Տհաճ է և տգեղ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականին չի առաջադրվի: Ներքաղաքական կյանքում դա շրջադարձային պահ էր: Կարելի է ասել, որ սկսված է ընտրապայքարը, եւ քաղաքական ուժերն ու առանձին խմբեր արդեն իսկ նախապատրաստվում են 2020 թվականի համապետական՝ նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին: Նոր սահմանադրությամբ՝ դրանք տեղի կունենան միաժամանակ:

Հավելենք նաեւ, որ սահմանադրությունը նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք վերապահում է միայն կուսակցություններին: Տրամաբանական է, որ ընտրություններից մեկուկես տարի առաջ կուսակցությունները փորձում են ճշտել իրենց հնարավորությունները, ինչը դրսեւորվում է նաեւ համապատասխան տեղեկատվա-քարոզչական աշխատանքներով: Արտառոց է, սակայն, որ ի սկզբանե սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում հակաքարոզչություն է սկսվել Ազատ հայրենիք կուսակցության եւ նրա առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ:

Տպավորություն է, որ դա տեղի է ունենում որոշակի քաղաքական պատվերի շրջանակներում: Ազատ հայրենիքը ներկայումս Արցախի ամենաազդեցիկ կուսակցությունն է, Ազգային ժողովում ունի ամենամեծ խմբակցությունը եւ, ըստ տրամաբանության, գալիք համապետական ընտրությունների ֆավորիտն է լինելու: Իհարկե, բացառված չէ, որ լինեն վերադասավորումներ եւ վերադիրքավորումներ, բայց փաստացի իրավիճակի վրա դրանք զգալի ազդեցություն չեն կարող գործել: Այս իրավիճակում անհասկանալի է, թե ու՞մ է պետք Ազատ հայրենիքի դեմ սեւ քարոզչությունը, ո՞վ է պատվիատուն եւ կոնկերտ ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Նախագահի թեկնածու, անշուշտ, կարող է առաջադրել յուրաքանչյուր կուսակցություն: Այդ իրավունքն, ինչպես ասվեց, նրանց տալիս է սահմանադրությունը, բայց տեսական հնարավորությունը մի բան է, գործնական հեղինակությունը եւ քաղաքական ռեսուրսը՝ բոլորովին այլ: Այս իմաստով Ազատ հայրենիքի հնարավորություններն անհամեմատ մեծ են: Կուսակցության կազմակերպվածության եւ ներուժի վրա չի ազդել նրա առաջնորդի՝ Արցախի պետական նախարարի պաշտոնից, հրաժարականը: Եւ, թերեւս, դա էլ լրջորեն անհանգստացնում է մրցակից ուժերին եւ առաձին խմբերին, որոնք չափազանց տհաճ եւ տգեղ հակաքարոզչություն են սկսել Արայիկ Հարությունյանի դեմ:

Պայքարի այդ եղանակն Արցախում երբեք չի կիրառվել, արցախյան հասարակությունը դրան սովոր չէ, այդ ՙ,,կոմպրոմատների պատերազմը,, բացարձակապես հարիր չէ Արցախի քաղաքական մշակույթին եւ ընտրապայքարի ավանդույթներին: Ինչ-որ ուժեր համառորեն ձգտում են ներքաղաքական լարվածություն սադրել: Դա չափազանց վտանգավոր է: Սեւ քարոզչություն սկսելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե արցախյան քաղաքական ուժերը գնային հասարակության հետ բաց երկխոսության: Դա Ազատ հայրենիքի ազդեցությունը հակակշռելու հնարավորություն կտար նրանց: Իսկ ցածրաքարշ հակաքարոզչությունը, թվում է, ունենալու է հակառակ ազդեցություն:

Մեկնաբանություն
X