Մեծ վտանգ կա, քանի որ Քոչարյան-Սարգսյան, ՀՀԿ-ՀՅԴ ուժերը սկսել են ակտիվանալ

Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի եւ նրանց առաջին համարների ցանկն այլեւս հայտնի է։ «ՔՊ»-ի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը, «ԵԾ» թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Ժառանգության» ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ծառուկյան դաշինքն» առաջին համարով կներկայացնի Նաիրա Զոհրաբյանը, «Ելք»-ի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, ՀՀՇ-ի առաջին համարը՝ Արարատ Զուրաբյանը, «Երեւանի հանրություն» նախաձեռնությունն էլ կգլխավորի Անահիտ Թարխանյանը։ Եվս մեկ կուսակցություն՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որը նախկինում քննարկումներ էր ծավալում այլ կուսակցությունների հետ, հստակեցրեց իր մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ընտրություններին չեն մասնակցելու, բայց հնարավոր է, որ աջակցեն «ՔՊ»-ին։ «Եթե հիշում եք, մեր առաջին նիստին՝ հուլիսի 31-ին, քաղաքական խորհրդի որոշում եղավ, որ եթե հեղափոխության աջակից ուժերը հանդես կգան մեկ թեկնածուով, ապա մենք կմասնակցենք, եթե ոչ, ուրեմն մեր որոշումը միանշանակ է, որ մենք չենք մասնակցի։ Հեղափոխության աջակից ուժերը հայտնի են, եւ եթե իրենք առանձին-առանձին են գնում, ուրեմն մենք մնում ենք մեր որոշմանը, որ ակտիվ մասնակցություն չենք ունենում։ Օգոստոսի 19-ի քաղխորհրդի նիստին որոշվեց, որ հեղափոխության աջակից ուժերը՝ «Ժառանգությունը», Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը եւ էլի տարբեր ուղղություններով այդ աջակից ուժերն առանձին են գնում, մենք որոշեցինք ակտիվ չմասնակցել, բայց կուսակցության քաղխորհրդի կողմից առաջարկություններ եղան՝ հաշվի առնելով, որ 2006 թվականից մեր կուսակցությունը գործընկերային մասնակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանն «Իմպիչմենտի» ցուցակով մասնակցել է 2007 թվականի ընտրություններին, առաջարկություն եղավ աջակցել «ՔՊ»-ի թեկնածուին։ Բայց այդ առաջարկությունը դեռեւս քննարկման փուլում է, վերջնական որոշում մենք չունենք։ Առաջիկա 3-4 օրվա ընթացքում վերջնական որոշում կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

- Մեր նախորդ զրույցում Դուք ասացիք, որ տարբեր կուսակցությունների ու ՀԿ-ների հետ եք բանակցում, այդ կուսակցություններն ի՞նչ են որոշել։

-Իրենք մասնակցում են։ Մենք առաջարկել ենք, որ փոխզիջում լինի, համախմբվեն մեկ թեկնածուի շուրջ, որպեսզի որոշակի իրական մրցակցային դաշտ լինի, հատկապես հեղափոխությանն աջակից ուժերի եւ հեղափոխության լիդերի՝ «ՔՊ»-ի միջեւ։ Բայց դա մեր գործընկեր կուսակցությունների կողմից լսելի չեղավ, դրա համար մենք որոշել ենք, որ ինչպիսին եղել է մեր նախնական որոշումը, այն մնում է ուժի մեջ։ Նախաձեռնությունը մեր կողմից էր, քննարկում էինք «Ժառանգության», Անահիտ Թարխանյանի, Աշոտ Մանուչարյանի, Հիմնադիր խորհրդարանի հետ եւ այլն։ Այսինքն՝ այն ուժերը, որոնք հեղափոխությանն աջակցել են, այդ ուժերի հետ է եղել քննարկումը։

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ կա՛մ պետք է մյուս ուժերի հետ մասնակցեք, կա՛մ պետք է չմասնակցեք ընտրություններին։

-20 տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ հիմա հեղափոխության էյֆորիան շատ բարձր է, Նիկոլ Փաշինյանի «ՔՊ»-ն աջակցություն կունենա հանրության կողմից, որպեսզի գոնե 2-րդ ուժ դառնան հեղափոխությանն աջակցած այս կուսակցությունները, համախմբում պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում կտարրալուծվի, ամեն մեկը որոշակի տոկոս կհավաքի, բայց ոչ մի արդյունք չի լինի։

- Այսինքն՝ Դուք ցանկանում էիք քաղաքական ընդդիմությո՞ւն լինել «ՔՊ»-ին։

-Քանի հեղափոխության վերջնական հաղթանակը չի եղել, մենք չենք կարող ընդդիմություն լինել, որովհետեւ լուրջ վտանգներ կան, դրա համար մենք ցանկանում էինք ստեղծել հեղափոխությունը ներկայացնող այլընտրանքային ուժերի համախմբում։ Քանի դեռ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել, եւ Ռոբերտ Քոչարյանի այս ռեւանշիստական նկրտումների հարցը չի լուծվել, ընդդիմություն լինելու մասին խոսելն անիմաստ է։

- Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ քաղաքականություն վերադառնալու մասին, Ձե՞զ էլ է մտահոգել։

-Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ է ասել, որ այդ խնդիրը լուծելու համար մի հատ դուրս գա փողոց, ժողովրդին հարցնի։ Պարզ է, որ նա որեւէ աջակցություն չունի, աջակցություն ունի բանդայի կողմից, կրիմինալ դեմքերը մտածում են, որ հեղափոխությունը վաղ թե ուշ կհասնի իրենց, որոշել են աջակցել հանցագործ պարագլխին, քանի որ իրենց փրկությունը տեսնում են դրա մեջ։ Բայց այստեղ մի բան կա․ եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց իշխանությունը պահելու համար Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 արեցին, ապա հիմա իրենց ազատությունն ու գողացված ունեցվածքը պահելու համար ինչի՞ ընդունակ չեն։

- Գուցե, օրինակ, աջակցեիք «Ժառանգությանը» եւ նրանց հետ, հավաքելով բավականաչափ քվե, ապահովեի՞ք «ՔՊ»-ի այլընտրանքը։

-Այստեղ նաեւ մարդկային գործոն կա, 2006 թվականից համագործակցությունը Փաշինյանի հետ է եղել, եւ այսօր մեծ վտանգ կա, քանի որ Քոչարյան-Սարգսյան, ՀՀԿ-ՀՅԴ ուժերը սկսել են ակտիվանալ, եւ մենք, ունենալով երկարամյա քաղաքական փորձ ու հոտառություն, վտանգ ենք տեսնում եւ ասում ենք, որ այս պարագայում ճիշտ կլինի աջակցել հեղափոխության անմիջական կրող ուժին՝ «ՔՊ»-ին, Նիկոլ Փաշինյանին։ Բայց քանի որ էնտեղ մասնակցում են նաեւ հեղափոխությանն աջակից մեր գործընկեր կուսակցությունները, այդ իսկ պատճառով անձամբ ես այդ քննարկման շարունակությունն եմ խնդրել՝ տարածքային կազմակերպությունների մասնակցությամբ, որպեսզի որոշումը շատ հստակ ու օբյեկտիվ լինի։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X