Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ՀՀԿ-ի նշանակած հանձնաժողովների անդամների վարքագիծը երաշխավորել (տեսանյութ)

Այսօր նախկին քաղբանտարկյալ, Հայ կառուցողական կուսակցության առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև բողոքի ակցիա անցկացրեց։ Նրա համախոհները ԿԸՀ-ի շենքի դռներին փակցրին զանազան բովանդակությամբ պաստառներ՝ «Մուկուչյան՝ հանցագործ», «Մուկուչյան՝ ըտնրակեղծարար», «Կանեփ ընդունած հանձնաժողով» և այլն, իսկ պահանջը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականն էր։ Անդրես Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ներկայիս ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը նախևառաջ ազդակ կլինի միջազգային հանրությանը, որ Հայաստանի ըտրական գործընթացների տիրույթում ոչինչ չի փոխվել, և դա բացասական հետևանքներ կունենա․

«Մենք գտնում ենք, որ ազատ և արդար ընտրությունների խնդիրը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է, և , բնականաբար, այն հին կազմը, որը եղել է ընտրական համակարգում, չի կարող այսօր գործել և չի կարող ղեկավարել ընտրությունների անցկացումը։ Այսօրվա ընտրական համակարգը գործող օրենքով, ըստ էության, լինելու է ՀՀԿ-ի կողմից ձևավորված ընտրական համակարգ, որովհետև խորհրդարանական խմբակցություններն են ձևավորում ընտրատեղամասային հանձնաժողովները, և ԿԸՀ-ն 2016 թվականին, ըստ էության, ՀՀԿ-ի կողմից նշանակած հանձնաժողով է։ Կարելի է ասել, որ եթե նման կազմով ընտրությունները անցնեն, առաջին հերթին քաղաքական իմաստով մեսիջ կլինի ողջ աշխարհին, որ Հայսատանում ընտրական գործընթացների տիրույթում բան չի փոխվել, և սա շատ լուրջ բացասական անդրադարձ կարող է ունենալ մեր երկրի համար՝ թե՛ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի ճանաչման, թե՛ մեր տնտեսական զարգացման վրա։ Այսինքն՝ այս խնդիրը ինչ-որ զուտ նեղ քաղաքական հարց չէ, սա իսկապես լրջագույն խնդիր է, որը որ հեղափոխության կարևորագույն հարցերից մեկն է։ Ազատ և արդար ընտրությունների հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական պայմաններ, այդ պայմաններից գլխավորը ընտրական համակարգի նկատմամբ վստահությունն է, դրա համար փորձում են ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել, բայց օրենսդրական փոփոխություններից բացի պետք է նաև մարդիկ փոփոխվեն։ Այն մարդիկ, ովքեր այս ողջ տարիների ընթացքում կեղծել են ընտրական պրոցեսները, բնականաբար, չեն կարող մնալ և շարունակել իրենց գործունեությունը»։

Ներկայիս իշխանության նախահեղափոխական ծրագրի կետերից էր արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, Ղուկասյանին հարցրինք, թե նոր իշխանությունների երաշխիքները, որ իրենք աշխատելու են բացառել որևէ տեսակի միջամտությունը ընտրական գործընթացներին, չեն բավարարո՞ւմ իրենց․

