Քրեակատարողական ծառայության պետը «Երևան-Կենտրոն» անցագրով է մտնում. ԱԱԾ «պադվալի» բարքերը

ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ապօրինի կառույց է, որի գործունեությունը չի կարգավորվում ՀՀ օրենքներով: Հիմնարկն այս զուտ ձևականորեն է ենթարկվում արդարադատության նախարարին: Իսկ մինչև 2001 թվականը, երբ քրեական պատիժների իրականացման վարչությունը դեռ ոստիկանության ստորաբաժանումներից էր, այն ոստիկանապետին ևս չէր ենթարկվում:

«Երևան-Կենտրոնը» փաստացի միշտ համարվել է ԱԱԾ մի մասը և ղեկավարվել է ԱԱԾ պետի կողմից: Այս դրվածքը պահպանվում է նաև հեղափոխությունից հետո: Ի տարբերություն մյուս կալանավայրերի, այն չի պահպանվում ներքին զորքերի կողմից: Վերադաս մարմնի՝ կալանավայրերի վարչության պետը, կամ որևէ այլ պաշտոնյա, որոնք ազատ ելումուտ ունի ցանկացած քրեակատարողական հիմնարկ, «Երևան-Կենտրոն» մտնում է պարտադիր անցագրով, և այս կարգը չի փոխվել կոմունիստների ժամանակից: Բարքերը նույնպես կոմունիստական են: Կալանավորների համահավասարության սկզբունք է գործում՝ բոլոր խցերը նախատեսված են առավելագույնը 5 հոգու համար: Իհարկե, կան նաև «լյուքս-համարներ»:

Դրանք ընդամենը երկուսն են՝ մեկը 4 հոգու, մյուսը մեկ հոգու համար: Այդ մեկ հոգանոց խցում կալանքը կրելու18 օրվա ընթացքում պահվել է Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նրանից առաջ այստեղ պահվում էր «տուշոնկի» պատմության հերոսը, գեներալ Մանվել Գրիգորյանը: Այս տեղեկությունները մեզ հայտնեց «Երևան-Կենտրոնի» նախկին կալանավորներից մեկը: Արդյոք Քոչարյանի ազատվելուց հետո այդ միակ մեկ-տեղանոց «համարը» ազատ է, թե՞ Մանվել Գրիգորյանին կրկին տեղափոխել են այնտեղ, մեր աղբյուրը չգիտեր: Նա ընդունում է, որ ի տարբերություն մյուս հիմնարկների, այստեղ ավելի խիստ կանոններ են գործում, կաշառքը հսկիչներին արգելված է:

Բանտապահները ԱԱԾ աշխատակիցների վկայական ունեն: Մինչև վերջերս ազատազրկված անձանց անգամ հեռուստացույց նայելն էր արգելված: Նրանք չէին կարող նաև օգտվել հոսանքից և սուրճ ու թեյ եփելու համար սովետական սպիրտայրոցներ էին օգտագործում: Այժմ հոսանքից օգտվելը արգելված չի, բայց բջջային հեռախոսը, ինչ ուզում ես արա, արգելված հաճույք է: Կալանավորներին զբոսանքի են տանում շենքի տանիքում կառուցված հատուկ հրապարակում:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X