել 1915 թվականին հայերի նկատմամբ եւ այս փաստը չպետք է մոռացության մատնվի»։

Մեկնաբանություն
X