Մարիխուանան Հայաստանում օրինականացվել չի կարող

Վրաստանի սահմանադրական դատարանը վերջերս մարիխունայի օգտագործումն օրինական է ճանաչել: Դատարանը քննում էր վրացական «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի և կուսակցության անդամներից Վախթանգ Մեգրելիշվիլիի համատեղ հայցը: Հայցվոր կողմը վիճարկում էր մարիխունայի օգտագործման դեպքում վարչական տուգանքի կիրառումը։ Նրանց հիմնավորմամբ՝ մարիխուանայի օգտագործումը չի սպառնում հանրային շահին, իսկ մարիխուանա օգտագործողներին միայն բարոյական փաստարկներից ելնելով պատժելը հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, հետևաբար՝ Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին: Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ մարիխուանայի օգտագործումն անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է։

Այս որոշմամբ էլ Վրաստանում չեղարկվեց մարիխուանայի օգտագործման համար սահմանված պատիժը։ Երկրում արդեն կարելի է մարիխուանա օգտագործել, բայց արգելվում է գնել կամ պահպանել այն։ Մինչեւ 5 գրամ չորացրած և մինչեւ 10 գրամ չչորացրած մարիխուանա պահելու համար նախատեսված է 500 լարի (մոտ 100 հազար դրամ) վարչական տուգանք։ Մեծ քանակության դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Հայաստանում, սակայն, մարիխուանայի օրինականացման ընթացակարգեր սկսելը կհակասի միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ-ի պարտավորություններին: Բանն այն է, որ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը արգելքներ է սահմանում: Հոդվածում հստակ նշում է, որ «կազմակերպության անդամները համատեղ ջանքեր են գործադրում միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի, հոգեմետ դեղամիջոցների, զենքերի անօրինական շրջանառության դեմ»:

ՀԱՊԿ կանոնադրության հետևումը պարտադիր է անդամ բոլոր երկրների կողմից: Եթե անգամ կազմակերպության որևէ երկիր որոշի «բռնել մարիխունայի օրինականացման ճանապարհը», ապա դա պետք է քննարկվի մյուս բոլոր պետություններում նույնպես՝ այն թույլատրելու համար: Պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Ռուսաստանն էլ մարտական է տրամադրված թմրամիջոցների պայքարի դեմ: Օրինակ՝ Կանադայում մարիխուանայի օրինակացման փորձերին ՌԴ արտգործնախարարությունը կոշտ է արձագանքել. « Կանադայում մարիխուանայի օրինականացման վերաբերյալ «Մեծ յոթնյակի»-ից (G7) սպասում ենք արձագանքների, քանի որ կառուցը բազմիցս հայտարարել է, որ հետևում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին («Թմրանյութերի մասին միացյալ կոնվենցիա»-1961թ.)»,- նշված է ԱԳՆ հաղարդագրության մեջ:

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում ընթացիկ տարվա հունվարի 1-ին օրինականացվեց մարիխուանայի մշակումն ու օգտագործումը բժշկական նպատակներով: Մինչ թմրադիլլերները հաշվարկում են թմրամիջոցի ապօրինի շրջանառությունից ստացված և ստացվելիք միլիոնավոր դոլլարների եկամուտները, որոշման ընդդիմախոսներն ահազանգում են թմրամիջոցների ազդեցության պատճառով վթարների, դժբախտ պատահարների թվի աճի մասին: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշենկոն նշել է, որ իրենց երկրում թմրանյութերի բժշկական շրջանառությունն օրինականացված է միմիայն ծանր վիճակում գտնվող հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Իսկ այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում, ըստ պատգամավորի, նման է «Պանդորայի արկղը» բացելուն:

Մարիխուանան Հայաստանում ներառված է ուժեղ ներգործության թմրամիջոցների ցանկում: Կանեփ, օրինակ, աճում է Հանրապետության ամբողջ տարածքում: Ոստիկանության պարտականություններից է այդպիսի ցանքատարածությունների ոչնչնացումը: Ոստիկանության «Կանեփ-կակաչ» անվանումը ստացած համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-24-ը Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ 2 տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ երեք հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի հիսունհինգ թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ հինգ գրամ մարիխուանա և մեթադոն տեսակի 210 թմրամիջոց:

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկնաբանություն
X