«Ո՞վ պետք է այս հարցը բարձրացնի։ Ինչպես և դատական համակարգը , ընտրական համակարգը Հայաստանում անկախ է, և այդ առումով կառավարությունը կարող է երաշխավորել, որ իրավապահ մարմինները հետևողական են լինելու ընտրական գործընթացների նկատմամբ, որը, իհարկե, չի կարող բավարար լինել, որովհետև 480 ընտրական հանձնաժողովներից կեսը ղեկավարելու են Հանրապետական կուսակցության կողմից նշանակված անդամներ, ո՞վ կարող է երաշխավորել իրենց վարքագիծը, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ՀՀԿ-ի նշանակած հանձնաժողովների անդամների վարքագիծը երաշխավորել։ Եթե կարող է, ուրեմն պետք է մեխանիզմները հասկանանք, ի՞նչ մեխանիզմների միջոցով դա պետք է արվի։ Պարզ է, որ ժամանակավոր կառավարությունը ժողովրդից հենց այդ մանդատն է ստացել՝ կազմակերպելու ազատ, արդար ընտրություններ, բայց պետք է մեծագույն ջանքեր գործադրի, որ այդ պայմանները ստեղծի, բա դա հո միայն հայտարարություններո՞վ չէ։ Ինչպե՞ս պետք է մի կուսակցություն երաշխավորի, թե հակառակորդ կուսակցությունը, որը այսօր մեր՝ բոլորիս կողմից դիտարկվում է որպես հակահեղափոխական ուժ, ինչ վարք կդրսևորի»։

Հարցրինք նաև, թե այն մշտական զրույցները, ըստ որոնց՝ Հայաստանում տարիներ շարունակ ընտրությունները կեղծվել են, անմիջականորեն Մուկուչյանի անձի՞ հետ է կապված, և նրա հրաժարականը արդյոք կբացառի՞ հետագայում նման ռիսկերը․

«Հայաստանում 90 թվականի ընտրությունների մասնակցել է 1 մլն 200 հազր մարդ, իսկ 2017 թվականին, ըստ ընտրությունների արդյունքների, համարյա 1 մլն 600 հազար մարդ՝ 400 հազար մարդով ավելի։ Հիմա մեր ժողովուրդը պետք է ասի՝ սուտ է, որ Հայաստանից կա արտագաղթ, ոչ մի արտագաղթ չկա, դա սուտ է, և ճիշտ է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիների թիվը աճել է 400 հազարով, կամ մենք պետք է ընդունենք, որ մեր երկրում ընտրողների թիվը չի կարող լինել 1 մլն 600 հազար, և այստեղ կա խաբեություն։ Այդ խաբեությունը վերջին անգամ տեղի է ունեցել անցյալ տարի, և այստեղ հարց՝ ինչպե՞ս կարող է 400 հազարով ավելի մարդ գալ, մասնակցել ընտրություններին, եթե իրենք չկան։ Այսպիսի խախտումները կարող են տեղի ունենալ միայն հանձնաժողովների ներսում գտնվող անդամների մասնակցությամբ։ Հիմա եթե ներկայիս կառավարությունը ասում է, որ բացահայտել են նախկինում նման սխեմաները և հիմա էլ չեն լինի, թող բաց ասվի այդ մասին, հանձնաժողովի անդամները ենթարկվեն համապատասխան պատասխանատվության, իրենք չեն կարող շարունակել պաշտոնավարել։ Եթե նման բան չի ասվում, ուրեմն այստեղ առնվազն կա խնդիր»։

ԿԸՀ նախագահի հրաժարականի դեպքում ԱԺ-ն 30-օրյա ժամկետում պետք է թեկնածու առաջադրի, սակայն ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը ՀՀԿ-ինն է։ Ղուկասյանի պնդմամբ՝ Փաշինյանի կառավարությունը լծակներ ունի ԱԺ-ում հարցեր դնելու և այդ հարցերը անցկացնելու․

«Այո, սակայն նրանք այսօր ենթարկվում են ժամանակավոր կառավարության առաջարկներին և իրականացնում են իրենց ասածները, մենք դա տեսանք տարբեր օրինակներով։ Այսինքն՝ ժամանակավոր կառավարությունը լծակ ունի ԱԺ-ում հարցեր դնել և անցկացնել այդ հարցերը, ուստի այս հարցը նույնպես այն տիրույթում է, որ կարող է կարգավորվել այսօրվա քաղաքական ինչ-որ բանաձևերով»։

Իսկ թե խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող իշխանության ներկայացուցիչը կվայելի՞ Ղուկասյանի վստահությունը, նրա խոսքով՝ դա առաջին հերթին կախված է հանրային գնահատականից։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X