Վայոց ձորի դատախազությունը կոծկում է Վայքի հիվանդանոցի մասով քրեական գործը

2017 թվականի օգոստոսի 8-ին Վայքում մահացավ պայմանագրային զինծառայող, բազմազավակ հայր Վահե Մարգարյանը: Դեպքը տեղի էր ունեցել դաշտում: Ծիրանի բերքահավաքի ժամանակ մի երեխան մոտակայքում կայանած տրակտորի ղեկին էր նստել և չկարողանալով կառավարել մեքենան, վրաերթի է ենթարկել զինծառայողին։ Տրակտորի կցանը պոկվել էր, գլորվել էր ու հարվածել էր ծառին: Վահե Մարգարյանը մնացել էր ծառի և կցանի արանքում սեղմված, լուրջ վնասվածքներ էր ստացել որովայնի և ոտքերի շրջանում, արյուն էր կորցրել: Այս գործով քննությունը դեռ շարունակվում է և հետաքրքիր փաստեր է արձանագրել: Պարզվում է, Վահե Մարգարյանի մահը վրա է հասել ոչ թե վթարի ժամանակ ստացված վնասվածքների, այլ Վայքի հիվանդանոցում նրա արյան խմբին չհամապատասխանող արյան ներարկման հետևանքով:

«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ բժիշկները արյունը Վահեին ներարկել են առանց լրացուցիչ ստուգումներ կատարելու: Բուժող բժիշկ Հրաչ Մանուչարյանն առերեսման ժամանակ ասել է, որ կատարվածում իր մեղավորությունը չկա, քանի որ «ինքը ասել է լաբորատորիային, որ ստուգեն արյունը»: Վայքի հիվանդանոցից զինծառայողին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացան, որտեղ էլ նա մահացել էր: «Հրապարակը» մեկ տարի առաջ անդրադարձել էր այս դեպքին: «Սխալ» արյունն այն ժամանակ ընդամենը վարկած էր: Այսօր արդեն այն հաստատել են փորձագետները:

«Եկել է փորձաքննության եզրակացություն, որ ամուսնուս մահը վրա է հասել արյան սխալ փոխներարկումից: Ես որպես տուժողի իրավահաջորդ, ծանոթացել եմ այդ եզրակացությանը», - պատմում է Վահե Մարգարյանի այրին՝ Լուսինե Տոնոյանը: Օրերս դատախազությունն ավարտել է քրեական գործի քննությունը: Անհաջողակ տրակտորավարի՝ Իշխան Դավթյանի, մասով գործը գնացել է դատարան: Սեպտեմբերի 14-ին նշանակված է դատական առաջին նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների խախտման համար /քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով/: Բժիշկների մասով դատախազությունը գործը հետ է ուղարկել: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի դատախազ Նաիրի Սարգսյանը ինչ -ինչ պատճառներով չի ցանկանում դատել զինծառայողին մահվան դուռը հասցրած բժիշկներին: «Մի տարի քննվել է, բոլոր հիմքերը կան բժիշկներին դատելու: Ես ուզում եմ հասկանամ, ինչի այդ գործը դատարան չի գնում», - վրդովովվում է հանգուցյալի այրին: Նա «Հրապարակին» պատմեց, որ մոտ մեկ շաբաթ անց իրեն քննչական կոմիտեից զանգեցին և հայտնեցին, որ «խնդիր կա»:

«Ասեցին, որ դատախազությունից գործը բժիշկների մասով հետ է ուղարկել: Դուռը կիսաբաց էր, ես լսեցի, ոնց էր քննիչը բորբոքված խոսում՝ խեղճ ու կրակ ընտանիք են, ասում էր: ես չհասկացա, ինչ են խոսում, բայց հասկացա, որ բժիկների գործը քննող քննիչը վրդովված է»: Նախաքննության մարմինը գործ էր հարուցել նաև «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը» հոդվածով /Քր. օր-ի 130-րդ հոդված/, սակայն հավանաբար, այն կկարճվի: Սա զարմանալի չէ: Վայքի հիվանդանոցը զինվորականների գործերով իշխանությունների, մասնավորապես զինդատախազության հետ պայմանավորվածությունների և փոխադարձ աջակցումների հարուստ փորձ ուն: Այս մասին վկայում են նաև բանակում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական մի շարք վարույթներ, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են այս հիվանդանոցին: Ի դեպ, հիվանդանոցի տնօրենը հակված չի շփվելու մամուլի հետ: Նա մի անգամ մեզ արդեն մերժել է պարզաբանումներ տալ Վահե Մարգարյանի գործով: Այս անգամ ևս հիվանդանոցի բուժանձնակազմի հետ կապվել չհաջողվեց: Ոչ ոք հեռախոսին չէր մոտենում: Մենք ակնկալում ենք դատախազության պատասխանը: Վահե Մարգարյանի այրին փաստաբան վարձելու հնարավորություն չունի: Նրա ողջ հույսը Հայաստանի նոր իշխանություններն են, նոր արդարադատությունը: «Ես հավատում եմ, որ արդարությունը պետք է հաղթի, դատախազները պետք է հասկանան, որ էլ չեն կարող քայլել մարդու արժանապատվության վրայով». - ասում է Լուսինե Տոնոյանը: Նա մեծացնում է Վահե Մարգարյանի չորս զավակներին, որոնցից երկուսն իրենն են, իսկ երկուսը՝ սիրելի ամուսնու նախկին կնոջ երեխաներն են, որոնք էլի իրենն են դարձել:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X