Արմեն Տեր-Սահակյանը ներման խնդրագիր է ներկայացնում

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, որը կալանավայրում անցկացրել է 22 տարի, բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակն այս մեզ է փոխանցել նրա որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը.

«Հարգարժան պարոն Վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը: Հայաստանում երկար տարիներ օրենքները չէին գործում, այլ ստորադասվել են մաֆիայի կանոններին: Տիրում էին ավազակապետության կանոններ: Անձամբ ես կորցրել էի հավատս արդարության նկատմամբ:

Մահապատիժը մեր երկրում արգելված է, բայց զուտ ձևական: Այն շարունակում է իրականացվել բայց դանդաղ տեմպերով: Ցմահ դատապարտյալները՝ անհույս, սպասում էին մահվան: Պարոն Վարչապետ, Ձեր Թավշյա հեղափոխությունից հետո մենք հույսով ու հավատով ենք լցվել դեպի ձեր անձը, որ երկրում վերջապես արդարություն կհաստատվի: Ինձ դատապարտել են մահապատժի քննիչների ուզած ցուցմունքը չտալու համար: 22 տարի բանտում անցկացնելուց հետո ես մեծ հույսով Ձեզանից ներում եմ խնդրում: Հուսով եմ, որ չեք մերժի իմ ներման խնդրագիրը և չեք թողի, որ բանտում մահանամ, ինչպես մեր ընկերներից շատերը: Իմ ընտանիքի բոլոր անդամները սրտատրոփ սպասում են Ձեր որոշմանը: Հարգանքով՝ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյան»

Մեկնաբանություն
X