Ինչո՞ւ կառավարությունը չի հաստատում 7 նորահայտ հուշարձանների ցանկը

Հարցազրույց ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ

- Պարոն Բալյան, մոտ մեկ ամիս առաջ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց 7 կառույց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն, որոնց թվում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Այրարատ» (նախկինում՝ «Ռոսիա») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, մի փոքր ուշացած չէ՞ր, հատկապես որ տարիների ընթացքում վերը նշված կառույցները հասցրել են փոփոխություններ կրել։

-Լավ է, որ տեղի ունեցավ, որովհետեւ կարեւոր նախաձեռնություն էր։ Սա մշակութային, հասարակական քայլ լինելուց բացի, նաեւ քաղաքական քայլ էր։ Մենք գիտենք, որ հուշարձանների ցուցակը 2000-ականների սկզբին կրճատվեց, եւ ի՞նչ եղավ՝ քանդվեց պատմական շերտը։ Քանդվեցին հուշարձաններ, որոնք արժեք ունեին։ Հիմա ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մինչ այսօր կառավարությունը չի հաստատել այդ 7 հուշարձանների ցուցակը, որոնցից առնվազն մեկը՝ «Զվարթնոցը», կարեւորագույն խնդիր ունի, քանի որ այն դատապարտված է քանդման։ Այստեղ տարիների պայքար է մղվել այն պահպանելու համար, եւ մասամբ քանդվելուց հետո, այնուամենայնիվ, դեռ կա, չնայած հայտարարվում է, որ պետք է քանդվի։ Մոդեռնիստական կառույցների պահպանումը եւ վերակառուցումը բարդ խնդիր է, բայց դա շատ կարեւոր հարց է անգամ քաղաքական իմաստով։

- Ի դեպ, տարբեր խոսակցություններ են շրջանառվում, թե նոր ներդրող է հայտնվել «Զվարթնոցի» համար, ով ցանկանում է հին մասնաշենքի վրա ներդրումներ անել։ Գուցե դա՞ է պատճառը, որ կառավարությունը հապաղում է։

-Ես չեմ լսել դրա մասին, եթե հուշարձան հայտարարվի, այն պետք է պահպանվի, բայց մենք պետք է ճկուն մոտեցում որդեգրենք հուշարձանների հանդեպ։ Մարդկանց թվում է՝ եթե օդանավակայանը հայտարարվեց հուշարձան, ուրեմն պետք է մտնեն, այդ դատարակ տարածքներում պտտվեն ու հիանան։ Այդպես չի լինի, դա պետք է գործի։ Ավելին, եթե մենք սկսում ենք պնդել, որ դա պետք է աշխատի որպես օդանավակայան, մենք այն դատապարտում ենք քանդման, քանի որ այն այլեւս չի կարող աշխատել որպես օդանավակայան։ «Զվարթնոցի» համար պետք է գտնել ժամանակակից հետաքրքիր մի նոր ֆունկցիա, բովանդակություն։

- Նախարարությունն ասում է, որ ինքը միայն արժեւորել է, ինչը դեռ չի նշանակում, որ վերականգնվելու է այդ հուշարձանների նախկին տեսքը։ Ստացվում է՝ պետությունը ոչ մի իրավունք չունի սեփականատիրոջ ձեռքը բռնելու։

-Տարբեր բանաձեւեր կան այդ խնդրի համար, օրինակ՝ եվրոպական երկրներում հուշարձան-կառույցը տրվում է սեփականատիրոջն այն պայմանով, որ նա դա ոչ միայն պահպանի, այլ նաեւ վերակենդանացնի։ Կարծեմ, դա հիմա արվում է նույնիսկ մերձբալթյան հանրապետություններում, իսկ Գերմանիայում դա ընդունված պրակտիկա է։

- Դա՝ Եվրոպայում, իսկ մեզ մո՞տ։

-Եթե մենք ուզում ենք պահպանենք, ուրեմն ինչ-որ բան պետք է սահմանափակենք։ Ձեր ասած պրակտիկան արդեն գործում էր 20 տարուց ավելի, այդ պրակտիկան էր, որ թույլ չէր տալիս սեփականատիրոջն ինչ-որ մի բանով սահմանափակել։ Օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնը, որը, իմ կարծիքով, կարող է աշխատել որպես կինոթատրոն, սեփականատերը հնարավոր է այդ կարծիքը չի կիսում։ Այդ բոլոր հուշարձանները ժամանակին հանվել են ցուցակից եւ վաճառվել են ոչ որպես հուշարձան, հակառակ դեպքում այդ մարդիկ գուցե չգնեին այդ կառույցները, եւ նրանց դա չհետաքրքրեր։ Հիմա մենք նորից այդ անիվը պտտում ենք հետ եւ ասում ենք՝ սա հուշարձան է։ Եթե մենք ուզում ենք պահպանել, պետք է մի բան անենք, այլ կերպ ո՞նց կլինի։

Եթե մինչեւ ապրիլ մենք բարձրաձայնում էինք այդ խնդիրները, եւ մեզ ոչ մի լսող չկար, ապա դրանից հետո մենք ու կառավարությունը կարծես մի լեզվով ենք խոսում։ Հիմա կառավարությունից սպասում ենք այդ քայլերը։ Այո, դրանք ցավոտ քայլեր են թե՛ սեփականատերերի, թե՛ պետության համար՝ տնտեսական իմաստով, բայց դրանք չափազանց կարեւոր են նաեւ իմիջի համար։ 3-րդ՝ այսինքն, նախորդ հանրապետության դեմքը հետադիմական էր՝ ստալինյան ոճով արտահայտված ճարտարապետությամբ։ Հիմա մենք փոխել ենք մեր դիրքորոշումը եւ ուզում ենք, որ ժողովրդավարություն լինի։ Իսկ ինչո՞ւ էին այդ մոդեռնիստական կառույցները քանդում, որովհետեւ դրանք առաջ տանող, միտքը սլացնող շինություններ են։

