Նարեկ Բաբայանը չի շտապում բացահայտումներ ներկայացնել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման կոմիտեի (նախկինում՝ վարչություն) նորանշանակ ղեկավար Նարեկ Բաբայանը դեռ չի շտապում հանրությանն ուրախացնել իր կառույցում իրականացրած բացահայտումներով, կատարած աշխատանքի արդյունքներով։ Բայց հաստատում է՝ նախկինում այս կառույցում, բնականաբար, կոռուպցիոն ռիսկեր եղել են, բայց դրանց վերաբերյալ ինչ բացահայտումներ որ հիմա կան, Բաբայանը չի ցանկանում առայժմ հրապարակել՝ մտածելով, որ կարող է դա նախաքննության գաղտնիք լինել։

- Բայց Ձեր կոլեգաները շտապում են բացահայտումներ ներկայացնել։

-Ես չեմ շտապում, որովհետեւ կարեւորը, ի վերջո, այդ գործը կատարելն է եւ ոչ թե ուղղակի շտապել հայտարարել։ Ամեն ինչ իր հերթին կլինի։ Ուսումնասիրությունների ծավալը շատ մեծ է, եւ դեռեւս դա է պատճառը, որ բավականին դանդաղ է առաջ գնում, քանի որ բնականոն աշխատանքը մյուս կողմից ստիպում է, որ ժամանակի մեծ մասը տրամադրվի օրվա ընթացիկ աշխատանքներին։ Այս պահի դրությամբ՝ համենայնդեպս, իմ նշանակումից հետո, մարդկային ֆակտորով պայմանավորված՝ կոռուպցիոն ռիսկերը, իհարկե, բացակայում են, բայց նախկինում եղած շատ ու շատ դեպքերի վերաբերյալ ասում եմ, որ շատ լուրջ ուսումնասիրությունների կարիք կա։

- Եթե թեկուզ անվանական չկոնկրետացնենք, կարո՞ղ եք, ամեն դեպքում, ասել, թե ինչ տեսակի կոռուպցիոն դսրեւորումներ եք հայտնաբերել։

-Ուրեմն տեսեք․ շատ գույքեր օտարվել են, օտարվել են կառավարության որոշմամբ, եւ այդ կառավարության որոշման համար, իհարկե, հստակ չափորոշիչներ չեն եղել նախատեսված՝ որ դեպքում ինչ գնով կարելի է վաճառել, եւ բավականին մեծ հնարավորություն է ունեցել կառավարությունը՝ էժան գնով վաճառել։ Եվ, ցավոք սրտի, հենց այդպես էլ արել է։

- Կա՞ն հայտնի անուններ, որոնք այդ ճանապարհով էժան գներով տեր են դարձել պետական գույքի։

-Էն, ինչի որ տեր են դարձել, դրանց մասին մամուլը շատ ավելի շատ ինֆորմացիա ունի, որ տարիներ շարունակ գրվել է մամուլում։ Խոսքը, իհարկե, հիմնականում 2000-ականներին սեփականաշնորհված կամ տարված գույքի մասին է։ Այսինքն՝ սեփականատերերը հայտնի են։ Այստեղ կարեւոր է պարզել, թե ինչ խախտումների շնորհիվ են էդ որոշումները կայացվել։

- Այսինքն՝ հնարավո՞ր է պարզել, թե, օրինակ, 15 տարի առաջ որեւէ նախարար ինչպես է տեր դարձել որեւէ պետական շենք-շինության, եւ դա նորից հետ վերադարձվի պետությանը։

-Այո, հնարավոր է, սակայն հազարավոր գործարքների մասին ենք խոսում, դրանցից ամեն մեկը ենթադրում է ծավալուն թղթապանակ, հատորներ նույնիսկ, եւ էդ ամեն ինչի ուսումնասիրության արդյունքում են բացահայտվում խախտումները։ Շատ ժամանակ խախտումները նաեւ առերեւույթ թղթաբանությամբ չեն բացահայտվում։ Էստեղ կա արդեն նաեւ քաղաքական կողմը, երբ որ քաղաքական որոշում է կայացվել, եւ ուղղակի էժան գնով վաճառվել է։

- Հիմա Դուք Ձեր առջեւ ի՞նչ նպատակ եք դրել։

-Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել բացահայտել, բայց ասում եմ, որ դա շատ երկարատեւ պրոցես է, որովհետեւ 25 տարվա արածն ամիսներով հնարավոր չէ։

- Բայց կառավարությունը՝ վարչապետի մակարդակով, իր առջեւ դրել է բացահայտել, օրինակ, տասը տարվա վաղեմության Մարտի 1-ի դեպքը եւ այդ հարցում արդեն կոնկրետ քայլեր արել է։ Կարծում եմ՝ ձեր դեպքում էլ է հնարավոր գոնե մեկ-երկու դեպք ներկայացնել։

-Առաջիկայում կներկայացվեն։

- Պետգույքի կառավարման կոմիտեն գտնվում է «Հանարդնախագծի» շենքի հարեւանությամբ։ Այդ շենքը պատկանում է նախկին նախարար, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին, ով այն ժամանակին պետությունից սեփականաշնորհել է եւ հիմա վարձով է տալիս պետությանը։ Հնարավո՞ր է գոնե այս հարցում ուսումնասիրություն կատարել, թե ինչ ճանապարհով է այդ շենքը հայտնվել նրա ձեռքում։

-Իհարկե, կան դեպքեր, որոնք ընտրողաբար, առանձին վերցրած ինչ-որ ուսումնասիրություններ են արվում։ Բայց եթե համակարգված մոտենանք, ճիշտ է վերցնել տարի-տարի, այլ ոչ թե կոնկրետ այս կամ այն գույքը եւ ուսումնասիրել։ Իսկ կոնկրետ «Հանարդնախագծի» շենքը վերաբերում է 2000-ականներին։ Էս իմաստով, այսինքն, մենք կարող ենք շատ-շատ ուրիշ շենքերի օրինակներն էլ դիտարկել, հետեւաբար՝ տարբերություն դնել մեկի եւ մյուսի, ես իմաստը չեմ տեսնում։

- Ե՞րբ սպասենք կոնկրետ արդյունքի։ Հանրությունը սպասում է այդ արդյունքներին։

-Ես գիտեմ, որ սպասում է, ես՝ ինքս, որպես հանրության եւ նախկին քաղակտիվի ներկայացուցիչ, բնականաբար, հասկանում եմ եւ ինքս էլ սպասում եմ, սակայն ասում եմ՝ ես չեմ շտապում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X