Առաջվա պես չի լինելու, որ ճնշեն, ասեն էսքան ձայն բերեք. Վարդան Թովմասյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Կոտայքի մարզի բոլոր համատիրությունների ղեկավարներին: Հանդիպման ժամանակ մարզպետը իր մտահոգությունն է հայտնել՝ կապված 2 հիմնական խնդիրի հետ. «Համատիրությունները պետք է գործունեության բովանդակային փոփոխություններ կատարեն, այլապես կարող ենք կանգնել փաստի առաջ, որ նրանց գոյությունն անօգուտ է: Այս կառույցը շահույթ չհետապնդող է, որը մեկ խողովակով պետք է կապի քաղաքացուն ՏԻՄ-ի ու ծառայություն մատուցող մի շարք կառույցների միջև: Սա ուղղորդող մարմին չէ, որ քաղաքացուն ասի՝ դիմե՛ք այս կառույցին, դիմե՜ք այն կառույցին, սա միջնորդ օղակ է, որը պետք է թեթևացնի քաղաքացու հոգսը՝ խնդիրները լուծելու ճանապարհի համատիրությունների ապաքաղաքականացումն է: Երկրորդը՝ համատիրության լիազորությունների չարաշահմամբ՝ քաղաքական որևէ շահի սպասարկելը հակադարձվելու է խստագույնս՝ օրենքի պահանջներին համապատասխան: Ինչպես պետական կառավարման մարմիններում, այնպես էլ համատիրություններում, աշխատանքը պետք է միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն»,-հանդիպման ժամանակ նշել է մարզպետը:

Իսկ կոտայքցիներին մարզպետը հորդորել է, որ կատարեն վճարումները և հանդես գան պայմանագրով սահմանված գործառույթների իրականացման պահանջով՝ հավելելով, որ դա փոխգործակցության միակ արդյունավետ ճանապարհն է, այլ կերպ խնդիրների լուծման ճանապարհին կբախվենք լուրջ խոչընդոտների: Համատիրության նախագահները մեզ հետ զրույցում նշում էին՝ նախկինում այս պրակտիկան չի եղել, նրանք առաջին անգամ է, որ մարզպետի հետ հանդիպում են, որը շատ կարեւոր է համայնքի հետ կապված խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար.

«Համատիրությունները պետք է աշխատեն բնակիչների հետ, սպասարկման ոլորտը պետք է ավելի ակտիվացնեն: Ընդանուր առմամբ խնդիրներ էին քննարկվում հանդիպման ժամանակ: Մենք էլ հարցեր տվեցինք՝ օրինակ, որ կարելի է վերանայել համատիրությունների մասին օրենքը: Սակագների հետ կապված անդամավճարները քիչ է, մենք այդ գումարներով չենք կարողանում անել աշխատանքներ կատարել: Ազգաբնակչության 50%-ը դրսում է՝ փակ են բնակարաների դռները: Պայմանավորվեցինք, որ հաճախակի հանդիպում լինի, հարցերին փորձենք լուծումներ գտնել»,-մեզ հետ զրույցում ասաց «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանը:

«Նարեկ» համատիրության նախագահ Վարդան Թովմասյանն էլ նշեց, որ բացի խնդիրներից՝ խոսվեց այն մասին, որ համատիրությունները չզբաղվեն քաղաքականությամբ. «Առաջին անգամ ենք մարզպետի հետ հանդիպում, շատ ողջունելի քայլ էր: Նախկինում ոչ մի մարզպետի հետ հանդիպում չենք ունեցել, բացի խնդիրներից, քննարկվեց նաեւ, որ մենք հեռու մնանք ընտրություններից»:

Ինչ- որ եղել է ՀՀԿ-ի ժամանակ, համատիրությունները շտաբ են եղել, ցուցակ ա եղել, որ էսքան ձայն բերեք: Մարզպետը պարզ ասաց, որ եթե մի համատիրության նախագահ համատիրությունը շտաբ է սարքել, իրարից չնեղանանք: Բոլորս էլ համամիտ ենք իր հետ»:

-Պարո´ն Թովմասյան, հոկտեմբերին Հրազդան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որեւէ ուժին չեք սատարելո՞ւ:

-Ոչ մեկին չենք սատարելու, թող արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն: Մարդը ումը կուզի, կընտրի: Առաջվա պես չի լինելու, որ ճնշեն, ասեն էսքան ձայն պետք է բերես: Հիմա էդպես բան չի լինի, արժանավոր մարդը թող ընտրվի:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X