- Պետությունն այսօր ունի՞ այն գործիքները, իրավասությունները, որպեսզի սեփականատիրոջը պարտադրի որեւէ փոփոխություն չանել հուշարձանի հետ կապված եւ նպատակային օգտագործել այդ կառույցները։

-Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա՝ չունի… եթե այդպես է, ուրեմն մենք ավելորդ ենք խոսում այս ամենի մասին, ուրեմն այս կառույցները կքանդվեն։ Ես նաեւ ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ է ձեռնտու ունենալ այդքան մեծ շինություններ եւ դրանք քանդել, զուտ տնտեսական իմաստով դա ձեռնտո՞ւ է։ Օրինակ, «Զվարթնոցը» մինիմալ շանսեր ունի աշխատելու որպես օդանավակայան, բայց կարելի է ճարտարապետական միջազգային մրցույթ հայտարարել նրա օգտագործման համար, եւ կարող ենք շատ հետաքրքիր լուծումներ ունենալ։

- ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով: Ինչպե՞ս եք սա գնահատում։

-Դա շատ լավ է, թող լինի, բայց գիտե՞ք ինչ բարդ հարցեր է առաջ դնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ՝ Նորավանքը չմտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ, քանի որ այնտեղ մի փոքրիկ շինություն էին կառուցել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները շատ խիստ են եւ պահպանողական, նաեւ՝ ռեստավրացիայի նկատմամբ։ Մենք հիմա անընդհատ խոսում ենք պահպանման մասին, բայց չենք խոսում այն կառույցների մասին, որոնք խաթարեցին ամբողջ Երեւանի կերպարը եւ ոչնչացրեցին միջավայրը։ Օրինակ, բացառվում է Հանրապետության հրապարակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ ընդգրկել, որովհետեւ միջավայրն այնպիսի կառույցներով է շրջապատվել, որոնք վերացրել են հրապարակի ամբողջականությունը։ Պետք չէ դրա համար մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, թե դեպի Շահումյան հրապարակ ինչ կառույցներ են արվել, դեպի գլխավոր պողոտա՝ ինչեր։ Սրանք պետք է նաեւ հակահուշարձաններ հայտարարվեն, որոնք նախ փչացրել են քաղաքի պատկերը եւ մեզնից խլել են Երեւանը։ Այս կառույցները խոշոր քաղաքաշինական սխալների հետեւանք են, ընդ որում՝ 1-2-ը չեն։

- Այսինքն՝ հարակից նորակառույցները շանս չեն թողել, որ, օրինակ, Հանրապետության հրապարակը երբեւէ մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

-Իհարկե, չեն թողնում, հետո՝ անկախ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, մենք ենք այստեղ ապրում, սա մեր քաղաքն է։ Այսօր պետությունը չի կարող ասել՝ եկեք այս մի քանի շենքն ամբողջովին վերացնենք, որոնք ամբողջ պատկերը խաթարել են, բայց գոնե պետք է հայտարարվի, ասվի եւ թեկուզ ասվի էլ, մենք մեկ օրվա կամ մեկ տարվա մեջ չենք կարող դրան հասնել, դրանք մեր նպատակներն են, եւ առաջին հերթին հենց նպատակը պետք է ձեւակերպվի։ Այս 7 հուշարձանների կարգավիճակի փոփոխությունը կարծես ստոպի ազդանշան եղավ՝ այլեւս չենք քանդում, որովհետեւ սրանք հուշարձաններ են։ Եթե սա հուշարձան է, ուրեմն քանդման ենթակա չէ։ Բայց եթե մենք դա մերժենք, ուրեմն այդ ալիքը կրկնակի ուժով կսկսվի եւ կշարունակվի։

- Ասացիք՝ նոր իշխանությունները գտան այդ քաղաքական կամքը եւ 7 հուշարձաններին տվեցին նորահայտի կարգավիճակ, ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները դարձյալ կունենա՞ն այդ քաղաքական կամքը դրանք ամրագրելու՝ հաստատելու համար։

-Համոզված եմ, որ կունենան, քանի որ առաջին քայլն անելուց հետո հասարակությունն ինքը կօգնի կառավարությանը, որպեսզի այդ քայլն արվի։

ՀԳՄշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, փորձագիտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը դեռ չի հաստատել 7 հուշարձանների կարգավիճակը, եւ փաստաթուղթը դեռ շրջանառության մեջ է։ Աբրոյանն ընդգծեց՝ գործընթացը չի ուշանում, պարզապես պետք է շահագրգիռ մարմիններից կարծիք ստանան, որից հետո ուղարկեն կառավարության հաստատմանը․ «Սա գործընթաց է, եւ շտապելու կարիք չկա, կարծում եմ՝ նորահայտ կարգավիճակն արդեն բավարար է պահպանությունը ֆիքսելու համար։ Դրա մասին տեղեկացված է նաեւ քաղաքապետարանը, որ հուշարձանն իր նույն կարգավիճակով պետք է պահպանվի, մինչեւ հուշարձանի հաստատումը։ Այս պահին անհանգստանալու կարիք չկա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X