Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն կարող է լինել ԲՀԿ-ն․ Մերուժան

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100-օրյա գործունեությունը։ «Ես այդ գործունեությունը գնահատում եմ բարձր։ Եթե նրա ընդդիմախոսներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի տնտեսական տեսանելի ծրագիր, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնելու, երկիրը հարստացնելու համար պետք է բերել երկրից դուրս եկած գումարները, լցնել բյուջե։ Իսկ դա կնպաստի տնտեսության զարգացմանը։ Ի՞նչ է նշանակում, որ հեռուստաընկերություններն անվերջ թմբկահարում են, թե պետք է առաջին հերթին հայացքն ուղղել տնտեսական ծրագրերին։ Տնտեսական զարգացման առաջին պայմանն է հետ բերել այն գումարները, որոնք երկիրը կեղեքողները տարել են դուրս՝ երկիրը մատնելով աղքատության։ Այսօր անհրաժեշտ է այդ քայլը, իսկ ապագայում էլ կլինեն այլ ծրագրեր։ Մեր բյուջեի կրկնակի չափով, եթե ոչ ավելի, դրսում է հայտնվել։ Եթե դրա մի մասն անգամ հետ բերենք, դա նվաճում է։ Տնտեսության զարգացման ավելի լավ ծրագիր կա՞, քան կորցրած գումարները հետ բերելը։ Սա նաեւ արդարության վերականգնման առաջին պայմանն է»,- արձագանքեց Մերուժանը։

Հետաքրքրվեցինք, թե քաղաքական որ ուժը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմությունը։ Մերուժանի կարծիքով՝ այդ ընդդիմությունը կարող է լինել «Բարգավաճ Հաայստանը», իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրան անդրադառնալը նույնիսկ ծիծաղելի է։ «Քսան տարի նրանք միայն քայքայիչ գործունեություն են ծավալել»,- ՀՀԿ-ի մասին նշեց բանաստեղծը։ Իսկ ընդդիմադիր ճակատ, ըստ նրա, կարող է ստեղծվել նաեւ ՀՅԴ-ի մասնակցությամբ, բայց ոչ ՀՀԿ-ի։ Մերուժանը նկատում է, որ ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն» ՀԸ-ն հաճախ է վերջերս հրավիրում իրավաբանների, այլ ոլորտների մարդկանց, որոնք քննադատում են իշխանությունների քաղաքականությունը։ Բանաստեղծը մասնավորապես նշեց իրավաբան Արթուր Ղազինյանին։ «Նրանք չգիտեն այսօր տնտեսության զարգացման կուլտուրան, մեր պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները։ Փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին, որ ստեղծել է իր երիտասարդական թիմը եւ նրանց միջոցով պայքարում է՝ հետ բերելու մեր ազգային հարստությունը, որը գտնվում է դրսում։ Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանին, ապա նրա զրույցները լսելիս՝ ես մտաբերում եմ Ե․ Չարենցի այն մանկանը, որը մատն ուզում է բերանը տանել, սակայն անպատեհ տեղեր է տանում։ Երկիրը ղեկավարում է նոր կառավարություն, որի անդամները ինտելեկտուալ դպրոցի տղաներ են, որոնք ճիշտ է, ունեն դիլետանտիզմ, անփորձություն, սակայն իրենց մակարդակով ավելի բարձր են, քան նախկին իշխանության ներկայացուցիչները»,-ասաց Մերուժանը։

Մեկնաբանություն
X